ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի՝ օրերս տարածած հայտարարությանը ոչ բոլոր բարձրաստիճան սպաներն են միացել:
Հիշեցնենք, որ Գլխավոր շտաբի գրեթե ողջ ղեկավար կազմը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի հրաժարականը, որից հետո վարչապետը հայտարարեց, որ սա համարում է ռազմական հեղաշրջման փորձ եւ կոչ արեց աջակիցներին հավաքվել Հանրապետության հրապարակում:
Ուսումնասիրելով ԳՇ բարձրաստիճան սպաների կազմը՝ պարզեցինք, որ հայտարարությանը չի միացել 4 պաշտոնյա:
Նրանք են՝ ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը եւ ՀՀ ԶՈՒ ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը:
Իսկ ինչու վերոնշյալ պաշտոնյաները չեն միացել: ArmLur.am-ին իրավապահ համակարգից հասած տեղեկությունների համաձայն, վերոնշյալ պաշտոնյաների մասով բավականին մութ կետեր կան, որոնցով անձամբ զբաղվում են իրավապահները: Մասնավորապես, ըստ իրավապահ համակարգից մեզ հասած լուրերի, ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի գործողությունների մասով կա հարուցված քրեական գործ, որը առնչվում է հենց 44-օրյա պատերազմին, թե կոնկրետ նրա ղեկավարած բաժինը ինչ բացթողում է արել: ՊՆ-ում ենթադրում են, որ նա չի ստորագրել հայտարարության տակ՝ հաշվի առնելով
իր մասով քննվող քրեական գործը: Հերթը հասավ ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանին: Տպավորությունն այնպիսին է, որ Պողոս Պողոսյանը չի ցանկացել ստորագրել ու վերջ, բայց պատկերը այլ է: Իսկ ինչ է կատարվում նրա շուրջ: Ինչպես հայտնի է 2021 թվականի փետրվարի 1-ին Ազգային անվտանգության ծառայությունը բերման էր ենթարկել Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանին։ «Պատրոն Դավո» մականունով Դավիթ Գալստյանը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականն էր:
Ըստ ԱԱԾ-ի` «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, պարտավորվել 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր: Բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որ էապես զիջել է մարտավարական հատկանիշներով և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։Եվ ահա, ըստ իրավապահ համակարգից հասած լուրերի, Պողոս Պողոսյանը ընդգրկված է եղել զենքի մատակարարման հանձնաժողովում եւ ոչ ավել ոչ պակաս, լինելով ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ, գեներալ-մայոր չէր կարող տեղյակ չլիներ այս իրավիճակից, ուստի չի բացառվում, որ նա էլ «վախեցել է» դեմ գնալ իշխանություններին՝ հաշվի առնելով «Պատրոն Դավոյի» շուրջ ստեղծված աղմուկը:
Բանը հասավ դիվան բաշուն: Իսկ ինչից է վախեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը: Վերջինիս մասով, մեզ հասած լուրերի համաձայն, Մարտիկյանը, լինելով հետախուզության վարչության պետը, սխալ տեղեկություններ է հայտնել պատերազմում որոշակի գործողությունների մասով եւ միգուցե չի միացել հայտարարությանը, քանի որ մտածել է, եթե իշխանափոխություն լինի, ապա իրեն քրեական պատասխանատվության կենթարկեն:
ՀՀ ԶՈՒ ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանի մասով արդեն հայտնեցինք, որ նա բացակա է եղել, ուստի դրա պատճառով չի միացել Գլխավոր շտաբի հայտարարությանը:
Քնար Մանուկյան