ՄԱՐԶԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության մարզերի քաղաքներում անշարժ գույքի շուկայում հետաքրքիր պատկեր է ստեղծվել. մի քանի մարզային քաղաքներում բնակարանների գները անցյալ տարվա դեկտեմբերին, նոյեմբեր ամսվա համեմատ, բարձրացել են, մի քանիսում՝ նվազել:

 

Օրինակ՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում բնակարանի գինը 1000 դրամով բարձրացել է, իսկ Ապարանում՝ 1000 դրամով նվազել, Թալինում մնացել է նույնը՝ մեկ քմ-ն 73 հազար 200 դրամ: Արարատի մարզի Արտաշատ քաղաքում դեկտեմբերին մեկ քմ-ն 129 հազար 50 դրամ է կազմել, իսկ նոյեմբերին՝ 128 հազար 500 դրամ. այս դեպքում թանկացումը կազմել է 550 դրամ: Արարատի մարզի բոլոր քաղաքներում գնային բարձրացում է արձանագրվել:

Արմավիրի մարզում եւս բնակարանների գները բարձրացել են. օրինակ՝ Էջմիածնում բնակարանի մեկ քմ-ն 160 հազար 200 դրամից թանկացել է՝ դառնալով 161 հազար 500 դրամ: Իսկ, ահա, Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում, հակառակը, 200 դրամով էժանացել է բնակարանի գինը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի սահմանամերձ մարզերում բնակարանների գներն են նվազել: Սա, ըստ ամենայնի, պատերազմի թողած հետեւանքն է. մարզային այս քաղաքներում բնակարանների պահանջարկը նվազել է, մարդիկ անհանգստացած են եւ չեն շտապում սահմանամերձ քաղաքներում բնակարաններ գնել:

Արձանագրենք, որ վերջերս սահմանամերձ դարձած Գեղարքունիքի մարզի բոլոր քաղաքներում էլ բնակարանների գները նվազել են: Նույն պատկերն է նաեւ Սյունիքի մարզում. այստեղ եւս բնակարանների գների անկում է արձանագրվել: Օրինակ՝ Գորիսում անցյալ տարվա նոյեմբերին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 141 հազար դրամով, իսկ դեկտեմբերին՝ 140 հազար դրամով, Կապանում գինն իջել է 3100 դրամով: Մեղրիում մեկ ամսվա ընթացքում բնակարանն էժանացել է 1600 դրամով: Քաջարանում բնակարանի գինը նվազել է 1500 դրամով. այստեղ մեկ քմ-ն նոյեմբերին կազմել է 98 հազար դրամ, դեկտեմբերին՝ 96 հազար 500 դրամ:  Հայաստանի սահմանամերձ Տավուշում բնակարանների գները եւս նվազել են. Դիլիջանում մեկ ամսվա ընթացքում բնակարանի գինը նվազել է 1800 դրամով, Իջեւանում` 1500 դրամով, իսկ Նոյեմբերյանում բնակարանի գինը նվազել է 500 դրամով:

Մարզային ամենաթանկ քաղաքը համարվում է Ծաղկաձորը, որտեղ բնակարանի մեկ քմ-ն անցյալ տարվա նոյեմբերին կազմել է 281 հազար 300 դրամ, իսկ դեկտեմբերին՝ 282 հազար դրամ, այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում հայաստանյան զբոսաշրջային քաղաքում բնակարանի գինը բարձրացել է 700 դրամով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ՝ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ

Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներն իսկական գլխացավանք են դարձել քաղաքացիների համար: Հսկայական փոսը փորված է, բայց շինարարական աշխատանքներ ամեն օր չէ, որ իրականացվում են. խցանումների մասին ուղղակի լռում ենք: Այս փնթի վիճակը՝ մի կողմ, շինհրապարակում անվտանգության նորմերը չեն պահպանվում, փոսը չընկնելուց պաշտպանում է միայն կանաչ գույնի ցանցը, որը տեղ-տեղ պատռված է կամ բացակայում է: Հայաստանում բազմաթիվ են այն շինհրապարակները, որտեղ անվտանգության պայմանները չեն ապահովվում. պետական վերահսկողություն չկա, իսկ շինարարություն կազմակերպողն անտարբեր է: Հայաստանում շինարարության բնագավառում վերահսկողություն ունի Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:

 

 

 

ԱԺ-Ն ՊԵՏՔ Է ԼՈՒԾԱՐՎԻ

«Մենք այլեւս չգիտենք՝ ինչ պետք է գրենք հուշագրում, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, եւ արտահերթ ընտրություններ լինեն. փաստացի այսօրվա խորհրդարանն ի վիճակի չէ լուծել մեր առջեւ ծառացած խնդիրները»,- ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը: «Մենք առաջին իսկ օրվանից հայտարարել ենք, որ մենք արտահերթ ընտրություններ ենք պահանջում, քանի որ այսօրվա խորհրդարանն ունակ չէ արձագանքելու այսօրվա քաղաքական իրադարձություններին, այլեւս չգիտենք՝ ինչ է պետք գրել հուշագրում, որ «Իմ քայլը» խմբակցությունը գնա այդ քայլին, իսկ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, եւ ԱԺ-ն լուծարվի: Ես եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պաստրաստ ենք ամեն ինչ անել, որ ԱԺ-ն լուծարվի»,- ասել է Տ. Սիմոնյանը: Վերջինս հավելել է, որ նրանց չառաջադրվելը քաղաքական մանիպուլյացիա է, բայց, միեւնույնն է, նրանք պատրաստ են այդ քայլին: «Եթե ԱԺ-ի լուծարման համար պայման է, որ մենք չառաջադրվենք վարչապետի թեկնածուի համար, մենք չենք առաջադրվի, չնայած այդ հարցը որեւէ կապ չունի, եւ սա քաղաքական մանիպուլյացիա է: Ես պատրաստ եմ հուշագիր ստորագրել, որ չեմ համոզի Էդմոն Մարուքյանին որպես վարչապետի թեկնածու առաջադրվել»,- հավելել է պատգամավորը: Տարոն Սիմոնյանը նաեւ անդրադարձավ Զինված ուժերի, ԳՇ-ի հայտարարությանը եւ նշեց՝ Հայաստանի պատմության մեջ այսպիսի  դեպք դեռ չի գրանցվել, եւ սա հստակ ահազանգ է: Ըստ պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանն անձնական կամակորությունների պատճառով պատրաստ է պետականությունը կործանել:

 

 

 

ԼԱՎ ԳՈՐԾԵՐ՝ ԱՅՐՈՒՄՈՒՄ

Տավուշի մարզի  Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հայտնեց, որ Այրում համայնքի Արճիս եւ Հաղթանակ գյուղերի մանկապարտեզները վերանորոգվել են «Շեն»  կազմակերպության եւ Այրում համայնքի  ներդրումներով,  մանկապարտեզներին գույքը նվիրել  է  «Ֆոկուս նոու  չիլդրեն» կազմակերպությունը:  Նույն կազմակերպությունը  Այրում  քաղաքի  մանկապարտեզի համար խաղահրապարակ է ստեղծել, այն նվիրել նախադպրոցական հաստատությանը։ «Շեն» կազմակերպության ֆինանսավորմամբ վերանորոգվել է Պտղավան գյուղի մանկապարտեզը։ Մարտի սկզզբին Այրում քաղաքի մուտքի մոտ գտնվող,   խորհրդային  ժամանակից  կիսակառույց բազմաբնակարան շենքի կառուցապատումը կավարտվի, այնտեղ  կտեղավորվեն Այրումի համայնքապետարանը, երաժշտական դպրոցը, շենքի մի մասնաշենքը  կվաճառվի բնակարանի կարիք ունեցող այրումցիներին։

 

 

 

Ո՞Վ ԷՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ

Մարտի 1-ին Երեւանի  Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցույցին  մասնակիցների  քանակն  ապահովողներից  էր  Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի աշխատակազմի ղեկավար Հայկանուշ  Բեգլարյանը։  Տավուշի  մարզի  ԲԿ-ներում  աշխատակազմի ղեկավարի  պաշտոն չկա. դա հատուկ ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի հետ քայլած  Հ. Բեգլարյանին  պաշտոնով  ապահովելու համար։  Հայաստանի հանրային հեռուստաընկերութան  թղթակից, Ալավերդի քաղաքի  բնակիչ  Հրաչյա Պապինյանը սոցցանցի իր  էջում նշել է, որ Նոյեմբերյան քաղաքի իր ընկերն իրեն հայտնել է, որ  2021թ. մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի  կազմակերպած   հանրահավաքին մասնակցելու համար նոյեմբերյանցիներին 20 հազար դրամ են առաջարկել: Հ. Պապինյանը չի նշել, թե ով է իրեն հայտնած, իր ընկեր նոյեմբերյանցին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի աշխատակազմի ղեկավար Հայկանուշ Բեգլարյանը  «Հայավտոկայարան»  ՓԲԸ-ից  2019թ.  վարձակալությամբ  ձեռք է բերել Նոյեմբերյանի ավոտոկայարանի շենքի տարածքը, վերանորոգել այն, այնտեղ հագուստի խանութ բացել: Նոյեմբերյան քաղաքի եւ հարեւան գյուղերի բնակիչները   դժգոհում են, որ ավտոկայարանի սպասասրահն  այլեւս չկա,  ամառվա շոգին եւ տեղումների ժամանակ ուղեւորները պատսպարվելու տեղ չունեն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս