Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն առաջին անգամ ավելացել է վերջին յոթ շաբաթների ընթացքում. աշխարհը չի հաղթահարի վարակը մինչեւ տարեվերջ: Սա մենք չենք հնարել, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Հայաստանում մարտի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172 հազար 816 դեպք, որոնցից 163 հազար 906-ը` առողջացած, 3202-ը` մահվան ելքով: Երեկ կատարվել է 2526 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 360 նոր դեպք: Ունենք 2 մահվան դեպք:
Աշխարհում եւ Հայաստանում կորոնավիրուսի թվերը շարունակում են աճել, բայց, չնայած սրան, իշխանությունն ու ընդդիմությունը հանրահավաքներ են կազմակերպում: Կհիշեք՝ մարտի 1-ին հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմամարդ հանրահավաք անցկացրեց, չնայած ամիսներ առաջ հենց ինքն էր դիմակ բաժանում մարդկանց եւ հորդորում պահպանել հակահամաճարակային կանոնները:
Մյուս կողմից՝ Առողջապահության նախարարության վարած քաղաքականությունն է անհասկանալի այն դեպքում, երբ բազմամարդ հավաքները վարակի տարածման մեծ աղբյուր են: Արի ու տես, որ մեր հանրապետությունում, երբ վերջին օրերին կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճում է, առողջապահության նախարարը մասնակցում է հանրահավաքին: Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ մտահոգված չեն արդյոք կորոնավիրուսով վարակման դեպքերի աճով, երբ մասնագետները պնդում են, որ բազմամարդ հավաքները վարակի աղբյուր են: Ըստ մամուլի քարտուղարի՝ հանրահավաքները կարող են նպաստել աճին, դա ազդող գործոններից մեկն է: Ապա հայտարարեց, որ կորոնավիրուսի հետ կապված կենտրոններ են վերաբացվում, իրավիճակը վերահսկում է նախարարությունը, եւ, իհարկե, մտահոգված են: Այսինքն՝ կորոնավիրուսի դեմ պայքարող կառավարությունը մի ամբողջ օր խախտեց հակահամաճարակային կանոնները եւ չպատժվեց, մինչդեռ ամիսներ առաջ բազմահազար քաղաքացի տուգանվեց 10 000 դրամի չափով դիմակ չկրելու համար:
Ընդդիմության եւ իշխանության հրավիրած հավաքներին հակահամաճարակային 3 կարեւոր կանոն՝ սոցիալական տարածությունը, դիմակի կրումը եւ ձեռքերի հիգիենան, խախտվում է,
մինչդեռ նախորդ տարվա մարտի 23-ին Ազգային ժողովն ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ եւ Քրեական օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին նախագծերը, համաձայն որոնց՝ անզգուշությամբ 1, 2 կամ ավելի անձանց վարակելու պարագայում քաղաքացին առավելագույնը մինչեւ 700 հազար դրամ տուգանք կվճարի, կկալանավորվի կամ կազատազրկվի։ Արդյոք կորոնավիրուսի պայմաններում ընդունված այս օրենքները կտարածվե՞ն մարտի 1-ին, մինչ այդ եւ այսօր շարունակվող հավաքների մասնակիցների վրա: Ինչպես ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն էր ասում, «կորոնավիրուսի վարակը կատակ չէ»:
Երեկ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ավանդական օրն էր, որին մասնակցում էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն երեկվա հարցուպատասխանն էականորեն տարբերվում էր նախորդներից՝ թե՛ խորհրդարանի դրսում, թե՛ ներսում տիրող իրավիճակով պայմանավորված: Նախ՝ Փաշինյանի այցին ընդառաջ ոչ միայն ուժեղացված հսկողություն էր ողջ շենքում եւ հարակից տարածքներում, այդ թվում՝ դիպուկահարների առկայությամբ, այլ նաեւ նիստերի դահլիճում էր միջավայրը լարված։ Մասնավորապես, կառավարության անդամներին հարց ուղղելու համար գրանցվեց 29 պատգամավոր, եւ նրանց հարցերի մեծ մասն ուղղված էր հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս պատասխանեց՝ ամբիոն «գործուղելով» փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։ Վարչապետը միայն անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին պատասխանեց՝ հայտնելով, թե պատրաստ են ընտրությունների թեմայով քննարկում սկսել։ Նկատենք, որ նախկինում հարցուպատասխանները տեւում էին 4 ժամից ավելի, եւ գրանցվում էին 40-ից ավելի պատգամավորներ հարցեր ուղղելու համար, եւ այդ հարցերի մեծամասնությանը պատասխանում էր հենց Նիկոլ Փաշինյանը։ Երեկ, սակայն, նա տարօրինակ կերպով լուռ էր, իսկ Տիգրան Ավինյանի կիսապատասխանները բարկացրին ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանին, որն ԱԺ դահլիճի դուռը արհամարհանքով շրխկացրեց կառավարության երեսին ու դուրս եկավ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը մարտի 2-ին մեկնել է Իրան: Որն է նրա այցի նպատակը՝ մեզ չհաջողվեց ճշտել։ Բայց դատելով իրադարձություներից՝ չի բացառվում, որ նրա այցը Թեհրան կապ ունի կորած «Բոինգ» ինքնաթիռի առեղծվածի հետ: Հիշեցնենք, որ խոսքը Fly Armenia ավիաընկերության ինքնաթիռի մասին է, որը հայտնվել էր Թեհրանում: Բանն այն է, որ Fly Armenia Airways ընկերությունը պաշտոնապես դիմել է ՀՀ քաղավիացիայի կոմիտե, որպեսզի Էստոնիայի Տալին քաղաքից Ուկրաինայի օդանավակայան մեկ դատարկ տեղափոխական թռիչքի թույլտվություն ստանա, սակայն խախտում է արել եւ վայրէջք կատարել չնախատեսված վայրում: Նկատենք, որ Հայկ Սարգսյանը երկու օր է՝ խորհրդարանում չէ, եւ մենք փորձեցինք տեղեկությունը պաշտոնապես ճշտել հենց նրանից, սակայն Սարգսյանը այդպես էլ չպատասխանեց մեր բոլոր նամակներին, թեեւ կարդում էր դրանք։ Հավելենք, որ երեկ այս հարցին խորհրդարանում անդրադարձավ նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ասելով. «Հենց այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի օդանավն այսօր վերադառնա Երեւան»։ Վերջինս չմանրամասնեց, թե ովքեր են բանակցողները։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կառավարությունը դեմ է, որ անկախ պատգամավորները կարողանան խումբ կազմել։ Նշենք, որ անկախ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Տիգրան Ուրիխանյանը նախագիծ էին ներկայացրել, որով առաջարկում էին փոփոխություն կատարել Աժ սահմանադրական օրենքում եւ սահմանել, որ խմբակցություններից դուրս եկած պատգամավորները կարող են իրար հետ խումբ կազմել։ Եվ, ահա, այս հարցով կառավարության վաղվա նիստում ընդգրկված է նրանց եզրակացությունը, որով ցանկանում են պատգամավորների առաջարկած հոդվածները թողնել անփոփոխ։ Կառավարությունը եզրակացրել է, որ օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա, եւ դա պետք է մնա անփոփոխ։ Նրանք կարծում են, թե առանց այդ էլ անկախ պատգամավորներն ունեն բոլոր իրավունքները։