ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՆՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել է Հատուկ հանձնարարություններով ավագ սպա: Սակայն իրականում այս նշանակումով իշխանությունները նպատակ ունեն նրան նշանակել գլխավոր շտաբի պետի պաշտոնում:

 

Ինչպես հայտնի է, այսօր առավոտյան ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարություն տարածեց, համաձայն որի՝ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատված է իր պաշտոնից, եւ չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ հենց Արտակ Դավթյանն է այդ պաշտոնը զբաղեցնելու: Այստեղ հետաքրքիր է, որ Օնիկ Գասպարյանը նշանակվեց գլխավոր շտաբի պետի պաշտոնում հենց Արտակ Դավթյանի փոխարեն: Վերջինս ազատվել էր 2020 թվականի հունիսի 8-ին՝ կորոնավիրուսի բուռն շրջանում, արտակարգ դրության պայմաններում որդու հարսանեկան արարողությունը կազմակերպելու համար:

Ավելին, մի քանի զինվորականներ տարբեր շրջաններում բացասական են արտահայտվել Արտակ Դավթյանի հասցեին: Դեռեւս 2018 թվականի մայիսի 24-ին, երբ ՀՀ նախագահի հրամանագրով Արտակ Դավթյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արթուր Աղաբեկյանը իր մտահոգությունն էր հայտնել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում գեներալ-մայոր Արտակ Դավթյանի նշանակմամբ։ «Արտակին ճանաչում եմ 1994 թվականից, երբ դեռ Մեղրիի գնդի շտաբի պետն էր՝ խիզախ կապիտան։ Իր հետագա կարիերիայում մեծ դեր եմ ունեցել։ Պարտավոր եմ ահազանգել, ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին։ Անկեղծ անհանգիստ եմ»,- գրել էր Աղաբեկյանը:

Իր հերթին Արտակ Դավթյանի մասին խոսել էր նաեւ ԳՇ նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը: «Արտակ Դավթյանը սկսել է բանակի քանդման գործընթացը: Շտաբի պետ է նշանակվել ամենաանպատրաստ մարդը: Այսօր կռվածները տեսել են բոլոր խնդիրները: Գլխավոր շտաբի եւ ՊՆ կառույցը 98 տոկոսով ավելացել է: Խոսքը օպերատիվ օղակի մասին է, անձնակազմի թվաքանակն ավելացել է 95 տոկոսով»,- նշել է նա:

Նկատենք, որ իշխանություններն այս պարագայում այլ ելք չունեին եւ ստիպված եղան Արտակ Դավթյանին սկզբում այլ պաշտոն տալ, հետո միայն նշանակել գլխավոր շտաբի պետ: Եվ այս նշանակումը հիշեցնում է նաեւ Արգիշտի Քյարամյանի հետ կապված պատմությունը, երբ նա նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ, հետո նաեւ՝ ԱԱԾ տնօրեն: Իսկ Արտակ Դավթյանի խնդիրն այն է, որ վերջինս գտնվում է պահեստազորում եւ միանգամից չէր կարող նշանակվել ԳՇ պետ, ու այս քայլը ճարահատյալ էր:

Հավելենք, որ երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար: Ավելին,  ՀՀ նախագահի աշխատակազմից էլ հայտնեցին, թե իրենք ստացել են միջնորդությունը, եւ ՀՀ նախագահը երեք օր ունի այն ստորագրելու համար:

Հիշեցնենք՝ երբ Զինված ուժերը հայտարարություն տարածեց՝ պահանջելով վարչապետի եւ Կառավարության հրաժարականը, շատերն այն համարեցին քաղաքականությանը խառնվելու փորձ։ Պաշտպանության նախարարությունն անթույլատրելի համարեց Զինված ուժերին քաղաքական որեւէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերը, իսկ Արտակ Դավթյանը, մեկնաբանելով զինվորականների հայտարարությունը, նկատեց` քաղաքականությանը խառնվել այն չի համարում, գտնում է` եթե արել են, ունեցել են այդ իրավունքը։

Ք.Մ.

 

 

 

ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 10-ին ընդունել է N զորամասի մի խումբ զինծառայողների՝ հայտնի ռազմական գործիչ Վլադիմիր Վարտանովի գլխավորությամբ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի  աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:  Արայիկ Հարությունյանը խորին ցավակցություն է հայտնել 2020 թ. սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում զորամասի զոհված հերոսների հարազատներին: Երկրի ղեկավարը կարեւորել է զորամասի դերակատարությունը պատերազմի ժամանակ, մասնավորապես՝ Կարմիր Շուկա գյուղի պաշտպանության գործում, ինչի շնորհիվ հակառակորդին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը եւ իրականացնել նախապես պլանավորած առաջխաղացումը: Արցախի Հանրապետության պետական սահմանի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար նախագահը ներկաներին հանձնել է բարձր պետական պարգեւներ:

 

 

 

ՄԻՋԱԴԵՊ ՉԿԱ

Մարտի 9-ին եւ 10-ին Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ մարտավարական իրավիճակ:  «ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում եւս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի եւ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով եւ կատարում առաջադրված խնդիրները»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

6 ԱՃՅՈՒՆ

Արցախի Մարտունու շրջանի հարավարեւելյան թեւում եւ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում մարտի 10-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ փրկարարները հայտնաբերել եւ տարհանել են եւս 6 աճյուն: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: «Հայտնաբերված աճյուններից 3-ը Վարանդայի շրջանի դիրքային հատվածներից, մյուս 3-ը՝ Մարտունու շրջանի «Ուլյանասար» կոչվող տեղամասից: Նախնական տվյալներով՝ բոլորը զինծառայողներ են:

Նրանց ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- մանրամասնում են Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ հավելելով, որ  որոնումները կշարունակվեն վաղը՝ մարտի 11-ին: Զինադադարից հետո առ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1496 աճյուն:

 

 

ԲԵԿՈՐԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

Նախօրեին «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի եւ վերջույթների բազմաթիվ բեկորային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ՝ ծնված 1959 թվականին: Վերջինս նույն օրը հաղորդում է տվել, որ նշված վնասվածքները ստացել է 2021 թվականի մարտի 8-ին  իրեն պատկանող «Վազ-2107» մակնիշի ավտոմեքենայի կցորդիչը բարձրացնելու ժամանակ կցորդիչի տակ գտնվող նռնակի պայթելու հետեւանքով: Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստմամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը 61-ամյա տղամարդուն դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով 2021 թվականի մարտի 5-8-ն ընկած ժամանակահատվածում քննությամբ դեռեւս չպարզված տեսակի նռնակ է տեղադրել ավտոմեքենայի կցորդիչի առջեւի լծակին, որը պայթել է «Վազ-2107» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին միացնելու ընթացքում:

Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով: Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն, առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, վերցվել փորձանմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական եւ դատապայթյունատեխնիկական փորձաքննություններ, դեպքի բոլոր հանգամաները պարզելու նպատակով հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու, ռազմամթերք հանդիսացող նռնակի ձեռք բերման աղբյուրը, հանգամանքները, ինչպես նաեւ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

 




Լրահոս