Այսօր ՊՆ-ում էլի «պայթյուն» է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Պաշտպանության նախարարությունում կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, ՊՆ-ում շատերը շունչները պահած սպասում են, թե ի վերջո Արտակ Դավթյանին այսօր ՊՆախարար Վաղարշակ Հարությունյանը, թե՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կներկայացնեն անձնակազմին՝ որպես ԳՇ պետ: Թեև իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանն է ԳՇ պետ։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Օնիկ Գասպարյանը 5 օր է, ինչ գնում է աշխատանքի եւ վաղը նույնպես, մեր աղբյուրների փոխանցմամբ, պատրաստվում է գնալ աշխատանքի, քանի որ ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ Գասպարյանը շարունակում է մնալ ԳՇ պետ։ ՈՒ ստացվում է, որ Զինված ուժերը մեր երկրում ունի երեք Գլխավոր շտաբի պետ. մեկը իրավունքի ուժով, մյուսը վարչապետի որոշմամբ՝ առանց նախագահի վավերացման, մյուսը՝ ԺՊ կարգավիճակով, ու չի բացառվում, որ պետերից մեկը հաղորդում ներկայացնի հանցագործության մասին:

Որտեղի՞ց սկսվեց ՊՆ -ի խառնաշփոթը

«2021 թվականի մարտի 17-ին վարչական դատարանը բավարարել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը և որոշել է.
1. Ըստ հայցի Օնիկ Գասպարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին միջնորդությունը` հայցի ապահովման վերաբերյալ, բավարարել:
2. Ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով, այն է` մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը: Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից»:

Ստացվում է, որ Օնիկ Գասպարյանը այսօր միակ ԳՇ պետը պիտի լինի։ Բայց մարտի 10-ին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պարտականությունների կատարումը պաշտպանության նախարարի հրամանով դրվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներից Ստեփան Գալստյանի վրա:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Պնախարար Վաղարշակ Հարությունյանը փորձում է անտեսել Օնիկ Գասպարյանին եւ բոլոր հանձնարարականները տրվում է ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար Գալստյանին։ Ավելին, վարչապետի թեկնածու Արտակ Դավթյանն էլ դեռ չլինելով ԳՇ պետ, մի քանի անգամ արդեն մասնակցել է ԳՇ խորհրդակցություններին: Այս խառնիփնթոր իրավիճակը Զինված ուժերում ավելի է թեժացրել մթնոլորտը եւ ամենայն հավանականության ՊՆ-ում վաղը լարվածությունը ավելի կխորանա:

Ով կներկայացնի նոր պետին

Ինչպես հայտնի է մարտի 11-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը առարկություններով վերադարձրեց Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը։

Նույն օրը ստացվեցին վարչապետի հիմնավորումերը նախագահի առարկությունների վերաբերյալ և ժամկետ կար մինչև ամսի 20-ը. կամ նախագահը պետք է նշանակեր Արտակ Դավթյանին, կամ՝ դիմեր ՍԴ։ Բայց որևէ քայլ չի արել։ Եվ արդեն նախատեսված ժամկետն ավարտվեց՝ մարտի 20-ը։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ Պաշտպանության նախարարը կամ ՀՀ վարչապետը Արտակ Դավթյանին պետք է այսօր էլի ներկայացնեն զինվորականներին՝ որպես ԳՇ պետ: Մինչդեռ Օնիկ Գասպարյանի մասով դատարանի որոշումից հետո նոր ԳՇ պետ Արտակ Դավթյանին նշանակելու հարցը պետք է փակված լիներ:

ԳՇ նոր պետ նշանակելու հետեւանքները

Ստեղծված իրավիճակում ՀՀ պաշտպանության նախարարը, նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի բնականոն գործունեությունն ապահովելու համար, պարտավոր է միջոցներ ձեռնարկել Օնիկ Գասպարյանի պաշտոնավորումը շտաբի պետի պաշտոնում ապահովելու համար:

Այսպես, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ պաշտպանության նախարարությունը օրենքով սահմանված կարգով ապահովում է զինված ուժերում օրինականության պահպանումը, հանցագործությունների կանխարգելումը»։

Հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նշանակման և ազատման հրամանների առկայության պայմաններում Պաշտպանության նախարարի հրամանով է կատարվում պաշտոնի-հանձնում ընդունում, ինչպես նաև նախարարի հրամանով է զինծառայողը թողնվում կադրերի տրամադրության տակ, հանվում զորամասի անձնակազմի ցուցակներից:

Ուստի դատարանի որոշման առկայության պայմաններում ՀՀ պաշտպպանության նախարարը պարտավոր է իր կողմից նախկինում ընդունված հրամանները՝ Օնիկ Գասպարյանին կադրերի տրամադրության տակ թողնելու մասին, զորամասի անձնակազմի ցուցակներից և բոլոր տեսակի բավարարումներց հանելու մասին, ինչպես նաև Ստեփան Գալստյանին ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակար նշանակելու մասին ակտը ճանաչել ուժը կորցրած:

Պաշտպանության նախարարի կողմից իր պարտականությունների չկատարումն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված հանցակազմ, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը` շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

Ի դեպ, ընդգծենք, որ դատարանի որոշումը՝ Օնիկ Գասպարյանին իր պաշտոնում պահելու վերաբերյալ, հրապարակելուց հետո այն առձեռն հանձնվել է Պաշտպանության նախարարությանը, ինչպես նաև այդ մասին գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը գրավոր ներկայացրել է պաշտպանության նախարարի»: Ուստի դատելով իրավիճակից, եթե վաղը Արտակ Դավթյանին որևէ պաշտոնյա ներկայացնի որպես ԳՇ նոր պետ, չի բացառվում, որ Օնիկ Գասպարյանը նրա մասով հանցագործության մասին հաղորդում ներկայացնի իրավապահներին:
Մի խոսքով իսկական շիլաշփոթ է մեր երկրի պաշտպանական գերատեսչությունում։ Իսկ մեր թշնամին այս ընթացքում զինվում է և ամրացնում դիրքերը։




Լրահոս