ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու ոստիկանությունը չի տուգանում կանոնները խախտած վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մարտի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 801-ով, իսկ մահացածների թիվը՝ 23-ով: Մեր հանրապետությունում կորոնավիրուսի թվերը շարունակում են աճել, բայց ստեղծված պատկերը կարծես թե չի մտահոգում ոչ միայն երկրի թիվ մեկ ղեկավարին, այլեւ՝ առողջապահության նախարարությանն ու ՀՀ ոստիկանությանը։ Օրինակ, մարտի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ միասին Արագածոտնի մարզ էր գնացել՝ համայնքային այցերի, հանդիպել մարզի բնակիչների հետ: Նրանք եղել են մի քանի գյուղերում, հավաքներ անցկացրել, ընդ որում՝ վարչապետը չնայած հաճախ դիմակ էր կրում, սակայն սոցիալական հեռավորություն չէր պահում եւ անկաշկանդ ձեռքով բարեւում էր մարդկանց, շփվում տեղացիների հետ:

Կհիշեք՝ վարչապետը մարտի 1-ին եւս բազմամարդ հանրահավաք էր անցկացրել, մինչդեռ ամիսներ առաջ հենց ինքն էր դիմակ բաժանում մարդկանց եւ հորդորում պահպանել հակահամաճարակային կանոնները: Սրան զուգահեռ առողջապահության նախարարությունն անհասկանալի է, թե ինչով է իրականում զբաղված. արդյոք նշված գերատեսչությունը մտահոգված է կորոնավիրուսի դեպքերի թվի աճով, արդյոք որեւէ բան ձեռնարկում է վարակի տարածումը կանխելու համար, այն դեպքում, երբ բազմամարդ հավաքները վարակի տարածման մեծ աղբյուր են:

Այնուամենայնիվ, ArmLur.am-ը դիմեց առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին, խոսեցինք Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ հակահամաճարակային վերահսկողության վարչության գլխավոր տեսուչ Նաթելա Պողոսյանի հետ եւ հետաքրքրվեցինք՝ ինչու վարչապետին չեն տուգանում հակահամաճարակային կանոնները, կարանտինային ռեժիմը խախտելու համար: Մեր հարցին ի պատասխան մասնագետը փոխանցեց. «Բաց տարածքներում դիմակների կրման վերաբերյալ վերահսկողությունը տեսչական մարմնի լիազորությունների շրջանակում չէ, դա պետք է վերահսկեն իրավապահ մարմինները: Բազմամարդ հավաքի հետ կապված վերահսկողությունը եւս տեսչական մարմնի լիազորությունների շրջանակում չէ»:

Զրույցի ընթացքում գլխավոր տեսուչը հղում արեց ՀՀ Կառավարության 1514 որոշոման 5-րդ գլխի 21-րդ կետը, ըստ որի՝ հավաքներ կազմակերպել, անցկացնել եւ հավաքներին մասնակցել թույլատրվում է միայն 1514-ի հավելվածի 18-րդ կետով սահմանված անհատական, պաշտպանական միջոցների կիրառման եւ անձանց միջեւ նվազագույնը 1.5 մետր հեռավորության պահպանման դեպքում, բայց սրա նկատմամբ վերահսկողության մասին ոչինչ նշված չէ:

Բայց առողջապահական եւ աշխատանքի տեսչչական մարմնի մասնագետը վստահեցնում է՝ նշելով, որ վերահսկողություն բաց տարածքներում սովորաբար իրավապահ մարմինների լիազորությունների շրջանակում է: Ինչու ոստիկանությունը չի տուգանել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցին պատասխան ստանալու նպատակով դիմեցինք նաեւ ՀՀ ոստիկանություն, սակայն ապարդյուն, ոստիկանությունից հորդորեցին հարցը գրավոր ուղարկել: Հավանաբար պատասխան չունեն:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս