Դերասան Հայկ Պետրոսյանը տեւական դադարից հետո օրերս ներկայացել էր հանդիսատեսին նոր ձեւաչափով: Դերասանը հանդես էր եկել իր հեղինակային եւ ոչ հեղինակային երգերով: «Ժողովուրդ» օրաթերթը Հայկի հետ զրուցել է երկար դադարից հետո հանդիսատեսի հետ շփման ջերմ զգացողությունների, ստեղծագործական նորությունների եւ երկրում առկա հասարակական տրամադրությունների մասին:
«Զգացողությունները շատ տարբեր էին, ինչ-որ հարազատության զգացողություն կար, որ շատ կարոտել էի, շփումն էլ շատ անկեղծ էր եւ անմիջական, շատ երջանիկ եմ, որ բախտ ունեցա կրկին ելույթ ունենալ։ Այն ամենից հետո, ինչ եղավ, եւ տեսնելով այն, ինչ հիմա է կատարվում, ցավոք, չեմ կարող «սթենդ ափ» ժանրում հանդես գալ եւ, ընդհանրապես, ասեմ, որ բավականին զարմանում եմ՝ տեսնելով, թե ինչպես են շատերը կրկին այսքան հեշտ կատակում, ծիծաղում, ընդ որում՝ նույն ծեծված թեմաների շուրջ։ Երբեմն ինձ թվում է, որ ես ու մի շարք մարդիկ տարբեր իրականություններում ենք ապրում, չնայած որ նույն քաղաքում ենք»,-նշում է մեր զրուցակիցը, եւ հավելում, որ շարունակում է ստեղծագործել, գրել հեղինակային երգեր՝ սիրո, պատերազմի, մարտական ընկերների, խրամատի, հայրենիքի եւ այլ զանազան թեմաների շուրջ։
Հայկը, մեզ հետ զրույցում անդրադառնալով պատերազմական բարդ շրջանը հաղթահարելուն, ընդգծում է, որ, փառք Աստծո, տեւական բարդ փուլից հետո, կարելի է ասել, ստացվում է, եւ բեմ բարձրանալը դրա վառ օրինակն է, դրա օրինակն է նաեւ ծանր եւ ցավոտ թեմաների մասին անկեղծ խոսելուց չխուսափելը։ Բայց կան վերքեր, որոնք միշտ կմնան, ուղղակի պետք է սովորել ապրել դրանց հետ:
Դերասանը ցավով նկատում է, որ պատերազմը ոչ բոլորի կյանքն է փոխել. «Եթե բոլորը փոխվեին, այսօր այլ պատկեր կլիներ, կոնկրետ իմ դեպքում ամեն ինչ էլ վերաարժեւորվել է, մի նոր որակ ձեռք բերել, ուրիշ խորություն, բայց, ամենա?արեւորը, Աստծո ներկայությունն է, որ այժմ միշտ զգում եմ, իրականում ամեն ինչ վերաարժեւորվել է նրա շնորհիվ։ Տպավորությունս այն է, որ հերթական անգամ մենք հայտնվել ենք նույն կոտրած տաշտակի առջեւ, քանզի դասեր չենք կարողանում քաղել անցյալի դառը փորձից։ Ժողովուրդը լայն իմաստով ոչինչ չի կարող անել, քանի որ այն մի մեծ դավադրության զոհ է եւ ղեկավարվում է ոչ թե խելքով, այլ կրքերով, ոչ թե իմաստուն մտքով, այլ տարբեր հրապարակներից հնչող անիմաստ կոչերով եւ ճիչերով։ Բայց խարհուրդ կտայի լսել խելացի, կիրթ եւ համարձակ մտածողություն ու ոգի ունեցող մարդկանց. նրանք կարող են մատնանշել փրկության ուղին»։
Հարցին, թե հասարակությունը, քաղաքական իրադարձություններից ելնելով, երկբեւեռվել է, ժողովուրդն ինչ պետք է անի, Հայկը պատասխանում է. «Հաջորդ քայլը կթելադրեն վերեւներից, մնացածը ընտրության հարց է. եթե կուզեն, կպայքարեն ու կապրեն ազատ, եթե ոչ, ապա հակառակը։ Կարծում եմ՝ առաջիկա 8-10 տարիները մարդկության համար լինելու են շատ դժվար ժամանակներ։ Ձեւավորվում է մի նոր աշխարհակարգ, որի առաջին մեծ քայլը հին աշխարհը քանդելն է, եւ դրա ականատեսներն ենք մենք՝ այսօր ապրող մարդիկ։ Այս նոր՝ թվայնացվող աշխարհում իշխելու են կեղծավորությունը, խաբեբայությունը, «դիմակները»։ Սերն ու ազնվությունը երեւի լայն իմաստով կմոռացվեն որոշ ժամանակ, կարելի է ասել, ատելու դարն է մեկնարկել: Հիմար կատակները կփոխարինեն սուր մտքին, խորիմաստ խոսքին փոխարինելու կգա դատարկաբանությունը։ Մենք՝ հայերս, պետք է վերջապես կարողանանք այս ցավի միջից դուրս գալ ավելի մաքուր եւ բյուրեղացած, որպեսզի կարողանանք դիմակայել սպասվող արհավիրքներին եւ հարատեւել որպես ազգ։ Հանգուցալուծումը ազատությունն է բոլոր իմաստներով, որն իր մեջ անպայման պետք է ունենա առաքինություն եւ դիմացինի հանդեպ պատասխանատվության զգացում, բայց այն պետք է կարողանալ վաստակել»։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐԵՆՑԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ «ՄԵՆԱԿԻ ԾՆՈՒՇ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ
Բանաստեղծ Էդուարդ Հարենցի «Մենակի ծնուշ» ժողովածուն հեղինակի ստեղծագործական ինքնատիպ կարելիությունների նոր արտահայտությունն է:
Գիրքը, որը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը, ընթերցասերների դատին հանձնվեց Պոեզիայի միջազգային օրը՝ մարտի 21-ին:
«Հարենցը վերջին տարիների Հայաստանի ամենաբեղուն բանաստեղծներից է: Առնվազն յոթ գիրք միասին ենք հրատարակել: Հարենցն այն ստեղծագործողներից է, որի ժողովածուները հրատարակելիս քննարկումներ չեն լինում: Երբ նա որեւէ գիրք է բերում, մենք այն պարզապես հրատարակում ենք: Հարենցը մեր ժամանակների ամենահետաքրքիր մտածողությամբ պոետներից է, պոետ, որն իրացնում է բանաստեղծության՝ որպես գիտության մասին իր բոլոր պատկերացումները: Քիչ առաջ ասում էի, որ պոեզիան գիտություն է, իսկ Հարենցի պոեզիայում դա առավել ակնառու է»,- նշում է գրականագետ, «Անտարես»-ի գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը:
Նրա խոսքով՝ «Մենակի ծնուշ»-ը կարդալիս անհրաժեշտ են ոչ միայն զգացողություններ, պատկերների շուրջ հետաքրքրվածություն, այլեւ գիտելիք, որ հնարավոր լինի հաղթահարել բանաստեղծության խութերը: Ըստ Նիկողոսյանի՝ խութերը հաղթահարելուց հետո գիրքը պարգեւում է գերագույն հաճույք: «Այն բացառիկ լեզվազգացողությունը, լեզվաիմացությունը, կասեի լեզվագիտությունը, որն Էդուարդը դրսեւորում է իր ժողովածուներում, մասնավորապես՝ «Մենակի ծնուշ» գրքում, ուղղակի աներեւակալի է: Նրանց, ովքեր կծանոթանան գրքին, խորհուրդ կտամ բանաստեղծությանը երկու կերպ մոտենալ՝ որպես ընթերցող, որը կարդում է եւ փորձում է հաղթահարել, եւ որպես տեսանող՝ ոչ միայն այդ բառի սուր տեսլական իմաստով, այլեւ ընդգրկել բանաստեղծությունների վիզուալ պատկերները, որովհետեւ դրանք շատ բան կփոխեն եւ՛ ընկալումներում, եւ՛ մոտեցումներում»,-շեշտում է գրականագետը:
Էդուարդ Հարենցը (Հարությունյան) տպագրվել է Թեհրանի «Ալիք», «Գրական թերթ», «Նոր հայացք», «Գրեթերթ» եւ այլ պարբերականներում։ 2007 թվականին արժանացել է Հայաստանի գրողների միության եւ Երեւանի պետական համալսարանի համատեղ ստեղծագործական մրցույթի երկրորդ կարգի մրցանակի։ Մի քանի անգամ արժանացել է «Գրեթերթ» մրցանակի՝ պոեզիա՝ թերթի 2007 թվականի թիվ 5-ում տպագրած բանաստեղծական շարքի համար, թարգմանություն արաբերենից՝ Ադոնիսի բանաստեղծական շարքի թարգմանության համար (2009, թիվ 1), պոեզիա, բանաստեղծական շարք (2011, թիվ 1), թարգմանություն, Մարալ-Ալ Մասրի, (2011, թիվ 4), թարգմանություն, «Հելենա Կրուկ» (2013)։
ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի վերջին խաղում «Բարսելոնան» հյուրընկալվեց Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսյեդադին» եւ վստահ հաղթանակ է տարել 6:1 հաշվով: Կատալոնական ակումբի կազմում դուբլի հեղինակ են դարձել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ու ամերիկացի պաշտպան Սերժինյո Դեստը, իսկ ֆրանսիացիներ Անտուան Գրիզմանն ու Ուսման Դեմբելեն խփել են մեկական գոլ:
33-ամյա Մեսին դարձել է «Բարսելոնայի» պատմության մեջ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը: Նա 768-րդ խաղն անցկացրել է կատալոնական ակումբում ու գերազանցեց իսպանացի լեգենդար կիսապաշտպան Չավի Էրնանդեսի ռեկորդը: Մեսին ընթացիկ մրցաշրջանում գոլերի թիվը հասցրել է 23-ի եւ միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը: «Բարսելոնայում» 768-րդ խաղում նա գոլերի թիվը հասցրել է 663-ի: Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակել է 62 միավոր եւ շրջանցելով Մադրիդի «Ռեալին»՝ բարձրացել երկրորդ տեղ: Առաջատար Մադրիդի «Աթլետիկոն» ունի 66 միավոր, իսկ «Ռեալ Սոսյեդադը» 45 միավորով չորրորդն է:
ԴՈՒԲԼԻ ՀԵՂԻՆԱԿ
Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրի կենտրոնական խաղում Փարիզի ՊՍԺ-ին 4:2 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Լիոնի» նկատմամբ: Փարիզցիներից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն: 70-րդ րոպեին ՊՍԺ-ի կազմում փոխարինման դուրս է եկել բրազիլացի հարձակվող Նեյմարը, որը տեւական ժամանակ խաղադաշտից բացակայում էր փետրվարի 10-ին ստացած վնասվածքի պատճառով: Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն վաստակել է 63 միավոր եւ հավասարվել առաջատար «Լիլին», որը տանը 1:2 հաշվով պարտվել է «Նիմին»: Փարիզցիներն առաջին տեղում են լրացուցիչ ցուցանիշներով: «Լիոնը» 60 միավորով երրորդ տեղում է:
ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՂԹԱՆԱԿԱՆԵՐԸ
UFC-ի պաշտոնական ալիքը Խաբիբ Նուրմագոմեդովի՝ կարիերան ավարտելու հայտարարության կապակցությամբ ներկայացրել է ռուսաստանցի մարտիկի բոլոր հաղթանակները: 32-ամյա մարտիկը UFC-ում նորամուտը նշել է 2012 թվականի հունվարին: Նա հաղթել է բոլոր 12 մենամարտերում: Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 24-ին Խաբիբ Նուրմագոմեդովն Աբու Դաբիում տիտղոսի պաշտպանության մենամարտ էր անցկացրել ամերիկացի Ջասթին Գետժիի հետ եւ հաղթանակից հետո հայտարարել կարիերան ավարտելու մասին: Խառը մենամարտերում (MMA) նա անցկացրել է 29 մենամարտ եւ տարել նույնքան հաղթանակ: