ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմեն Սարգսյանը Շուռնուխում է, հանդիպել է բնակիչների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այսօր այցելել է Գորիս-Կապան մայրուղու սկզբնամասում գտնվող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկիչ անցակետ։ Նախագահը ծանոթացել է ծառայության պայմաններին, զրուցել զինծառայողների հետ: «Դուք ծառայություն եք իրականացնում շատ կարևոր դիրքում,-ասել է նախագահ Սարգսյանը։ -Ամուր եղեք, առողջ եղեք: Բոլորիդ բարի ծառայություն»։

Այնուհետև նախագահ Սարգսյանը մարդու իրավունքների պաշտպանի հետ այցելել է Շուռնուխ համայնք, հանդիպել Շուռնուխ և Որոտան բնակավայրերի ղեկավարների ու բնակիչների հետ։

Նախագահին են ներկայացվել առկա խնդիրները, հատկապես ընդգծվել են անվտանգության, պատշաճ կարգով սահմանազատման հետ կապված հարցերը։ Շուռնուխ գյուղից բնակելի 11 տուն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Բնակիչները տեղեկացրել են, որ գյուղում սկսվել է նոր թաղամասի կառուցումը, որի տեղանքը, սակայն, նրանք այնքան էլ բարենպաստ չեն համարել:

Շուռնուխցիները կենսական խնդիր են համարել իրենց միակ եկամտի աղբյուր հանդիսացող անասնապահության հնարավորությունից զրկվելը. պատերազմից հետո գյուղը զրկվել է արոտավայրերից, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են: Բացի այդ, անասուններն անցնում են այդ տարածքներ, և չեն վերադարձվում, ինչը հավելյալ խնդիրներ է առաջացնում։

Բնակիչները ներկայացրել են նաև մի շարք սոցիալական խնդիրներ՝ մասնավորապես կապված ջրամատակարարման, գազամատակարարման, ինչպես նաև գյուղատնտեսական վարկերի մարման հետ:

Արձագանքելով սյունեցիների բարձրացրած հարցերին և ընդգծելով հատկապես անվտանգության, զբաղվածության և սոցիալական խնդիրների կարևորությունը՝ Հանրապետության նախագահը Շուռնուխ և Որոտան բնակավայրերի ղեկավարներին առաջարկել է դրանք մանրամասն քննարկել նախագահի աշխատակազմի հետ՝ նախագահական ինստիտուտի լիազորությունների շրջանակում հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար։




Լրահոս