ArmLur.am-ը ուսումնասիրել է և հանրությանն է ներկայացնում, թե ով է և ինչ ունեցվածք ունի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետ Ագնեսա Աղաբաբյանը։
Ագնեսա Աղաբաբյանը ՄՍԾ պետի պաշտոնին նշանակվել է 2026 թվականի հունվարի 29-ին։ Մինչ այդ՝ 2021-2026 թվականներին, նա զբաղեցրել է Միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Ավելի վաղ՝ 2017-2021 թվականներին, եղել է Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ, իսկ 2008-2017 թվականներին՝ նույն կառույցի իրավական ապահովման և դատական գործերի վարչության պետ։ 1993-1998 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։
Ինչ վերաբերում է ունեցվածքին, ապա հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի սկզբին Ագնեսա Աղաբաբյանն ունեցել է 5 անշարժ գույք։ Դրանցից չորսը Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքում գտնվող հողամասեր են, իսկ մեկը՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող բնակարան։
Չորս հողամասերը ձեռք են բերվել 2015 թվականի դեկտեմբերի 17-ին՝ գնման եղանակով, իսկ բնակարանը՝ 2019 թվականի հուլիսի 10-ին՝ ժառանգությամբ։ Տարվա ընթացքում նոր անշարժ գույք չի ձեռք բերել և որևէ գույք չի օտարել։
Ավտոմեքենաներից Ագնեսա Աղաբաբյանը հայտարարագրել է 2012 թվականի արտադրության Honda մակնիշի մեքենա։ Այն ձեռք է բերել 2017 թվականի դեկտեմբերի 16-ին՝ գնման եղանակով։
2025 թվականի ընթացքում Ագնեսա Աղաբաբյանի եկամուտը կազմել է 12 մլն 583 հազար 406 դրամ։ Ամբողջ գումարը աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ են՝ ստացված Միասնական սոցիալական ծառայությունից։
Տարվա վերջում նրա վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 2 մլն 461 հազար 837 դրամ։ Մասնավորապես՝ մեկ վարկի մնացորդը եղել է 367 հազար 727 դրամ, իսկ մյուսինը՝ 2 մլն 94 հազար 110 դրամ։
Այսպիսով, ՄՍԾ պետ Ագնեսա Աղաբաբյանի 2025 թվականի հայտարարագրում առկա են 5 անշարժ գույք, Honda ավտոմեքենա, 12.5 մլն դրամ եկամուտ և 2.46 մլն դրամ վարկային պարտավորություն։
Սոնա Գրիգորյան




























