Աժ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ինչպիսի մասնակցություն է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
-Քաղաքական ընդհանուր դաշտում տեսնում ենք, որ կուսակցություններն ակտիվացել են եւ պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ի՞նչ է անում այս պահին: Ինչպե՞ս եք պատրաստվում:
-«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ճիշտ ժամանակին, սահմանված օրենքով, ժամանակահատվածով քայլերի ճիշտ հերթականության մասին կխոսի: Այս պահի դրությամբ մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները մեր մշտական այցերի փուլում ենք գտնվում, տարածքային կառույցներ եւ սկզբնական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ենք մենք ունենում:
-Պարո՛ն Էնֆիաջյան, ինչպե՞ս է տրամադրված հանրությունը: Արդյոք կարծո՞ւմ եք, որ այս պահին պետք էր գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների այն դեպքում, երբ Հայաստանում բազմաթիվ են խնդիրները, հանրության համար ամենաքննարկվող՝ գերիների հարցի լուծման օրակարգը կա: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները հետաքրքրո՞ւմ է հանրությանը:
-Միանշանակ Հայաստանի Հանրապետությունում խնդիրները բազում են, եւ առանցքային հարցն այսօրվա դրությամբ հետպատերազմյան իրավիճակում, իհարկե, մնում է գերիների հարցը, անհետ կորածների, Արցախի Հանրապետության եւ մեր հանրապետության անվտանգության, ինչպես նաեւ տնտեսական եւ սոցիալական մի շարք հարցեր են: Բայց մենք գտնում ենք, որ ժողովրդի կամարտահայտությունը պետք է արտահայտվի, եւ նոր իշխանություն ձեւավորվի, նոր ծրագրեր կյանքի կոչվելու հնարավորություն ունենան: Ներկայիս որդեգրած քաղաքականությունը եւ կադրերը բավարար արդյունք չեն կարողանում ապահովել:
-«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօրվա դրությամբ ինչպիսի՞ վարկանիշ ունի:
-Ես պետք է ասեմ, որ ժողովրդի հետ շփվելով, ոչ միայն մեր տարածքային կառույցների կամ սկզբնական կառույցների ներկայացուցիչների հետ՝ մենք արձանագրում ենք, որ անչափ դրական վերաբերմունք ունեն, Գագիկ Ծառուկյանի վարկանիշը շատ բարձր է: Բավականին մեծ սպասելիքներ ունեն հենց մեր քաղաքական ուժից:
-Այսպիսի մի տեսակետ կա, որ պետք էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ դաշինքով, քանի որ միանյակ մասնակցության դեպքում շատ քիչ է հավանականությունը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կվերադառնա խորհրդարան: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն այս հարցի մասին:
-Քաղաքական ուժերն իրենք են որոշում, թե ով ինչպես է մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Մենք, մեր ուժերի վրա վստահ լինելով հանդերձ, մենք մեր թիմով հավաքվել ենք, քննարկել ենք, որոշում ենք կայացրել, որ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ մենք միայնակ մասնակցելու ենք առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
-Քննարկումների ժամանակ ընդդիմությունը, հատկապես՝ արտախորհրդարանական ուժերն ասում են, որ իշխանությունը պատրաստվում է կեղծել ընտրությունները, որպեսզի կարողանա նորից վերադառնալ իշխանության: Կասե՞ք Ձեր դիրքորոշումը:
-Կանխատեսումներով չեմ զբաղվում, բայց այն քաղաքական ուժը, անձը կամ անձերը եթե կփորձեն կեղծել մեր ժողովրդի կամարտահայտությունը, պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ, եւ ժողովուրդը պետք է իմանա նման մարդկանց:
-Իսկ ԲՀԿ-ն վստահո՞ւմ է այս իշխանություններին:
-ԲՀԿ-ն վստահում է մեր ժողովրդի գիտակցությանը, վստահում է իր ուժերին:
ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ
Այսօր խորհրդարանում քննարկում էր կազմակերպված ԱԺ անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի եւ Վարդան Աթաբեկյանի կողմից: Քննարկմանը ներկա էր նաեւ Արցախի ԱԻՆ փոխնախարար Բորիս Ավագյանը, որը մի քանի աղմկահարույց հայտարարություններով հանդես եկավ: Եվ, ահա, այդ քննարկումից հետո ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը հայտարարել է, թե Բորիս Ավագյանը որեւէ պաշտոն չի զբաղեցնում Արցախում եւ չի կարող նախագահի հասարակական հիմունքներով հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի նախկին կարգավիճակով ներկայացվել:
ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը նշեց, որ քննարկումից անմիջապես հետո, երբ Բորիս Ավագյանը դեռ չի հասցրել հեռանալ խորհրդարանի շենքից, նրան է զանգահարել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը եւ տեղեկացրել, որ Արայիկ Հարությունյանն ուզում է իրեն ազատել աշխատանքից։
-Պարո՛ն Աթաբեկյան, խորհրդարանում լսումներ, քննարկում էիք կազմակերպել անկախ պատգամավորներով, որին ներկա էին նաեւ մյուս խմբակցությունների ներկայացուցիչեր, նաեւ Արցախի Հանրապետության ԱԻՊԾ տնօրենի տեղակալ Բորիս Ավագյանը: Քննարկումից հետո պաշտոնապես տեղեկատվություն տարածվեց, որ, իբրեւ, Բորիս Ավագյանն Արցախում որեւէ պաշտոն չի զբաղեցնում: Ինչի՞ մասին է վկայում այս ամենը, իրականում ի՞նչ է տեղի ունենում:
-Եթե նման հայտարարություն են անում, թող հրապարակեն, թե որ օրվանից նա պաշտոն չի զբաղեցնում: Կարող եմ մի բան նշել՝ երբ Բորիս Ավագյանին ուղեկցում էի Աժ-ից դուրս, իր ձեռքին զանգ եկավ ԱՀ Ազգային Ժողովի նախագահից, որը տեղեկացրեց, որ ԱՀ նախագահը Արայիկ Հարությունյանն ուզում է աշխատանքից ազատել կամ արդեն ազատել է: Թող հրապարակվի, թե որ օրվանից է աշխատանքից ազատվել Բ. Ավագյանը:
-Կարո՞ղ ենք արձանագրել, որ այս քննարկումից հետո որոշում է կայացվել, որ նա այլեւս Արցախում պաշտոն չի զբաղեցնում:
-Կարելի է ասել, որ, այո, այդպես է, քանի որ իմ ներկայությամբ են զանգահարել ու նման բան հայտնել: Թե մինչեւ այդ ինչ է պատահել, ես տեղյակ չեմ, բայց իմ ներկայութամբ նման բան են տեղեկացրել: Կարելի է այդպես կարծել, որ հենց այս հանդիպումից հետո նման որոշում է կայացվել:
-Իսկ տեղյակ չե՞ք՝ երբ Բ. Ավագյանը եկել էր խորհրդարան, Արցախի իշխանություն տեղյակ չէր արդյոք, որ նա կարող է նման հայտարարություններ անել կամ պարզաբանումներ ներկայացնել գերիների հարցի վերաբերյալ: Այս մասով որեւէ տեղեկություն ունե՞ք:
-Համենայնդեպս, մենք հանդիպումից հետո խոսել ենք, չեմ կարծում՝ նա այնպիսի հայտարարություն է արել, թեկուզ վտանգավոր կամ գաղտնիք պարունակող, որ որեւէ մեկի հետ պետք էր համաձայնեցնել: Հանդիպումը եղել է զուտ մտքերի փոխանակման, տեղեկատվական փոխանակման շրջանակներում: Մենք ընդամենը ուզում էինք հասկանալ, եթե մենք որեւէ խումբ ստեղծենք, արդյոք չենք խանգարի գործընթացին, ու ինչ նպաստ դրանով կբերենք: Չի խոսվել որեւէ ցուցակի, տվյալների մասին, որ պետք է նախօրոք համաձայնեցնել: Իմ կարծիքով՝ Բ. Ավագյանը հասկանում է, թե ինչ ինֆորմացիա կարող է տրամադրել:
-Այս հայտարարությունից հետո խոսե՞լ եք Բ. Ավագյանի հետ: Անակնկալի՞ է եկել:
-Որ ասեմ՝ շատ անակնկալ էր, չէ, սպասելի էր նրա համար: Դեռ չեմ հանդիպել, որպեսզի հասկանամ, թե ինչ է տեղի ունեցել:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ԷԼՑԱՆՑԻՆ
«Հայաստան էլեկտրական ցանցեր» ընկերությանը նախազգուշացում կտրվի: Ի դեպ, նախազգուշացում տվող մարմինը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ընկերությունը գործունեության վերաբերյալ հաշվետվությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով որոշմամբ սահմանված ժամկետում չի ներկայացրել: Ապա հանձնաժողովը մարտի 23-ից ընկերության նկատմամբ վարչական վարույթ է հարուցել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ընկերությունը սահմանված ժամկետում չի ներկայացրել տեխնիկական պատճառներով եւ, որպես արդարացում, նշել է, որ բացթողումը վրիպակի հետեւանք է եւ ոչ դիտավորյալ: Ավելին, ՀԷՑ-ը հանձնաժողովին առաջարկել է պատասխանատվության միջոց չկիրառել: Եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է ոչ թե տուգանել, այլ նախազգուշացում կիրառել ընկերության նկատմամբ:
ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՍԿՍԵՆ
ArmLur.am-ը հայտնել էր, որ ոստիկանությունը Աջափնյակ վարչական շրջանի շինարարների փողոցից մի խումբ երիտասարդների է բերման ենթարկում ոստիկանության Մաշտոցի բաժին: Իրավապահ համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինները, ոստիկանությունը, ԱԱԾ-ն քննարկում են իրականացրել եւ արձանագրել են, որ հանցավորության դեպքերը շատացել են՝ դանակահարություն, խուլիգանություն, գողություն, եւ անգամ անդրադարձ է եղել երթուղայինում սպանության դեպքին, թե ինչ «բեսպրիդել» եւ ամենաթող իրավիճակ է ստեղծվել, ուստի որոշվել է խիստ եւ կոշտ քայլերի դիմել՝ ամենաթող վիճակը բացառելու համար:
Ավելին, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները խուզարկություններ կսկսեն նաեւ կասկածելի անձանց եւ նրանց պատկանող բնակարաններում, որոնց մասով կունենան օպերատիվ տեղեկություններ: Ավելին, չի բացառվում, որ իրավապահաները առաջիկայում կխուզարկեն Արցախի պատերազմի մասնակիցների բնակարանները: Ի դեպ, Գեղարքունիքի մարզում գործընթացը սկսվել է, եւ դեռ ավելին՝ խուզարկություների արդյունքում կան մեղադրյալներ: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Գեննադի Առաքելովին մեղադրանք է առաջադրվել, որ նա, մասնակցելով 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից սանձազերծված զինված ագրեսիայի դեմ պայքարելու համար մարտական գործողություննեին, 2020թ. հոկտեմբերի 13-ին վերադարձել է Սեւան քաղաք՝ իր հետ պահելով եւ փոխադրելով գործարանային արտադրության «ԱԿ» տեսակի ինքնաձիգներ, դրանց մոդիֆիկացիաների համար նախատեսված սառը զենք հանդիսացող սվին-դանակը եւ այն 2020թ. հոկտեմբերի 15-ին ապօրինի կրել է իր մարմնի վրա, որը հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Սեւանի բաժնի աշխատակիցների կողմից կատարված Գեննադի Առաքելովի անձնական խուզարկությամբ։