Լոս Անջելեսից Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ և Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Էլեն Ասատրյանը բանաձև է ներկայացրել, որը կքննարկվի Կալիֆորնիայի Դեմոկրատական կուսակցության ապրիլի 29-ից մայիսի 2-ը տեղի ունեցող ամենամյա համաժողովի ընթացքում: Բանաձևը դատապարտում է Թուրքիային և Ադրբեջանին իրենց գործած պատերազմական հանցագործությունների համար` սեպտեմբերի 27-ին Արցախի վրա հարձակումից հետո տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ընթացքում:
«Հայերն այսօր»-ը տեղեկացնում է, որ բանաձևը նաև հորդորում է ԱՄՆ Կոնգրեսին և Բայդենի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ և պահանջել, որ Ադրբեջանի իշխանություններն անհապաղ ազատ արձակեն բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց: «Ավելին՝ այն նաև կոչ է անում Կալիֆորնիայի պետական աշխատողների կենսաթոշակային գրասենյակին և Նահանգային ուսուցիչների կենսաթոշակային գրասենյակին սոցիալական պատասխանատվություն ստանձնել և պետական աշխատողների կենսաթոշակային բոլոր միջոցները դուրս հանել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից թողարկված ներդրումային գործիքակազմից՝ քանի դեռ Թուրքիան չի ճանաչել 1915 – 1923 թվականների Հայոց ցեղասպանությունը, և քանի դեռ արցախցիներին չի տրվել իրենց պատմական հողի վրա ազատ ինքնորոշման հնարավորություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Այս բանաձևը հեղինակելը խորապես անձնական բնույթ ունի, քանի որ իմ ընտրողների շրջանում շատ ամերիկահայեր կան, որոնց ես հպարտորեն ներկայացնում եմ որպես Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ և Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ։ Որպես կուսակցություն՝ մեր պարտքն ու բարոյական պարտականությունն է ամուր դիրքորոշում ցուցաբերել մարդու իրավունքների ոտնահարումների դեմ, ցավի այս պահին զորակցություն ցույց տալ, ուժեղացնել մեր ազգային փոքրամասնությունների ձայները ի հակառակ ճնշումների՝ պաշտպանելով մարդու կյանքի, ազատության և արժանապատիվ գոյության հիմնարար արժեքները։ Սա մարդասիրական ճգնաժամ է, որը պահանջում է մեր համարձակ նախաձեռնողականությունն ու մեր անմիջական ուշադրությունը: Իրավիճակը ծանր է, վտանգվում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքը, իսկ բռնապետներ Էրդողանի և Ալիևի կողմից շարունակվում են հայ ժողովրդի բնաջնջման իրենց առաքելությունն ավարտին հասցնելու սպառնալիքները: Թուրքիան և Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրեն ոչ միայն մինչ այժմ իրենց կատարած պատերազմական հանցագործությունների, այլև նաև ամերիկացիների հարկերից գոյացած դոլարները ռազմական հանցագործություններն իրագործելու նպատակով անօրինաբար ծախսելու համար»,-ասում է Էլեն Ասատրյանը՝ հավելելով. «Եթե մենք հիմա ուժեղ դիրքորոշում չդրսևորենք, ապա մենք ոչնչով չենք տարբերվի այն միջազգային հանրությունից, որ 1915 թ-ին լուռ հետեւում էր, թե ինչպես է տեղի ունենում Հայոց ցեղասպանությունը՝ ոչինչ չձեռնարկելով դա կասեցնելու համար: Հուսով եմ, որ իմ գործընկերներն ու Դեմոկրատական կուսակցության մեր առաջնորդները կանդրադառնան այս արդիական բանաձևի ծայրահեղ կարևորությանը, և կաջակցեն դրա ընդունմանը կուսակցական համաժողովում։ Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր ընտրված անդամներին, երաշխավորներին և կառույցներին, ովքեր մինչև այս պահն աջակցել են բանաձևի կայացմանը»։
«Ցեղասպանությունը անցյալի մի ակնթարթ չէ, այն տեղի է ունենում նաև հենց հիմա ՝ աշխարհի տարբեր վայրերում: Միայն ամիսներ առաջ Թուրքիան և Ադրբեջանը պատերազմ սկսեցին հայերի դեմ Արցախում, և շատ հայեր վախենում են, որ ցանկացած պահի կարող է տեղի ունենալ մեկ այլ ցեղասպանություն: Այս պարզ ճշմարտության բարձրաձայնումը կարող է օգնել կանխելու մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունները ՝ ցույց տալով, որ նրանք, ովքեր զբաղվում են զանգվածային սպանություններով, պատասխանատվություն են կրելու», – ասում է կոնգրեսական Ադամ Շիֆը, ով բանաձևը ստորագրած աջակիցներից մեկն է։
«Որպես ցեղասպանությունը վերապրածների ժառանգ և որպես ցեղասպանության հետևանքով փախստական դարձաձ երրորդ սերնդի ներկայացուցիչ, Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների կողմից իրականացված վերջին հարձակումը ես համարում եմ որպես ցեղասպանության շարունակություն, բնիկ հայ ժողովրդի բնաջնջում իր պատմական հողերից և մշակութային ժառանգության ոչնչացում: Այս բանաձևն արդիական է և կարևոր, քանի որ այն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի և Թուրքիայի կառավարություններին իմ ժողովրդի նկատմամբ մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների համար: Մեր հարկային դոլարներն այլևս չեն կարող աջակցել այս կառավարությունների ռազմական հանցագործությունների իրագործմանը», – ասում է Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ և Դեմոկրատական կուսակցության կենտրոնական Կոմիտեի անդամ Սյուզի Աբաջյանը, ով նաև բանաձևը ստորագրած աջակիցներից մեկն է։
Բանաձևի բնօրինակը ներկայացվել է անհրաժեշտ առավելագույն 35 երաշխավորների ստորագրություններով, որոնց թվում են կոնգրեսական Ադամ Շիֆը և Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներ Սյուզի Աբաջյանը, Հանս Յոհանսոնը, Վանուհի Վարդանյանը, Սինդի Մոնտոյան, Էլեն Ֆինքելփիրլը, Ջոն Հարապետյանը, Խոսե Բարնսը, Դրեքսել Հերդը, Կորին Սին, Թոդ Ջոնսը, Ջեսիկա Քրեյվենը, Լինդա Պերեսը, Մալքոլմ Ջոնսոնը, Կև Աբազաջյանը, Ջինա Քլեյթոն-Թարվինը, Շոն Աբաջյանը, Մելիսա Թեյլորը, Ռեբեկա Վոլֆերսբերգերը, Լուիս Լոպեսը, Միա Լիվաս Պորտերը, Մարկո Ֆլորեսը, Թինա Ֆրեդերիքսը, Ստիվեն Ֆիշերը, Քերեն Սուարեզը, Մարի Ան-Լյուցը, Քեյթլին Պատերսոնը, Անժելիկա Դուենասը, Թիմ Ուենդլերը, Մինդի Փայֆերը, Ջաքինտա Լինքը, Քենեթ Արմսթրոնգը, Ջեյսոն Սմոլը և Թոմ Օ’Շոունեսին:
«Հայերն այսօր»-ից նաև հայտնում են, որ ավելի քան 125 կազմակերպություններ և ղեկավարներ, գործիչներ ու դեմոկրատական կուսակցության անդամներ երաշխավորական նամակներ են ուղարկել հանձնաժողովին բանաձևի ընդունման պահանջով։ Նրանց թվում են Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը, Ամերիկայի Հայկական Համագումարը, Արևմտյան Ամերիկայի Համահայկական Խորհուրդն իր 24 տարածաշրջանային և ազգային հայ-ամերիկյան հոգևոր, քաղաքական և հասարակական կազմակերպություններով, Գլենդելի Ուսուցիչների ասոցիացիան, ինչպես նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանն ու այլոք։
Ըստ աղբյուրի՝ Կալիֆորնիայի Դեմոկրատական կուսակցության բանաձևերի հանձնաժողովը իրավասություն ունի փոփոխելու ստացված ցանկացած բանաձևի տեքստը: Այն նաև իրավասու է միավորել բանաձևերը, եթե ներկայացված են նույնատիպ կամ միանման թեմայով բազմաթիվ բանաձևեր՝ առանց դրանց հեղինակների նախնական համաձայնության: Չնայած՝ նույն թեմայով երկու բանաձև է եղել ներկայացված, հանձնաժողովը նախընտրել է բացառապես օգտագործել Է. Ասատրյանի բանաձևի տեքստը, իր հետ աշխատել է փոփոխությունների վրա և համաձայնել է հիմնականում նույնը պահպանել բանաձևի բնօրինակի տեքստը։