ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը գերիների վերադարձի դիմաց պահանջում է Շուշի-Կարմիր շուկա ճանապարհը. «Կոմերսանտ»-ի անդրադարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերիների վերադարձն արդեն ոչ թե երկկողմ, այլ միջազգային հարց է։ Բաքվի վրա, առանց մեծ հաջողության, փորձում են ազդել և՛ Միացյալ Նահանգները, և՛ Ռուսաստանը։ Այս մասին գրված է այսօր «Կոմերսանտում» հրապարակված «Երևանի ցավը Բաքվում չի անցնում. Հայաստանի գերիներին վերադարձնելու Ադրբեջանի դժկամությունը բարդացնում է նույնիսկ Մոսկվայի կյանքը» վերնագրով ծավալուն հոդվածում։

Հոդվածը հեղինակ Վլադիմիր Սոլովյովն է, որը այն գրել է Երևանում երեկ կայացած հայ-ռուսական բանակցությունների հետքերով։

Հոդվածը որոշ մանրամասներ է հայտնում երեկվա բանկցություններից և նախանշում այն օրակարգը, որը լինելու մի քանի օրից Բաքվում կայանալիք ռուս-ադրբեջանական բանակցություններին: Մասնավորապես,  բավականին ծավալուն անդրադարձ կա Բաքվում պահվող հայ գերիների մասով։

Թերթի աղբյուրների խոսքով՝ Ադրբեջանը փորձում է գերիների ազատ արձակումը պայմանավորել իր պահանջների կատարմամբ։ Որպես կանոն, դրանք վերաբերում են տարածքային հարցերին։ Այսպես, «Կոմերսանտի» իրազեկ զրուցակիցը պատմել է, որ ադրբեջանական կողմը հարց է դրել իր վերահսկողության տակ հանձնել Շուշի-Կարմիր շուկա ճանապարհը, որն այժմ վերահսկվում է ռուս խաղաղապահների և հայ զինվորականների կողմից:

Ռուսական պարբերականը գրում է նաև, որ մինչ օրս հայտնի չէ, թե քանի գերի կա Ադրբեջանում։ Հայկական կողմի տվյալներով՝ մոտ երկու հարյուր հոգի, պաշտոնական Բաքուն ասում է, որ Ադրբեջանում մնացել է 59 հայ գերի, ում Բաքուն ռազմագերի չի համարում և պատրաստվում է դատել։

Թերթը գրում է, թե պաշտոնական Երևանը գերիների վերադարձի հարցում հոռետես է և չի հավատում, որ նրանք կվերադառնան մինչև նախատեսվող ընտրութուններ` հունիսի 20-ը։ Թերևս հետաքրքիր է, որ ռուսական պարբերականի հեղինակը գերիների հարցը կապում է ընտրությունների հետ, հավանաբար նման բան իրեն ասել են հայ պաշտոնյաները։

«Կոմերսանտը» նաև նշում է, որ գերիների վերադարձի հարցում Մոսկվան ունի իր շահերը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս