Ի՞նչ ճակատագիր է սպասվում ֆիզիկական բժշկության ինստիտուտին. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը (Ֆիզիոթերապիայի ինստիտուտ) ներառված էր պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում, սակայն միայն այս տարվա հունվարին հայտարարվեց ինստիտուտի 100 տոկոս պետական բաժնետոմսերը վաճառելու մասին։

«Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ այն գնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը: Նույն աղբյուրները փոխանցում են, որ ցանկություն կա այն վերապրոֆիլավորել և ստեղծել ախտորոշիչ կլինիկա: Մենք գրավոր հարցմամբ դիմել էինք վարչապետի աշխատակազմ՝ ճշտելու տեղեկությունը:

Ստացել ենք այսպիսի պատասխան. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի հետ որևէ առնչություն չունի»: Ի դեպ, ուշագրավ է, որ հենց այս օրերին որոշվեց աշխատանքից ազատել ֆիզիկական բժշկության ԳՀԻ տնօրենի ԺՊ Տիգրան Վահրամյանին: «Շատ անսպասելի ստացել եմ բանավոր առաջարկ՝ գրել դիմում զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ կամ կհեռացվեմ աշխատանքից, որպես վատ կառավարիչ վերադասի հրամանով՝ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանից»,- գրել է Վահրամյանը, ապա հավելել, որ դիմել է և դիմելու է օրինականությունը վերականգնելու և իրականությունը պարզելու համար բոլոր հնարավոր օրինական քայլերին: Թե որքանով է ինստիտուտի վաճառքի գործընթացը կապված այս որոշման հետ, ցույց կտա ժամանակը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս