Ինչ խնդիրներ է հայտնաբերել Հաշվեքննիչ պալատը վարչապետի աշխատակազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետի աշխատակազմում 2020-ի ընթացքում որոշ աշխատակիցներ ստացել են իրենց աշխատավարձի չափը գերազանցող պարգևավճարներ։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է  Հաշվեքննիչ պալատի ներկայացրած՝ վարչապետի աշխատակազմի 2020-ի 12 ամիսների պետբյուջեի կատարման հաշվեքննության վերաբերյալ զեկույցից։ Ինչպես հայտնի է՝ այս կառույցը պետական մարմիններում աուդիտ է իրականացնում եւ պարբերաբար հանդես գալիս զեկույցներով:

Զեկույցում նշված է, որ 2020-ի ընթացքում «աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով վճարվել է մոտ 2.5 միլիարդ (2 566 055 800) դրամ, որի շուրջ կեսը որպես աշխատավարձ, իսկ մոտ 363 միլիոն դրամը` պարգևավճար, մնացածը` եկամտահարկ, արձակուրդային, տարբեր նպաստներ ու սոցվճարներ։ Կառույցը զեկույցում նկատում է, որ աշխատավարձի չափը գերազանցող պարգևավճարը հակասում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքին, մասնավորապես այն կետին, ըստ որի, այն չպետք է գերազանցի մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափը։

Զեկույցից տեղեկանում ենք, որ պարգևատրվողների ամենամեծ թիվը եղել է հենց սեպտեմբերին՝ պարգևատրվել է 504 աշխատակից: Նկատենք՝ վարչապետի աշխատակազմում  այս դիտարկման հետ չեն համաձայնել:

Հաշվեքննիչ պալատն այլ անհամապատասխանություններ եւս արձանագրել է: Օրինակ, անհամապատասխանություն է առկա եղել «Հանրային առողջության պահպանում» ծրագրի կատարման հետ կապված, մասնավորապես, այս միջոցառման մասով ապրանքներ են ներկրված եղել, որոնք սակայն մաքսային հայտարարագրում անցած չեն եղել: Այնին, «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին»  պայմանագրի 84-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, դրանք պարտադիր ենթակա են մաքսային հայտարարագրման:

Ն.Հ.




Լրահոս