Լուսանկարն արվել է Լոռու մարզում
Երեկ Վանաձորի բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ էլեկտրահարված այրվածքային մակերեսներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը, ում տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Վանաձորի հիվանդանոցի բժիշկները, Սանավիացիայի ուղղաթիռով շտապ տեղափոխվել է Երեւանի այրվածքաբանության ազգային կենտրոն։
Պարզվել է, որ էլեկտրահարված քաղաքացին Վանաձոր քաղաքի բնակիչ 28-ամյա Նարեկ Նիկոլյանն է, որ էլեկտրահարվել է՝ Վանաձոր քաղաքի Հակոբյան փողոցի 1/3 հասցեի դիմաց գտնվող թիվ 13 էլեկտրաբաշխիչ ենթակայանում աշխատանքներ կատարելիս
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է որոշվում երեխայի նկատմամբ հայրությունը:
Կարինե Մելքոնյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայրության ճանաչման պետական գրանցման հիմքերը՝
1) երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող մոր եւ երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի համատեղ հայտարարությունն առ այն, որ երեխան սերվել է հայտարարություն ներկայացնող անձից,
2) ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում մոր հետ ամուսնության մեջ չգտնվող, երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի հայտարարությունն առ այն, որ երեխան սերվել է իրենից,
3) «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճիռը:
Եթե երեխայի ծնունդը գրանցել է օտարերկրյա պետությունը, ապա հայրության ճանաչման պետական գրանցումը կարող է կատարվել Հայաստանի Հանրապետությունում, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օտարերկրյա պետության գրանցած ծննդյան ակտային գրանցման հիման վրա կատարված հայրության ճանաչման պետական գրանցման դեպքում դիմողին տրամադրվում է հայրության ճանաչման վկայական, եւ կատարված հայրության ճանաչման պետական գրանցման մասին հաղորդվում է երեխայի ծննդի ակտային գրանցման վայր՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ավանդի փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման համար ի՞նչ փաստաթղթեր է ներկայացնում սոցիալական աջակցության տարածքային գործակալություն:
Լիլիթ Ավետիսյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ավանդի փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման համար սոցիալական աջակցության տարածքային գործակալություն ներկայացնում է հետեւյալ փատաթղթերը՝
անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ; ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին; ավանդատուի խնայողական գրքույկը, ինչպես նաեւ դրա լուսապատճենը` գրքույկի առաջին էջի եւ 1993թ. հունիսի 10-ի դրությամբ մնացորդի էջերի մասով; տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993թ. հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին:
Ըստ անհրաժեշտության՝ ներկայացվում է նաեւ`
ա. ամուսնության վկայական կամ տեղեկանք քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնից՝ ամուսնության գրանցման մասին, եթե դիմողը ներկայացնում է ավանդատուի մահացած ամուսնուն պատկանող խնայողական գրքույկը, ինչպես նաեւ ամուսնու մահվան վկայականը, դրանց լուսապատճենները,
բ. ավանդատուի անունը եւ ազգանունը փոխելու մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնի տված փոխման վկայականը, եթե անձնագրում եւ խնայողական գրքույկում նշված անունը, ազգանունը տարբեր են, իսկ ուղղելու դեպքում` ուղղման տեղեկանքը եւ դրանց լուսապատճենները,
գ. Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի վկայականը եւ դրա լուսապատճենը,
դ. նոտարի կողմից տրամադրված՝ զոհվածի անունով մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված ավանդի ժառանգության իրավունքի վկայագիր, ՀՀ ՊՆ-ի կողմից տրված՝ զոհվածի կարգավիճակը հաստատող տեղեկանք, զոհվածի մահվան վկայական եւ դրանց լուսապատճենները,
ե. տեղեկանք զինկոմիսարիատից` 2014թ. օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելու վերաբերյալ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձինք փոխհատուցում կարող են ստանալ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց: