ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել «շտապ և խաղաղ կարգավորել այս միջադեպը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղարությունը մտահոգություն է հայտնել ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ զինծառայողների «կալանավորման» կապակցությամբ։

«Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով վերջին զարգացումներով, այդ թվում` ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինծառայողների կալանավորմամբ [detention]», – ասվում է պետքարտուղարության տարածած (27.05.2021) հաղորդագրության մեջ։

ԱՄՆ դիվանագիտական գերատեսչությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել «շտապ և խաղաղ կարգավորել այս միջադեպը»:

«Մենք նաև շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և այլ կալանավորվածներին ու հիշեցնում ենք Ադրբեջանին միջազգային մարդկայնական օրենսդրությամբ ստանձնած պարտավորությունների մասին`բոլոր կալանավորվածներին [detainees] մարդկայնորեն վերաբերվել»։

ԱՄՆ-ը «սադրիչ ու ոչ անհրաժեշտ է դիտարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ոչ գծանշված տարածքների երկայնքով ցանկացած տեղաշարժ»։

«Մենք մերժում ենք սահմանը գծանշելու համար ուժի օգտագործումն ու կոչ անում երկու կողմերին վերադառնալ իրենց նախկին դիրքերն ու դադարեցնել ոչ գծանշված սահմանին ռազմական ամրացումը և ականների տեղադրումը», – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը։

Միացյալ Նահանգները «մասնավորապես» կոչ է արել Ադրբեջանին իր ուժերը տեղափոխել մայիսի 11-ի դրությամբ իրենց դիրքերը:

«Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին իր ուժերը տեղափոխել իրենց դիրքերը մայիսի 11-ի դրությամբ, և ողջունում ենք այդ նպատակի համար հայտարարությունները: Այս գործողությունները կթուլացնեն լարվածությունն ու տարածություն կստեղծեն սահմանը շտապ գծանշելու՝ խաղաղ բանակցային գործընթացի համար: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այդ ջանքերին», – նշվում է հաղորդագրության մեջ։

«Միացյալ Նահանգները կոչ է անում կողմերին հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար»,- եզրափակել է ԱՄՆ դիվանագիտական գերատեսչությունը։




Լրահոս