Ուրբաթ օրը Մոսկվայում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և նրա հայ գործընկեր Վաղարշակ Հարությունյանի միջև. նրանք կքննարկեն բոլոր ընթացիկ սուր խնդիրները:
Ռուսաստանի նախարարն առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգության խնդիրները:
«Մենք կքննարկենք տարածաշրջանային անվտանգության հարցեր՝ կապված Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի աշխատանքի հետ, բայց նաև, իհարկե, այս պահին ծագած բոլոր սուր խնդիրները»,- ասել է Շոյգուն:
«Այսօր մենք կքննարկենք համագործակցության մեր բոլոր հարցերը, որոնք, իմ կարծիքով, շատ հաջող կերպով զարգանում են»,- ասել է Հարությունյանը:
Բացելով հանդիպումը՝ Շոյգուն նշել է, որ Ռուսաստանը և Հայաստանը ուժեղացնում են ռազմական համագործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին՝ ՀԱՊԿ շրջանակներում:
«Մեր զինված ուժերի միավորված խմբավորման ստեղծման, ինչպես նաև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանի հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագրերը հաջողությամբ իրականացվում են… Երկկողմ համագործակցության բարձր մակարդակի ցուցիչն է Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի գործունեությունը, ինչը մենք համարում ենք տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևոր գործոն»,- շարունակել է նա:
Շոյգուն շնորհավորել է Հարությունյանին և ողջ հայ ժողովրդին պետական տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ:
«Ես ուզում եմ շնորհավորել ձեզ ազգային տոնի առթիվ, որն այսօր նշում է ամբողջ հանրապետությունը. այս օրով հնարավոր դարձավ Ձեր այցը Մոսկվա: Սա վկայում է այն մասին, որ մեր երկրների միջև հարաբերությունները առաջվա պես շատ բարձր մակարդակի վրա են, և մեր ռազմավարական գործընկերությունը մենք շարունակում ենք զարգացնել և խորացնել»,- հայտարարել է նա:
Շոյգուն հիշեցրել է, որ Հայաստանի բարձր մակարդակի ռազմական պատվիրակությունները ավանդաբար մասնակցում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության նշանակալի իրադարձություններին:
«Մենք ուրախ կլինենք Ձեզ տեսնելու միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան IX համաժողովին, որը տեղի կունենա հունիսին»,- ասել է նա:
«Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներին Միջազգային բանակային խաղերին և «Բանակ -2021» միջազգային ռազմատեխնիկական ֆորումին»,- հավելել է Շոյգուն: