Էջմիածին քաղաքի բնակիչների մեծ մասը հայտնվել է անահրմար դրության մեջ․ քաղաքում ջուր չկա։ Էջմիածնեցիները այս խնդրով ահազանգել են ArmLur.am-ին՝ նշելով, որ մի քանի ժամ ջուր չունեն, իսկ երբ փորձում են կապ հաստատել «Վեոլիա ջուր» ընկերության օպերատորների հետ, որպեսզի տեղեկանան ջուր չունենալու պատճառների մասին, արձագանք չեն ստանում։
Իր հերթին ArmLur.am-ը եւս փորձեց կապ հաստատել ընկերության հետ․ վերջապես մեր համառ ու երկարատեւ ջանքերից հետո հաջողվեց խոսել ընկերության օպերատորի հետ։ Պարզվեց, որ «Հայաստան էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից հոսանքազրկումներից հետո Էջմիածին խմելու ջուր մատակարարող պոմպակայանները փչացել են․ «Պոմպակայանները չեն աշխատում, ջուր չի հավաքվում հնարավոր չի լինում ջուր տրամադրել։ Հիմնական պոմպակայաններն անջատված են, հնարավոր է առանց ճնշման ցածր հարկերում ապրող բնակիչներն ունենան ջուր»։
Իսկ մինչ այդ տեղեկացնենք, որ այս ընկերության գործելաոճից շատ քաղաքացիներ են դժգոհում․ բաժանորդները զանգահարում են կա՛մ անպատասխան են մնում այդ հեռախոսազանգերը, կա՛մ էլ բողոքը գրանցում են, բայց արձագանքում են օրեր անց, երբ այդ հարցն արդեն լուծված է լինում։
Ս․Հ․