ՀՀ Գեղարքունիքի մարզի Վանեւան եւ Տորֆավան գյուղերում սիբիրյան խոց հիվանդությունից 33 կենդանի է անկել, իսկ 3 բնակիչ հոսպիտալացվել է:
ArmLur.am-ը այս թեմայի շուրջ զրուցեց «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանի հետ:
-Պարո՛ն Հովհաննիսյան, Գեղարքունիքի մարզի Վանեւան, Տորֆավան գյուղերում սիբիրյան խոցից կենդանիներ են անկել, մարդիկ են հոսպիտալացվել. ինչո՞ւ կարանտին չի հայտարարվում:
-Կարանտինը անկած կենդանիների թվի հետ կապ չունի, կարանտին հայտարարում է տեսչական մարմինը: Բայց կարանտինի ամբողջ միջոցառումները կատարված է մեր ՊՈԱԿ-ի եւ տեսչական մարմնի կողմից:
-Իսկ կենդանիների՝ մեկ գյուղից դեպի մյուս գյուղ տեղաշարժն ո՞ւմ կողմից է վերահսկվում: Արդյոք վերահսկվո՞ւմ է, թե՞ ոչ:
-Այս պահի դրությամբ ասեմ, որ վտանգ արդեն չկա, կայուն վիճակ է այնտեղ, կրկնակի պատվաստում է իրականացվել, կենդանիներ կային, բուժման պրոցեսում էին, բայց արդեն դեպի դրական տեղաշարժ ունենք: Այսինքն՝ համաճարակ չէ, այդ հիվանդությունը, կարող ենք ասել, այլեւս բացառված է, չի փոխանցվի:
-Բացի Տորֆավանից ու Վանեւանից, այլ գյուղերում ստուգումներ իրականացվո՞ւմ են, թե՞ ոչ:
-Անպայման հարակից գյուղերում ուսումնասիրություններ են անցկացվել: Մենք պատվաստում իրականացրել ենք անգամ ապահով զոննաներում, խնդիր չկա, ուղղակի մենք մեր հանգստության համար կանխարգելիչ միջոցառում ենք իրականացրել: Վերահսկողությունը մի քանի անգամ մեծացել է:
-Պարո՛ն Հովհաննիսյան, երկու գյուղապետերը «Ժողովուրդ» օրաթերի հետ զրույցում հայտարարեցին, որ իրենց գյուղերում սիբիրյան խոցի նկատմամբ պատվաստում իրականացվել է դեռեւս ապրիլ ամսին: Կարո՞ղ եք մասնագիտական բացատրություն տալ այն մասին, թե ինչու է ապրիլին պատվաստված անասունն անկել հունիսին:
-Պատվաստման ընթացքում լինում են հյուծված կենդանիներ, որոնք իմունիտետ ձեռք չեն բերում, այդ գլխաքանակը, որն անկել է, եղել են նաեւ չպատվաստված, որոնց անասնատերը չի թույլատրել պատվաստել: Հղիության վերջին ամսում իրենք վախենում էին վիժումներից, դրա համար չթողեցին պատվաստել իրենց անասունին:
-Ձեր կարծիքով՝ անկած կենդանիները նրանք են, որոնք իմունիտետ ձեռք չե՞ն բերել պատվաստելուց հետո:
-Այո, ու նաեւ հիմնական պատճառը խոտածածկի խնդիրն է: Այս տարի, բոլորս գիտենք, որ խոտը շատ ցածր է: Այսնինք՝ կենդանին անմիջական շփվում է հողի հետ, ու իր վարակվելու հավանականությունը շատ մեծ է:
-Բայց հողից նմուշառում արվել է եւ բացառվել է այդ վարկածը…
-Հողից մի քանի տեղից է արված, ու այնպես չէ, որ արոտը կոնկրետ հենց այդտեղից է… Չի բացառվում, որ կենդանիները որտեղից որ սնվել են, այդտեղից սիբիրախտի հարուցիչներ լինեն,.
-Պարո՛ն Հովհաննիսյան, հաշվեքննիչ պալատը Ձեր ղեկավարած ՊՈԱԿ-ում պատվաստանյութերի հետ կապված անհամապատասխանություն էր հայտնաբերել. դրանք պետք է պահվեին համապատասխան ջերմային պայմաններում եւ պահանջվող ժամկետում օգտագործվեին, բայց այդպես չի եղել: Գուցե Գեղարքունիքի մարզում էլ է այդ իրավիճակը եղել, եւ պատվաստանյութերը փչացել են:
-Գեղարքունիքի մարզում բոլորն ապահովված են սառնարաններով: Իսկ Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրության ընթացքում Կոտայքի մարզում, ճիշտ է, եղել են վայրեր, որտեղ այդ սառնարանն անսարք վիճակում է եղել: Վակցինայի ջերմաստիճանը +2-ից +8 աստիճան է, պալատի ուսումնասիրությունից հետո մենք գնացել ենք, լրացուցիչ ստուգել ենք, մեզ մոտ կան այդ լուսանկարները, այսինքն՝ երբ իրենք ժամանել են, պահման պայմանների խախտում չի եղել, ուղղակի ոչ սառնարային պայմաններում են պահված եղել, բայց ջերմաստիճանը պահպանված Է եղել:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԿՐԿՆԱԿԻ ԹԱՆԿԱՑԵԼ Է
Հայաստանում այս տարվա երաշտի պատճառով անասնակեր խոտը սակավ է։ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, ի տարբերություն մարզի Բերդի տարածաշրջանի, հնձված խոտը քիչ չէ, սակայն հանրապետության այլ վայրերից, ուր անասնակեր խոտի պակաս կա, անասնատերերը մեկնում են Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղեր, հակավորված խոտ գնում եւ տեղափոխում։ Դրա հետեւանքով անասնակեր խոտը թանկացել է, նախկինում խոտի հակը Նոյեմբերյանում վաճառվում էր 600 դրամով, այժմ՝ 1200 դրամով, եւ գինը դեռ կարող է աճել։
ԴՊՐՈՑԸ՝ ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ
Բերդ համայնքի սահմանամերձ Արծվաբերդ գյուղն ունի շուրջ 3100 բնակիչ։ Գյուղն ունի երկու դպրոց՝ հիմնական եւ միջնակարգ։ Արծվաբերդի հիմնական դպրոցում սովորում է 140 աշակերտ։ Հիմնական դպրոցի շենքը շատ անմխիթար վիճակում է, դպրոցական հին կառույցի պատուհանները փոխվել են, տեղադրվել եվրոպատուհաններ, սակայն երկհարկանի շենքի դասասենյակների հատակը, առաստաղը, պատերը ուսուցչանոցը, միջանցքները նորոգելու խիստ կարիք ունեն: Արծվաբերդի բնակիչները հայտնեցին, որ դպրոցը նորոգելու ծրագիր է եղել, սակայն հետո որոշվել է այդ ծրագրի գումարներն ուղղել գյուղի մանկապարտեզի հիմնանորոգմանը։
3 ԱՄԻՍ ԱՆՑ
2018թ. ապրիլին՝ Իջեւանում հանրահավաքի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոր Հայաստանում խնամի-խանոթ-բարեկամով այլեւս պաշտոնների չեն նշանակվի, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշանակումները ԽԾԲ-ով են։ Նա 2019թ. սեպտեմբերի 12-ին Իջեւանի քաղաքապետի պաշտոնակատար նշանակեց իր հարսանիքի քավոր, իր դասընկեր Հայկ Ղալումյանին, որը մինչ այդ Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ի Իջեւանի մասնաճյուղի ղեկավարն էր։ Հայկ Ղալումյանը շարունակեց որպես քաղաքապետի պաշտոնակատար աշխատել, մինչեւ որ Նիկոլ Փաշինյանը 2021թ. ապրիլի 8-ին նրան նշանակեց Տավուշի մարզպետ։ Հայկ Ղալումյանը մարզպետի պաշտոնում իր նախորդի՝ Հայկ Չոբանյանի նման Տավուշի մարզի տարածաշրջանների խնդիրները չգիտի, նա մարզպետ նշանակվելուց գրեթե 3 ամիս անց՝ 2021թ. հունիսի 30-ին, որոշում է ընդունել մարզի համայնքների հիմնախնդիրների վերհանման նպատակով մարզպետարանի աշխատանքային խումբ ստեղծելու մասին, խմբի անդամները մեկ ամսվա ընթացքում պետք է այցելեն համայնքներ, ըստ ոլորտների վեր հանեն հիմնախնդիրները եւ ներկայացնեն մարզպետին։ Մարզային զարգացման ծրագրում մարզի համայնքների հիմնախնդիրները նշված են, մարզպետարանի տարածքային ինքակառավարման եւ ՀԳՄ հարցերով վարչությունն ինչո՞վ է զբաղված, որ մարզպետարանի աշխատանքային խումբ է ստեղծվում համայնքների հիմնախնդիրները պարզելու համար։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԿԱԴՐԱՅԻՆ ՋԱՐԴ՝ ՔՆՆՉԱԿԱՆՈՒՄ
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ երեկվանից ՀՀ քննչական կոմիտեում մեկնարկել է կադրային ջարդը:
Կոմիտեում պաշտոնից ազատման համար դիմում են գրել մի քանի պաշտոնատար անձինք, որոնց մեջ են կարեւոր գործերով քննչական խմբի ղեկավարներ, ինչպես նաեւ վարչության պետեր: Իսկ թե կոնկրետ ովքեր են նրանք, կներկայացնենք ավելի ուշ: Ի դեպ, օրերս գրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանն ազատվելու է աշխատանքից: Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե ինչու են Արթուր Մելիքյանին ազատում աշխատանքից, եւ արդյոք պատճառն ամեն դեպքում նոր աշխատանքն է, թե ոչ։ Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ ուժային կառույցներում, հատկապես՝ Քննչական կոմիտեում առաջիկայում աշխատանքից նոր ազատվողներ կլինեն, եւ Մելիքյանը նրանցից առաջինն է: Այսինքն՝ առաջիկայում ականատես ենք լինելու ուժային համակարգում կադրային ջարդի, եւ մինչեւ այժմ այս կամ այն պատճառով իշխանությունների տեսադաշտում գտնված պաշտոնյաները հերթով ազատվելու են աշխատանքից, եւ նրանց փոխարեն նոր նշանակումներ են սպասվում: