ԱՇԽԱՐՀԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵԶՐԱԳԾԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոսելով հայ ազգի համար այսօր կարեւորագույն խնդրի մասին՝ պետք է շեշտել, որ դա հասարակության միասնականության վերականգնումն է։ Վերջին ընտրությունները բացահայտեցին հակամարտող ուժերի կողմից մեր հասարակությունը պառակտելու եւ իրար հակադրելու գործնթաց, որը ստեղծել է տառացիորեն Հայաստանի Հանրապետության եւ Ղարաբաղի Հանրապետության կենսական շահերին հակասող իրավիճակ։ Փաստենք, որ միատարրության որոշ որակնորից ելնելով (էթնիկական, լեզվական, մշակութային և պատմական)՝ կարելի է վերը նշված նպատակը համայն հայության ջանքերով դժվարությամբ, բայց ի կատար ածել։

 

Լայն առումով դիտարկելիս վերը նշված նպատակին հասնելու գլխավոր խոչընդոտը թերեւս արդի աշխարհաքաղաքական զարգացումներն են, որոնք ծավալվում են մեր շուրջ եւ խորը ազդեցություն ունեն ինչպես մեր պետության ներքին կյանքի, այնպես էլ աշխարհասփյուռ հայության վրա։

Այսօր համընդհանուր քաղաքական լարվածությունը պայմանավորված է գլխավոր քաղաքական ֆակտորների՝ գերտերություններից (ԱՄՆ, ՉԺՀ, ՌԴ) օրավուր սրվող հակամարտությամբ։ Նշենք, որ  ԱՄՆ-ն եւ ՉԺՀ-ն տնտեսական եւ քաղաքական առումով այսօր ունեն համամոլորակային ազդեցություն։ Ծայրահեղ կոշտ հռետորաբանությունը, հայտարարված ծրագրային թիրախները ( ս.թ. դեկտեմբերի 9-ին, 10-ին ԱՄՆ կոմից հայտարարված ժողովրդավարությունների համաժողովը, որին հրավիրված չեն ՉԺՀ-ն եւ ՌԴ-ն, բայց որպես առանձին միավոր հրավիրված է Թայվանի Հանրապետությունը) բերում են աշխարհի նոր կոշտ բաժանումների, գործընթացի մասնակիցներն են դառնում տարբեր կողմերից խոշորագույն երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Հնդկաստանը, Ավստրալիան եւ ուրիշներ։

Այս սրացումը ոչ միայն անհամապատասխանության մեջ է բոլոր երկրի շահերին, այլեւ վտանգում է մարդ արարածի գոյությունը, որը որպես տեսակ երբեւէ այսպիսի սպառնալիքների ներքո չի եղել։

«Քովիդ 19» համավարակի նորանոր ալիքները, վտանգավոր վիրուսային շտամի անընդհատ մուտացիան, պատվաստանյութով հասարակական իմմունիտետի հասնելու խորտակված փորձերը (ինչպես Իսրայելում) խոսում են այն մասին, որ էկզիստենցիալ վտանգի դեմ պայքարը կարող է հաղթական լինել միայն մարդկության ողջ գիտական ներուժի մեկտեղմամբ։

Հիշեցնենք, որ այդպիսի համագործակցության բացառիկ օրինակ եղել է ԽՍՀՄ եւ ԱՄՆ-ի բաց գործակցումը Ճապոնիայում «սուր Էնցեֆալիտի» դեմ պայքարում։ Հավելենք, որ այսօր մարդու գործունեությունը հանգեցրել է համամոլորակային ջերմացման գործընթացի, որը առաջացնում է այնպիսի արմատական փոփոխություններ, որոնց դեմ կարելի է գործել միայն մեկտեղված կամքով։ Այսօր ինչպես ՀՀ-ի, այնպես էլ աշխարհում գոյություն ունեցող բոլոր պետությունների ու ժողովրդների հորդորը գերտերություններին պետք է լինի հանուն մարդու անվտանգ եւ արժանապատիվ գոյության ու սերունդների բարօրության մի կողմ դնել աշխարհի նոր բաժանման ծրագրերը։

Վարդան Խաչատրյան «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ

 

 




Լրահոս