ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 27-ի գործով մեղադրող դատախազի եղբոր նկատմամբ նյութեր են նախապատրաստվում: Դատելով իրավիճակից՝ իրավապահները Խաչփար համայնքի ղեկավարի նրա նկատմամբ գործընթաց են սկսել կապված եղբոր՝ ամիսներ առաջ արված հայտարարության մասով: Նախ ամենասկզբից. օրերս Խաչփար հայանքի ղեկավարի դեմ իրավապահներին բողոք է ներկայացվել, թե համայնքի որոշ բնակիչներ դժգոհել են համայանքապետի գործունեության հետ կապված, ինչի արդյունքում բնակիչների եւ համայնքապետի միջեւ սկսվել է վիճաբանություն եւ Ղազար Մարտիրոսյանը բնակիչների հասցեին սպառնալիքներ է հնչեցրել, տվել է սեռական բնույթի հայհոյանքներ՝ ասելով, որ քաղաքացիներից մեկի վերջը տալու է: Քաղաքացիների այս հաղորդման հիման վրա ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: Սակայն համայնքի որոշ բնակիչներ հայտնեցին, որ Ղազար Մարտիրոսյանի գլխին սարքում են: Իսկ ինչու, ըստ նրանց՝ Խաչփար համայնքի ղեկավար Ղազար Մարտիրոսյանը հոկտեմբերի 27-ի գործով մեղադրող դատախազ, այժմ փաստաբանությամբ զբաղվող Հակոբ Մարտիրոսյանի եղբայրն է: Իսկ ահա հոկտեմբերի 27-ի գործով մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը սկանդալային հայտարարություն էր արել։
Հակոբ Մարտիրոսյանը հանցագործության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կապված հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն եւ հայտնել . «Պատերազմի ընթացքում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ուղղակի դիտավորությամբ կատարել է արարքներ, որով օգնել է Ադրբեջանի Հանրապետությանը, որպեսզի վերջինիս կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված թշնամական գործունեության արդյունքներով Ադրբեջանի վերահսկողության ներքո վերադառնան հայկական զինված ուժերի կողմից նախկինում ազատագրված, Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմած տարածքները, այդ թվում՝ Հադրութի շրջանը եւ Շուշի քաղաքը»: Նման եզրահանգման է եկել դատախազի ավելի քան երկու տասնամյակի փորձ ունեցող, հոկտեմբերի 27-ի գործով մեղադրող դատախազ, այժմ փաստաբանությամբ զբաղվող Հակոբ Մարտիրոսյանը։ Նա պատերազմից հետո արդեն մի քանի ամիս զբաղված է եղել մինչպատերազմական եւ պատերազմական իրադարձություններն ուսումնասիրելով եւ դրանց հիման վրա եզրակացրել է, որ Փաշինյանը կատարել է առերեւույթ, առանձնապես ծանր հանցագործություն՝ պետական դավաճանություն, եւ նրա նկատմամբ պետք է գործ հարուցվի Քրեական օրենսգրքի 299-րդ եւ իրավասությունների գերազանցման հոդվածներով։ Այդ ուսումնասիրությունները՝ որպես հանցագործության մասին հաղորդում ՀՀ գլխավոր դատախազին ուղարկելու առիթը դարձել են Փաշինյանի՝ օրերս հնչեցրած սպառնալիքները՝ քաղաքացիական պատերազմ, վենդետա, ինչպես Մարտիրոսյանն է ասում՝ արյան վրեժ լուծելու մասին։ Նա՝ որպես փորձառու դատախազ, կարծում է, որ Գլխավոր դատախազությունն իր դիմումին ընթացք կտա, որովհետեւ փաստարկներն ամուր իրավական հենքի վրա են կառուցված։ Ու մինչ Գլխավոր դատախազությունը լռում է, վերջինիս գյուղապետ եղբոր նկատմամբ իրավապահները գործընթաց են սկսում:
Քնար Մանուկյան