«ԵՍ ՕՐՀՆՈՒՄ ԵՄ ՄԵՐ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ». ՇՊՌՈՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Շպռոտի հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ներքաղաքական եւ սահմանային լարված իրավիճակի մասին:

 

Մեր զրուցակիցը նշում է, որ թեեւ հաճախ է երկրից բացակայում, բայց մեր երկրում կատարվող բոլոր իրադարձությունները գտնվում են նրա ուշադրության կենտրոնում, եւ չնայած բոլոր դժվարություններին՝ փորձում է լավատես լինել:

«Ես ընդհանրապես փորձում եմ շատ հեռու ապագայի մասին մտածել, քանի որ երբ շատ ես ապրում ապագայով, ներկադ մոռանում ես: Դու պետք է ճիշտ կարողանաս ապրել ներկայիդ մեջ, որ անցյալից կառչած չլինես: Շատերը ապագա չեն տեսնում այս երկրում, քանի որ պետությունը ժողովրդին բերել, նոր «տուպիկի» առաջ է կանգնեցրել: Իմ կյանքում նման անելանելի վիճակներ շատ են եղել: Հիմա թուրքը եկել նստել է մեր հողի մեջ, բայց ոչ մի բան մեր կառավարությունը չի ձեռնարկում, եւ ես չեմ կարծում, որ կարող են լուծել, ուղղակի չեն լուծում: Ես այն մարդկանցից եմ, որ իմ ամբողջ կյանքում ոչ մի անգամ հույսս երբեք պետության եւ երկրի իշխանության վրա չեմ դրել: Իշխանությունը դարերով վատն է եղել, երբեք ոչ մի երկրի իշխանություն լավը չի եղել: Հիմա մենք պետք է մեր հույսը դնենք միայն մեզ վրա, չպետք է սպասենք, տեսնենք, թե Ռուսաստանը, Ֆրանսիան կամ Ամերիկան երբ կհասնեն մեզ օգնության: Ինձ առհասարակ հետաքրքիր չէ, թե իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ինչ է ասելու, մեկ է, իրենց խոսելուց իմ կյանքում ոչ մի բան չի փոխվելու, հետաքրքիր չէ, թե ինչ են ասելու, որովհետեւ իրենցից չի կախված իմ հայրենիքի փրկությունը: Ես ամեն անգամ ասում եմ, որ պետք է, հայ ժողովուրդ ջա՛ն, ձեր հույսը դնեք միայն ձեզ  վրա, աշխատեք, արարեք, ստեղծեք: Կարող է շատերիդ թվալ, թե ես հիմար լավատես եմ: Ես հավատում եմ, որ իմ երկրի հետ ամեն ինչ լավ է լինելու, նորից ամեն ինչ ընկնելու է իր տեղը, չգիտեմ, թե ինչպես է լինելու, բայց հավատում եմ: Ես իրավունք չունեմ լինելու վատատես, չեմ կարող ուղղակի նայել խնդրին, որովհետեւ նայլելու դեպքում կգժվեմ, կխելագարվեմ, երբ մտածեմ, որ իմ խեղճ, մի բուռ դարձած ժողովուրդն ու հայրենիքը շրջապատված են թշնամիներով: Ամեն օր զինվոր է զոհվում, Արցախի կեսը կորցրել ենք, եւ ես չեմ կենտրոնանում այդ վատի վրա, որ չգժվեմ»,- նշում է երգչուհին:

Շպռոտին հատկապես զայրացնում է այն հանգամանքը, որ մարդկանց համար հայհոյելը, միմյանց ատելը, թշնամանք տարածելը դարձել է սովորական բան:

«Ինձ զայրացնում է այն, որ այսօր մարդիկ բացի բողոքելուց ուրիշ ոչ մի բան չեն անում: Մարդիկ միմյանց նկատմամբ լցվել են ատելությամբ, հայհոյանքը դարձել է մեր կյանքի մի մասը: Այսօր ցավով եմ ասում, որ հայը հային ավելի շատ է սպանում, քան թուրքը, ավելի շատ վատություն է անում, քան թուրքը: Ինչո՞ւ եք իրար հայհոյում, թաքնվում դրա տակ, դա թշնամին տեսնում է, եւ դա այն հիմնական պատճառներից մեկն է, որը մեզ հասցրել է այս խայտառակ վիճակին, դա է պատճառը, որ հիմա սահման չունենք. հո մեր տղաները ասֆալտի համար չե՞ն զոհվել, զոհվել են հայի գենի համար: Ես միշտ օրհնում եմ մեր ղեկավարությանը՝ ուզում է Քոչարյանը լինի, ուզում է  Սերժը լինի, ուզում է Նիկոլ Փաշինյանը լինի»,-հավելում է նա:

 ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏՎԵՑ

Հայաստանի կառավարությունը որոշել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի  ամառային զորակոչից սկսած մինչեւ 26 տարին լրանալը տարկետում տալ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Էդգար Ալիխանի Բաբայանին (ծնված 1995 թվականին): Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Էդգար Բաբայանը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում: Անհրաժեշտություն է առաջացել Էդգար Ալիխանի Բաբայանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության  2021 թվականի ամառային զորակոչից  մինչեւ նրա 26 տարին լրանալը տարկետում տալ: Էդգար Ալիխանի Բաբայանը հաշվառված է Երեւանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

 

 

ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է

Ուրուգվայահայ հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը առաջիկա մրցաշրջանը կանցկացնի Թուրքիայի առաջնությունում։ «Լոս Անջելեսի» ֆուտբոլիստը վարձավճարով է տեղափոխվել «Ֆեներբախչե». Ռոսսին հանդես կգա թուրքական ակումբում մինչեւ հաջորդ տարվա հունիսի 30-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Տոտենհեմը» եւ «Էվերթոնը» եւս հետաքրքրություն էին ցուցաբերում Ռոսսիի նկատմամբ։ Մինչ այժմ Մարաշլյանը Ուրուգվայը ներկայացրել է 15-ից մինչեւ 21 տարեկանների մակարդակում։ Ֆուտբոլիստը հայրական կողմից իտալական ծագում ունի: Նշենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը հրավիրվել է Ուրուգվայի հավաքական՝ մասնակցելու Էկվադորի ու Չիլիի դեմ հանդիպումներին, սակայն նրա դեբյուտն ազգային թիմի մարզաշապիկով այդպես էլ տեղի չունեցավ։

 

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՌՄԲԱՐԿՈՒՆ

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն դարձավ ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուն՝ հավաքականում խփած գոլերի քանակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Պորտուգալիայի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ Իռլանդիայի հավաքականի նկատմամբ։ Պորտուգալիայի հավաքականի կազմում 2 գոլն էլ հեղինակեց Ռոնալդուն, ինչի արդյունքում հավաքականում իր գոլերի քանակը հասցրեց 111-ի՝ շրջանցելով Իրանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալի Դաեիին, ով Իրանի հավաքականի կազմում 109 գոլ է հեղինակել։ Ռոնալդուն Պորտուգալիայի ազգային հավաքականում անցկացրել է 180 խաղ։

 

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՄԵՐԳ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

«Ալեքսանդր Սպենդիարյան-150» երաժշտական փառատոնի շրջանակում Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանն արվեստասեր հասարակությանը սեպտեմբերի 4-5-ը հրավիրում է Գյումրի: Այս մասին նշված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

 

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի փոքր դահլիճում կկայանա «Սպենդիարյանը՝ Հայաստանում» խորագրով հանդիպում-դասախոսություն.  բանախոսներն են  Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե  Օթարյանը, ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանը: Հանդիպման շրջանակում տեղի կունենա Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտաշխատողներ Ի. Խաչատրյանի, Տ. Տանանյանի hեղինակած «Իրականացած երազանք» տեսաֆիլմի ցուցադրությունը, հաջորդիվ՝ համերգ ԵՊԿ կոնսերվատորիայի ուսանողների մասնակցությամբ:

«Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 20:00-ին, բացօթյա համերգ տեղի կունենա Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանի բակում: Համերգին մասնակցելու են անվանի դաշնակահարներ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը, օպերային երգիչներ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանը, Կոմիտասի անվան պետական լարային քառյակը (գեղարվեստական ղեկավար՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադեւոսյան), Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սան Աիդա Ավանեսյանը, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամներ Արտյոմ Իոնիսյանը, Արթուր Գրիգորյանը, Էլեն Խաչիկյանը, Անդրեյ Կուրբետը, Պոլինա Շարաֆյանը եւ Դավիթ Բաբայանը: Կհնչեն Սպենդիարյանի կամերային ստեղծագործությունները»,- հայտնում են նախարարությունից:

Փառատոնը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ:

Փառատոնի գործընկերն է «Ֆորմիկա Արթ Պրոդաքշն»-ը, պրոդյուսերը՝ Շահեն Նազարենկոն։

 

 




Լրահոս