Իշխանությունն անում է հանարվորն առավել շատ թվով մարդկանց ընդդեմ կորոնավիրուսի պատվաստանյութերով պատվաստելու համար: Պատվաստվածներին թատրոնի ու կինոյի անվճար տոմսեր տալու, «թթի օղիով ու պինցետով» վիրուսը չեզոքացնելու «օպերացնիաները» տապալելուց հետո իշխանությունն անցնում է հարկադրանքի մեթոդին:
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող առողջապահության նախարարի որոշումը, ըստ որի՝ չպատվաստված բոլոր անձինք ամսական 2 անգամ պետք է ՊՇՌ թեստ հանձնեն, դրա վառ ապացույցն է: Առողջապահության նախարարության՝ հասարակությանը սթափեցնող կոչերին ու վիրուսի «դելտա» շտամի վտանգավորության բարձրաձայնումներին զուգահեռ՝ իրավաբաններն ու բժշկական հանրույթի մի մասը բոլորովին այլ պնդումներով են հանդես գալիս:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն, օրինակ, հղում անելով պատվաստանյութերի արդյունավետության ոչ բարձր լինելուն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում շեշտում է՝ պատվաստումը մարդուն չի ապահովագրում կորոնավիրուսից: Ավելին, ընդգծում է, բժիշկները պատվաստանյութերի վերաբերյալ միասնական վերաբերմունք չունեն:
Ըստ Զոհրաբյանի՝ մարդկանց հարկադրաբար պատվաստման տանելը մի բանի մասին է վկայում, որ մեր քաղաքացիների վրա փորձարկում են ցանկանում անել: «Առողջապահական համակարգի ներկայացուցիչներն ասում են, որ պատվաստանյութերը 5-ամյա փորձարկումից հետո միայն կարող են պիտանի կամ արդյունավետ համարվել: Հիմա եթե մեզ պարտադրում են պատվաստվել, ապա, փաստացի, լաբորատոր ճագարների նման ուզում են փորձարկումներ անել մեզ վրա»,- շեշտում է մեր զրուցակիցը:
Զոհրաբյանը հերքում է նաև այն թեզը, թե պատվաստված անձինք վիրուսով չեն վարակվում կամ վարակվելիս այն հեշտ են տանում: Դեպքեր է մատնանշում, երբ պատվաստումից հետո վարակվել ու մահացել են կորոնավիրուսից:
Ս.Վ.