ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Երեկ վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Կոմիտասի պողոտայում՝ «Արեւելյան խոհանոց»-ի դիմաց, BMW մակնիշի  65 XX 006 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող միջին տարիքի տղամարդ հետիոտնի:

Վարորդը փախուստի չի դիմել, վթարի  ենթարկվածին  տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

Հարց. Ուզում եմ իմանալ, թե ուր պետք է դիմել հաշմանդամության կարգավիճակ ստանալու համար:

Սիլվա Գրիգորյան (48 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ եթե անձն  ունի առողջական խնդիրներ՝ հաշմանդամության կարգավիճակ ստանալու, ապա նա կարող է դիմել իրեն համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն (պոլիկլինիկա),  որտեղ անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական եւ վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, իսկ տեւական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաեւ բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո, անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում՝ նրան կուղեգրի բժշկասոցիալական փորձաքննության՝ տրամադրելով համապատասխան ուղեգիր (ձեւ 088): Ուղեգրի առկայության դեպքում բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու նպատակով անձը կարող է գրավոր դիմել իր բնակության վայրը սպասարկող ԲՍՓ հանձնաժողով՝ դիմումին կցելով առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության` ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ հայրության որոշման պետական գրանցման համար:

Հայարփի Միքայելյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Հայրության ճանաչման պետական գրանցման համար ներկայացվում են՝

1) համատեղ դիմումի դեպքում՝ երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի եւ երեխայի մոր անձը հաստատող փաստաթղթերը,

2) երեխայի ծննդի գրանցման մասին վկայականը կամ ակտային գրանցման տվյալները, եթե հայրության ճանաչման գրանցումը կատարվում է երեխայի ծննդի պետական գրանցումից հետո,

3) երեխայի մոր հղիությունը հաստատող բժշկական տեղեկանքը, եթե հայրության ճանաչման մասին դիմումը ներկայացվում է մինչեւ երեխայի ծնվելը,

4) երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի՝ անձը հաստատող փաստաթուղթը եւ երեխայի մոր բացակայության մասին իրավասու մարմնի տված փաստաթուղթը (մոր մահվան վկայականը կամ տեղեկանքը, նրան անգործունակ ճանաչելու կամ մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու կամ նրան ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը) եւ երեխայի կենսաբանական հայր հանդիսանալու վերաբերյալ ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշումը,

5) չափահաս անձի համաձայնությունը՝ իր նկատմամբ հայրություն ճանաչելու դեպքում,

6) տասը տարին լրացած երեխայի համաձայնությունը, եթե հայրության ճանաչման պետական գրանցման հետեւանքով նախատեսվում է փոխել նաեւ նրա անունը կամ ազգանունը,

7) «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճիռը եւ դիմողի անձը հաստատող փաստաթուղթը:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայրության ճանաչման պետական գրանցումը կատարվում է դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու նույն աշխատանքային օրը:




Լրահոս