ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաչատուր Սուքիասյանի եղբոր մասով որոշում կկայացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քբննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունը առաջիկայում «Քաղաքացիական պայմանագրի» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի մասով որոշում կկայացնի:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Քննչական կոմիտեն մոտ օրերս քրեական գործով կմտնի դատարան եւ միջնորդություն կներկայացնի, որ Սուքիասյանի եղբոր կալանքը եւս երկու ամսով երկարաձգեն, որից հետո էլ քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի:

Նշենք, որ հուլիսի 22-ին պատգամավորի եղբայր Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվել էր հուլիսի 18-ին Ամիրյան փողոցում կրակոցներով ուղեկցված միջադեպի գործով։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Ռոբերտ Սուքիասյանը, երթևեկության ընթացքում իր ծանոթի կնոջը Նարեկ Կարապետյանի կողմից ձայնային ազդանշան տալու և վիրավորանքներ հասցնելու շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, հուլիսի 18-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցում վերոնշյալ ծանոթի և մի խումբ անձանց հետ վիճաբանել է Նարեկ Կարապետյանի և նրա ընկերոջ հետ, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ նշված անձինք հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց: Այդ ընթացքում Ռոբերտ Սուքիասյանն, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, նախ գլխով, ապա՝ բռունցքով, հարվածել է Նարեկ Կարապետյանի դեմքին, որից հետո հանել ու ցուցադրաբար լիցքավորել է օրինական հիմունքներով իրեն պատկանող «BROWNING» տեսակի 9×17 տրամաչափի մարտական ատրճանակը, ապա՝ շարունակելով խուլիգանական գործողությունները՝ նշված ատրճանակից 2 կրակոց է արձակել վերջինիս ոտքերի ուղղությամբ՝ գետնին՝ շրջապատում գտնվող անձանց մոտ առաջացնելով վախի մթնոլորտ:

Այնուհետև, ըստ Կոմիտեի, Ռոբերտ Սուքիասյանը նույն ատրճանակով կրակոց է արձակել նաև Նարեկ Կարապետյանի ընկերոջ ուղղությամբ՝ պատճառելով աջ սրունքոսկրի հրազենային վնասվածք և հեռացել: Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի [Խուլիգանություն] 4-րդ մասով:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս