Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ՌԴ-ի և Հայաստանի հարաբերությունները իսկապես դաշնակցային բնույթ են կրում, երկու երկրի միջև բովանդակալից քաղաքական երկխոսություն և արդյունավետ համագործակցություն է ծավալվում տարբեր ոլորտներում:
«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, որոնք հիմնված են բազմադարյա ավանդույթների և փոխադարձ հարգանքի վրա, իսկապես դաշնակցային բնույթ են կրում: Մեր երկրների միջև բովանդակալից քաղաքական երկխոսութոյւն է ծավալվում, ինչպես նաև արդյունավետ համագործակցություն՝ տարբեր ուղղություններով: Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման հարցում զգալի դերակատարություն ունի միջտարածաշրջանային համագործակցությունը, որը թույլ է տալիս փոխշահավետ նախագծեր իրականացնել տնտեսական, սոցիալական,ենթակառուցվածքային, հումանիտար և շատ այլ ոլորտներում»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասվում է Պուտինի՝ Ռուս-հայկական VIII միջտարածաշրջանային համաժողովի հյուրերին ուղղված խոսքում:
ՌԴ նախագահը կարևոր է համարում, որ միջոցառման շրջանակում երկու երկրի կենտրոնական և տեղական իշխանությունների, հասարակական կազմակերպությունների, ակադեմիական, գործարար և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչները կկարողանան փորձի փոխանակում իրականացնել և քննարկել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Ռուս-հայկական VIII միջտարածաշրջանային համաժողովն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 18-19-ը: