ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՀՆՉԵԼ Է «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ» ՊԶՈՅԻ ԱՆՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աժ նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդու քրեական գործով հնչել է «օրենքով գող» Պզոյի անունը: Մեզ հայտնի դարձավ, որ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդուն՝ Նվեր Մուրադյանին, մեղադրանք է առաջադրվել, որ նա 2019 թվականի օգոստոսի 14-ին՝ Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտա 1 հասցեի մոտակայքում, այնուհետեւ՝ Երեւան քաղաքի Սիմոն Վրացյան 90 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի դիմացի հատվածում, ապա նաեւ շենքի ներսում կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով եւ իշխանության ներկայացուցիչներին ու հասարակական կարգի խախտումը խափանող այլ անձանց դիմադրություն ցույց տալով։

 

Մեզ հայտնի դարձավ, որ  Նվեր Մուրադյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել եւ իրավապահներին ցուցմունք է տվել, որ դեպքի օրն իր հյուրերի հետ գտնվել է «Հուկա ման» ակումբում, քանի որ գինովցած է եղել, խնդրել է իր ընկերներին մոտենալ՝ իրեն պատկանող ավտոմեքենան վարելու համար: Արմեն Ղազարյանն /Պզո/ իր հյուրերի կազմում չի եղել, սակայն նրան տեսել է ոստիկանության Կենտրոնական բաժնում: Ակումբում որեւէ անձի հետ տարաձայնություններ չի ունեցել, «Դոլյա վառավսակայա» երգն ակումբում հնչել է, սակայն ինքն այն չի պատվիրել, երգեր պատվիրելու կապակցությամբ վեճի առաջացումը բացառում է: Իր հյուրերին ճանապարհելուց հետո դուրս գալով ակումբից՝ նկատել է հավաքված մի խումբ մարդկանց, հետաքրքրասիրությունից դրդված՝ ցանկացել է մոտենալ եւ հասկանալ, թե ինչ է կատարվում, սակայն իր ընկերները համոզել են՝ չմոտենա: Դրսում ոչ ոքի չի քաշքշել կամ հարվածել, հայհոյանքներ չի հնչեցրել: Այնուհետեւ հիշել է, որ իր երկու հեռախոսներից մեկը թողել է բարում, վերադարձել է այն վերցնելու նպատակով, ինչից հետո դուրս է եկել: Դրանից հետո այդ օրն առաջին անգամ իրեն են մոտեցել պարեկապահակային ծառայության աշխատակիցները, որոնք, առանց ձեռնաշղթաներ կիրառելու, իրեն բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժանմունք:

Ճանապարհին եղել է վրդովված՝ բերման ենթարկելու հետ կապված, քանի որ չի հասկացել իրեն բերման ենթարկելու պատճառը: Բաժնում հայհոյանքներ է հնչեցրել, ինչի համար իրեն անհարմար է զգում, սակայն, իր նշելով, նման վարքի պատճառներն այնտեղ նկարահանված տեսանյութից հասկանալի է: Առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ ոչ ոքի չի հարվածել, Հյուիսիային պողոտայում խուլիգանական գործողություն չի կատարել: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ անգամ գործը մտել է  դատարան, եւ Երեւան քաղաքի  դատարանը Նվեր Մուրադյանին մեղավոր են ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեված արարքում եւ նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Դատական ծախսերի հարցը համարվել է լուծված:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

Ո՞Վ Է ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂԸ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գայանե Արսենյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, չունենալով համապատասխան մասնագիտական որակավորում, սակայն 2020 թվականի սեպտեմբեր ամսից փաստացի աշխատելով Երեւան քաղաքի Կամարակի 2-րդ նրբանցքի 19-րդ հասցեում գործող «Մեր Բակ» մանկապարտեզում՝ որպես դաստիարակ, եւ ունենալով մանկապարտեզի հոգածությանը հանձնված եւ իր խմբում ընդգրկված երեխաների առօրյա խնամքով եւ դաստիարակությամբ զբաղվելու պարտականություն, թերի է կատարել իր նշված պարտականությունները եւ իր գործունեության ընթացքում, այդ թվում՝ 2020թ. դեկտեմբերի 3-ին, չկարողանալով մանկավարժական մեթոդների կիրառմամբ հասնել իր խնամքին հանձնված մանկահասակ երեխաներին հանգստացնելուն եւ պատշաճ կերպով նրանց խնամելն իրականացնելուն, սպառնալիքներ, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել անօգնական վիճակում գտնվող մանկահասակ երկվորյակներ՝ 2018 թվականի հունիսի 21-ին ծնված Ա. Ս.-ի եւ Եվ. Ս.-ի, 2018 թվականի հունվարի 6-ին ծնված Մ. Հ.-ի, 2018թ. մարտի 16-ին ծնված Ա. Ս.-ի, 2018թ. հուլիսի 02-ին ծնված Լ. Ղ.-ի, 2017թ. դեկտեմբերի 08-ին ծնված Վ. Ա..-ի հասցեին, այդ թվում սպառնացել է չքնելու դեպքում պահել մութ սենյակում, դանակով վիզը կտրել, սատկացնել, դիմել հայրերին՝ երեխաներին ծեծի ենթարկելու համար, ինչպես նաեւ երեխաներին հրաժարվել է տրամադրել խմելու ջուր եւ հարվածներ հասցնելով՝ ծեծի է ենթարկել նրանց՝ դիտավորությամբ պատճառելով երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ եւ, որպես հոգետրավմատիկ գործոնների ամբողջություն, այդ գործոնները բացասաբար են անդրադարձել երեխաների հոգեվիճակի վրա՝ ուղեկցվելով դրանից բխող վարքային եւ հուզական փոփոխություններով:

Դաստիարակին մեղադրանք է առաջադրվել, եւ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

ՀՀ Կոտայքի մարզպետից ՀՀ Կոտայքի մարզի դատախազին հասցեագրվել էր գրություն՝ մարզի Պտղնի համայնքում օրենսդրության կոպիտ խախտումներով համանքապատկան հողատարածքի օտարման վերաբերյալ: Դատախազությունից հայտնել են, որ գրությունը եւ կից փաստաթղթերը մարզի դատախազությունից ուղարկվել են Ոստիկանության Կոտայքի բաժին՝ դրանում նշվող հանգամանքների կապակցությամբ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ:  Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1,443 հա մակերեսով հողամասը համանքի ղեկավարի կողմից ներկայացվել Է աճուրդ-վաճառքի: Մարզպետարանում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել Է, որ հողամասի նկատմամբ սահմանված Է չմասնավորեցման իրավական ռեժիմ, քանի որ հանդիսացել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված դրույթների ուժով քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողատարածք:

Մարզպետարանի կողմից 15.09.2021թ. ուղարկվել է համապատասխան գրություն՝ նշված պատճառով աճուրդը չեղարկելու, հողամասի օտարման սահմանափակումների հետ կապված իրավական ռեժիմը սահմանված կարգով հանելուց հետո նոր աճուրդ-վաճառքի ներկայացնելու վերաբերյալ: Այդ պայմաններում, սակայն, Պտղնու համայքապետարանի կողմից աճուրդի գործընթացը շարունակվել է, եւ 2021թ.-ի հոկտեմբերի 5-ին կայացած աճուրդ-վաճառքով այն օտարվել է 42.000.000  ՀՀ  դրամով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

 

 

ԳՈՒՄԱՐ Է ՀԱՓՇՏԱԿԵԼ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երեւանի քաղաքային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հ. Մ-ն, տեղեկանալով, որ ժամկետային զինծառայողը, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, անհետ կորել է, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ վերջինիս մորը հայտնել է, թե, իբր, արտերկրում, մասնավորապես՝ Չեչենական Հանրապետությունում եւ Սիրիայի Հանրապետությունում ունեցած հեղինակավոր կապերն օգտագործելով՝ կարող է միջոցներ ձեռնարկել անհետ կորած որդու հայտնաբերման եւ Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու ուղղությամբ` այդկերպ ձեռք բերելով նրա վստահությունը:

Իրագործելով իր հանցավոր մտադրությունը՝ մոր հետ հետագա հանդիպումների ժամանակ Հ. Մ-ն, մոլորեցնելով վերջինիս, նախ որդու գտնվելու տեղի վերաբերյալ ստույգ տեղեկություններ ստանալու, իսկ այնուհետեւ նրան, իբր, Ադրբեջանի Հանրապետության բերդերից մեկից Բաքու քաղաք տեղափոխելու պատրվակով 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին անհետ կորած զինծառայողի մորից մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 3.430.000 ՀՀ դրամին համարժեք 7.000 ԱՄՆ դոլար ու 60.000 ՀՀ դրամ եւ խաբեությամբ հափշտակելով նշված գումարը՝ օգտագործել է անձնական կարիքների համար:

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում Հ. Մ-ն ձերբակալվել է: Նախաքննությամբ ձեռք բերված հիմնավոր ապացույցների հիման վրա՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, եւ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Օրենքով սահմանված կարգով մեղքը հաստատվելու դեպքում Հ. Մ-ին սպառնում է մինչեւ 8 տարվա ազատազրկում: Քրեական գործի քննության ներկա փուլում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ, օպերատիվ-հետախուզական եւ այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու եւ հիշյալ անձի կողմից նմանատիպ եղանակով կատարված հնարավոր այլ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է զերծ մնալ հանցավոր հակումներ ունեցող անձանց հետ կասկածելի գործարքների մեջ մտնելուց՝ վստահեցնելով, որ պետությունը շարունակում է ձեռնարկել գործուն միջոցներ՝ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:

 

 




Լրահոս