Բանկերը ներել են պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների 2.8 մլրդ դրամի չափով վարկերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան բանկերը ներել են պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների վարկային պարտավորությունները՝ մոտ 2.8 մլրդ դրամի չափով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:

Փոխնախարարը հայտնեց. «2021 թվականի հունիսի 30-ի դրությամբ Կենտրոնական բանկը հայտնել է, որ վարկային կազմակերպությունների ու բանկերի կողմից պատերազմում զոհված զինծառայողների ու վերջիններիս ընտանիքների վարկային պարտավորությունների մասով զիջվել է 2.8 մլրդ դրամ, ծառայություն է ներկայացվել 728 կատարողական թերթ, որից արդեն իսկ զիջվել են 593-ը»:

Անդրադառնալով նախագծին՝ Թումանյանցն ասաց, որ նախագծի ընդունման նպատակը պայմանավորված է այն հանգամանքով, որ բազմաթիվ բանկեր և վարկային կազմակերպություններ, ինչպես նաև շատ պարտապաններ այս ընթացքում պայմանավորված 2020-ի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությամբ, զիջել են պարտքերը: «Եվ դրա արդյունքում, թեև եղել են այդ պահին արդեն իսկ հարուցված կատարողական վարույթներ, իրավիճակն այնպիսին է, որ այդ վարույթների շրջանակում գանձվում են գումարներ, որոնք մնում են պարտատիրոջ վրա: Մենք ուղղակի նախագծով զիջում ենք այդ գանձումները, կատարողական ծախսերը, որոնք պետք է վճարի պարտատերը»,-ասաց փոխնախարարը:

Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքով կան կատարողական վարույթի համար կարճման ենթակա հիմքեր, այդ թվում նաև Քաղաքացիական օրենսդրությամբ կան պարտավորության դադարումը ներելու հիմք, միաժամանակ կա ԴԱՀԿ մասին օրենքում այնպիսի կարգավորում, որի համաձայն, եթե այսպիսի իրավիճակ է ստեղծվում, և կարճվում կամ ավարտվում են դիմումի հիման վրա կատարողական գործողությունների ծախսերը, այդ դեպքում պետք է գանձվեն, և բռնագանձման ենթակա գումարը պետք է պակաս չլինի, քան 1 տոկոսը: «Այս պարագայում այդ բեռն ընկնում է բանկերի, վարկային կազմակերպությունների վրա, որոնք զիջելով պարտքը, նաև ստացվում է, որ ստիպված են կրել այդ ծախսերը»,-ասաց փոխնախարարը:




Լրահոս