Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, կառավարության տնտեսական ոլորտը համակարգող գերատեսչությունների ղեկավարները, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը և այլք:
Խորհրդակցության սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մենք կառավարության ծրագրում սահմանել ենք, որ ծրագրի հաստատումից հետո եռամսյա ժամկետում պետք է որոշում կայացնենք տնտեսության գերակայությունների, այսինքն՝ գերակա ճյուղերի վերաբերյալ: Եվ այսօր մեր քննարկումը նվիրված է դրան»:
Քննարկվել են այն ուղղությունները, որոնք իրենց ներուժով հնարավորություն ունեն դառնալ տնտեսության լոկոմոտիվը և զարգացման հիմնական ճյուղերը: Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք առաջարկություններ և դիտարկումներ: