Լուսանկարն արվել է Կոտայքի մարզում
Երեկ վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Առինջ գյուղի 25-րդ փողոցում Կոտայքի մարզի բնակիչ, 62-ամյա Վասպուրական Զոհրաբյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ, 3-ամյա Արամ Վ-ին։Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ երեխային տեղափոխել են Երեւանի «Արաբկիր» բժշկական կենտրոն։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է իրականացվում անվան փոխման պետական գրանցումը:
Լուսինե Կիրակոսյան (47 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Աանվան փոխման պետական գրանցման հիմքերն ենէ՝
տասնութ տարին լրացած անձն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը եւ ազգանունը,
տասնվեցից մինչեւ տասնութ տարեկան անձն իր անվան եւ ազգանվան փոխման պետական գրանցումը կատարում է ծնողների, որդեգրողների կամ խնամակալի գրավոր համաձայնության առկայության դեպքում, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում՝ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի որոշմամբ՝ բացառությամբ նրա՝ օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչվելու դեպքերի: Տասնվեց տարին չլրացած անձի անվան կամ ազգանվան փոխման պետական գրանցումը կատարվում է ծնողների համատեղ դիմումի հիման վրա, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի որոշմամբ:
Անվան փոխման պետական գրանցման դիմում կարող է ներկայացվել, եթե՝
1) ծնունդը գրանցվել կամ սույն օրենքով սահմանված կարգով վերականգնվել է ՀՀ ՔԿԱԳ մարմիններում կամ ՀՀ հյուպատոսական հիմնարկներում,
2) ծնունդը գրանցել է օտարերկրյա պետությունը, եւ ՀՀ-ն իրավասու է կատարելու անվան փոխում՝ երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրի հիման վրա:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դիմումները գործակալություն են ներկայացվում էլեկտրոնային եղանակով կամ սպասարկման կենտրոնների միջոցով:
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ բակալավրի կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար:
Լաուրա Հարությունյան (49 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար դիմորդը ներկայացնում է հետեւյալ փաստաթղթերը` լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ), 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի), անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական):
Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում դիմորդը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող, անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, զինվորական գրքույկ եւ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի եւ ծառայողական բնութագրի մասին, արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր, միջազգային եւ հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները, ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաեւ փաստաթղթերն ընդունելու եւ ձեւակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բակալավրի եւ ինտեգրացված կրթական ծրագրով սովորողների համար հաշվի են առնում ընդունելության քննություններից ստացած գումարային գնահատականը, իսկ մագիստրատուրայի ուսանողների համար՝ բակալավրի կրթական ծրագրի միջին որակական գնահատականը: