ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Այս կիսամանեկենը մնացել է անձրեւի տակ: Այս դեպքում կարեւորն այն է, որ վերջինս պաշտպանված է:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ կարգով է իրականացվում ամուսնալուծությունը:

Նոնա Իսահակյան (37 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ամուսնալուծության պետական գրանցման հիմքերն են՝

1.ամուսինների համատեղ դիմումը՝ փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծության պետական գրանցում կատարելու համար,

  1. ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսին դատարանը ճանաչել է անհայտ բացակայող կամ անգործունակ, կամ մյուսը դատարանի դատավճռով դատապարտվել է ազատազրկման,
  2. ամուսիններից մեկի դիմումը եւ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքում:

Ամուսնալուծության պետական գրանցման դիմում կարող է ներկայացվել, եթե՝

1) ամուսնությունը, որը լուծվում է, գրանցվել է Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ մարմիններում կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում,

2) ամուսնությունը, որը լուծվում է, գրանցել է օտարերկրյա պետությունը, եւ Հայաստանի Հանրապետությունն իրավասու է լուծելու այդ ամուսնությունը երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրի հիման վրա:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում: Դիմումները գործակալություն են ներկայացվում էլեկտրոնային եղանակով կամ սպասարկման կենտրոնների միջոցով:

 

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ որ ուսանողներին է կրթաթոշակ տրվում:

Կարինե  Բալասանյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է, որը մրցութային կարգով տրվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատության ուսանողին՝ գերազանց եւ լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսեւորելու համար, ինչպես նաեւ սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերի ուսանողներին: Ուսանողների հասարակական ակտիվությունը բնութագրող ցուցանիշներ են համարվում`

1) մասնակցությունն ուսումնական հաստատության ուսանողական, հասարակական աշխատանքներին,

2) զեկուցումները, ռեֆերատները, հրատարակած աշխատանքները (գիտական ամսագրերում եւ զանգվածային լրատվության միջոցներում),

3) մասնակցությունը միջքոլեջային, քաղաքային, հանրապետական եւ միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքներին,

4) այլ ստեղծագործական նախաձեռնություններ` միջին մասնագիտական ուսումնական հաստատության հայեցողությամբ: Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունում պետական կրթաթոշակը տրվում է ուսանողական նպաստի համակարգում ընդունված ուսանողին: Պետության կողմից կրթաթոշակ տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չֆինանսավորվող ուսումնական հաստատություններում կրթաթոշակի հատկացման մասին որոշումն ընդունում է հիմնադիրը:




Լրահոս