ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի որոշման մեջ կատարված փոփոխություններով՝ ՀՀ տարածք մուտք գործելիս ներկայացվում է COVID-19 ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ: Իսկ եթե օտարերկրյա քաղաքացին մեկ դեղաչափով է ներարկված, ապա պետք է ներկայացնի երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 28 օր (4 շաբաթ) առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ, մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ:
Ի դեպ, բացասական թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ չի պահանջվում մինչեւ 6 տարեկան 11 ամսական 29 օրական երեխաների համար։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանից Հայաստան ժամանած անձանց կողմից սերտիֆիկատները ներկայացվում են կցՑպՔպրՑՉցþ ոպջ COVID-19 բջջային հավելվածի միջոցով:
Օտարերկրացիների համար ՀՀ մուտքը շարունակում է բաց մնալ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ճանապարհով բացառապես ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամվա վաղեմության սերտիֆիկատ կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում։ Վերջիններիս մուտքը Հայաստանի տարածք արգելվում է վերը նշված սերտիֆիկատներից որեւէ մեկը չներկայացնելու դեպքում:
ՀՀ քաղաքացիները, Հայաստանում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները, Հայաստանում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանում ապաստան ստացած եւ փախստականի կարգավիճակ ունեցող անձինք սերտիֆիկատ չներկայացնելու դեպքում ենթակա են նմուշառման օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետերում եւ պարտադիր ինքնամեկուսացման մինչեւ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը: Եւս մեկ կարեւոր կետ. ՊՇՌ հետազոտության հետ կապված ծախսերը հոգում է քաղաքացին։ Ի դեպ, տեղեկացնենք, որ, կորոնավիրուսով պայմանավորված, Հայաստանի տարածքում կարանտինը սահմանված է 2022 թվականի հունիսի 20-ը։
Նշենք, որ պատվաստման սերտիֆիկատը կարող է ներկայացվել նաեւ բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով, պաշտպանված QR կոդով, որի միջոցով հնարավոր է ստուգել պատվաստման սերտիֆիկատի համար ներկայացվող բոլոր պահանջները: Իսկ զննության արդյունքներով անձի նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, եթե առկա են համապատասխան ախտանշաններ:
Բացասական թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ չներկայացնելու եւ նմուշառումից կամ հետազոտությունից հրաժարվելու դեպքում կիրառվում է մեկուսացում՝ 14 օրացուցային օրով։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ սերտիֆիկատը պետք է լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով, պատվաստումն իրականացրած բժշկական հաստատության կոնտակտային տվյալները եւ կազմակերպության անվանումը պարունակող ձեւաթղթով՝ նշելով՝ հետազոտված, պատվաստված անձի անունը եւ ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը կամ սոցիալական ապահովության քարտի համարը կամ պետական առողջապահական ապահովագրության անհատական համարը կամ սերտիֆիկատի միասնական նույնականացման համարը, իսկ եվրոպական միության անդամ պետություններից ներկայացվող սերտիֆիկատի դեպքում՝ ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի), հետազոտության արդյունքը, պատվաստանյութի արտադրական անունը, սերիան, առաջին եւ երկրորդ դեղաչափի ներարկման տարեթվերը:
Ս.Հ.
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԴԱՏԸ
Հայտնի դարձավ, որ Բերդ խոշոր համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի վերաբերյալ քրեական գործով դատական առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդ քաղաքի նստավայրում նշանակված է դեկտեմբերի 3-ին` ժամը 15-ին։ Այդ տեղեկությունը տարածված է նաեւ համացանցում, սակայն «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում, ուր նշվում են դատական նիստերի օրը եւ ժամը, այդ տեղեկությունն առկա չէ։ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում քրեական գործեր քննում էին 3 դատավորներ՝ Ռաֆիկ Մելքոնյանը, Սամվել Մարդանյանը եւ Զոյա Զաքինյանը։ Ռաֆիկ Մելքոնյանի՝ որպես դատավորի լիազորությունները դադարեցված են, Սամվել Մարդանյանը եւ Զոյա Զաքինյանը Բերդ քաղաքի բնակիչներ են, Հ. Մանուչարյանի հայրենակիցները։ Ըստ քրեական գործի՝ Հ. Մանուչարյանին մի շարք մեղադրանքներ են ներկայացվել, որոնց թվում առկա է հետեւյալը. Հ. Մանուչարյանը, տեղեկացված լինելով իր որդու կողմից վերջինիս սեփականության իրավունքով պատկանող տարածքում՝ Բերդ համայնքում, առանց համապատասխան շինարարական թույլտվության ինքնակամ հենապատ կառուցելու մասին, որպես համայնքի ղեկավար՝ միջոցներ չի ձեռնարկել խախտումները վերացնելու, կասեցնելու ուղղությամբ եւ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ որդու նկատմամբ 2018թ. չի կիրառել ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվության միջոց:
Հ. Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Բերդ համայնքի բնակիչներից շատերը համոզված են, որ Հ. Մանուչարյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է քաղաքական շարժառիթներով, քանզի 2021թ. հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում Հ. Մանուչարյանը չի աջակցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Բացի այդ, սպասվում է, որ առաջիկայում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կանցկացվի սահմանագծում եւ սահմանազատում, որի մասին բազմիցս հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ գործընթացի հետեւանքով նախկինում ադրբեջանաբնակ Բարխուդարլու եւ Սոֆուլու անկլավների տարածքները կարող են վերադարձվել Ադրբեջանին, որի հետեւանքով Իջեւան-Բերդ ավտոճանապահը հայտնվելու է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ, ինչի դեմ պայքարելու էր Բերդ քաղաքը եւ այդ տարածաշրջանի բոլոր գյուղերը ներառող Բերդ խոշոր համայնքի ղեկավար Հ. Մանուչարյանը, ուստի իշխանությանը հարկավոր է նրա՝ կալանքի տակ գտնվելը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՌԴ-Ն ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՂԱՐԿԵԼ
Արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները բավականին ավելացել են: ArmLur.am-ը տեղեկացավ, որ անցյալ տարվա 9 ամիսներին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 16 մլն 950 հազար 300 դոլար: Իսկ այս տարվա հունվար-սեպտեմբերին այն կազմել է 31 մլն 430 հազար 400 դոլար: Մեզ հայտնի դարձավ, թե որ երկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին: Հայաստանին մարդասիրական օգնություն ուղարկածների թվում են Եվրամիության անդամ շատ երկրներ:
Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 2 մլն 945 հազար 200 դոլարի չափով օգնություն, մինչդեռ 2019 թվականին նույն երկրից մեր հանրապետություն եկել է 4 մլն 156 հազար դոլարի չափով մարդասիրական օգնություն: Իսկ, ահա, մեր բարեկամ Ֆրանսիայից մարդասիրական օգնություն ՀՀ եկել է 1 մլն 544 հազար դոլարի չափով: Ֆրանսիայից 2020 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան եկել է 685 հազար 200 դոլարի մարդասիրական օգնություն: Այս տարի Հայաստանը Շվեցարիայից 866 հազար 100 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, իսկ, ահա, 2020 թվականի նույն ժամանակահատվածում Շվեյցարիայից Հայաստան ուղարկվել է 694 հազար 800 դոլարի չափով մարդասիրական օգնություն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱՊՀ երկրներից Հայաստանը 118 հազար 100 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, հիմնական հատվածը՝ Բելառուսից: Ուկրաինայից անցյալ եւ այս տարիների ընթացքում որեւէ մարդասիրական օգնություն Հայաստան չի եկել: Ի դեպ, անցած տարվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան եկել է մարդասիրական օգնություն 100 հազար 500 դոլարի չափով: Այս տարի Հայաստանը Ռուսաստանից մարդասիրական օգնություն չի ստացել:
Բացի այս, ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Հնդկաստանից ստացվող մարդասիրական օգնության ծավալներն են զգալի ավելացել, օրինակ՝ 2020 թվականի 9 ամիսներին Հնդկաստանից Հայաստան մտել է 570 հազար դոլար, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում այս թիվը դարձել է 1 մլն 957 հազար 800 դոլար: Ճապոնիայից ՀՀ մտել է 423 հազար 600 դոլարի չափով մարդասիրական օգնություն, նախորդ տարի այն կազմել է 806 հազար 800 դոլար:
Փոխարենը Չինաստանից ստացվող մարդասիրական օգնության ծավալներն են զգալի ավելացել. 2020 թվականին Չինաստանից, որպես մարդասիրական օգնություն, ՀՀ ստացվել է 1 մլն 819 հազար 700 դոլար, իսկ այս տարվա 9 ամիսներին այն կազմել է 5 մլն 67 հազար 500 դոլար:
ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան մտել են սարքեր, ապարատներ, կոշկեղեն, գլխարկներ, պատրաստի սննդի արտադրանք, քարից, ցեմենտից իրեր, թանկարժեք քարեր եւ այլն:
Ս.Հ.