Ավստրիայում «Օմիկրոն» շտամով ախտահարման հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթվա ընթացքում աճել է ավելի քան երեք անգամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Ավստրիայի Առողջապահության և սննդամթերքի անվտանգության գործակալության (AGES) տվյալները:
Վերջին տվյալների համաձայն, անցած շաբաթվա վերջի դրությամբ հանրապետությունում գրանցվել է «Օմիկրոն» շտամով ախտահարման 297 դեպք, ընդ որում՝ դրանցից 193-ը՝ Վիեննայում: Միայն մեկ շաբաթ առաջ հաստատված դեպքերի թիվը կազմել է 89: Նոր շտամի տարածման և կորոնավիրուսով ախտահարվածների թվի աճի կապակցությամբ Ավստրիայի իշխանությունները նոյեմբերի 22-ից համազգային «լոքդաուն» են սահմանել երեք շաբաթով: Դեկտեմբերի 12-ից խիստ սահմանափակող միջոցառումները չեղարկել են պատվաստում ստացած և հիվանդությունը տարած բնակչության համար և բոլոր ոլորտներին թույլատրել են բացվել, բացի գիշերային գաստրոնոմիայից, մշակութային միջոցառումների անցկացումից:
Միևնույն ժամանակ ռեստորանները պետք է փակվեն 23:00-ից ոչ ուշ: Հասարակական բոլոր վայրեր այցելել կարելի է միայն պատվաստում ստացած և հիվանդությունը տարած անձանց, պահպանվում է FFP2 տեսակի դիմակ կրելու անհրաժեշտությունը: Իսկ պատվաստում չստացած անձանց համար «լոքդաունը» շարունակվում է, բայց Սուրբ Ծննդին և Ամանորին նրանց համար ևս բացառություն կարվի. այդ տոնական օրերին չպատվաստված անձինք կկարողանան տանից դուրս գալ ոչ մեծ շրջանակի մարդկանց հետ հանդիպումների համար: