ՊԱՐՏԱՎՈՐ Է ԱՊԱՀՈՎԵԼ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԻՍՏԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել համայնքների ավագանիների նիստերի ավագանիների կալանավորված անդամների մասնակցության վերաբերյալ՝ ներկայացնելով հիմնավորումներ։ Հայտարարությունում ասվում է. «Կառավարությունը եւ, մասնավորապես, Արդարադատության նախարարությունն ուղիղ պարտավորություն ունեն ապահովելու, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքների ընտրված ավագանիների այն անդամները, որոնք կալանավորված են, մասնակցեն այդ ավագանիների առաջին նիստերին եւ չզրկվեն իրենց սահմանադրական իրավունքից: Խոսքը համայնքների նորընտիր ավագանիների այն նիստերի մասին է, որտեղ պետք է որոշվի համայնքի ղեկավարի ընտրության հարցը:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, մասնավորապես, բողոքներ են հասցեագրել Վարդենիս եւ Վանաձոր համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցած եւ ավագանու անդամ ընտրված համապատասխանաբար Արամ Հարությունյանը եւ Մամիկոն Ասլանյանը: Նրանք գտնվում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում քրեական գործերով կալանավորվածի կարգավիճակում: Նրանք երկուսն էլ բողոքներով տեղեկացրել են, որ իրենց կալանավորումները նպատակ ունեն այնպես անել, որ իրենք չմասնակցեն ավագանիների առաջին նիստերին եւ այդ պարագայում երկու դեպքում էլ ձայներն այնպես կբաշխվեն, որ եւ՛ Արամ Հարությունյանը, եւ՛ Մամիկոն Ասլանյանը չեն կարողանա ընտրվել համայնքի ղեկավար: Ավելին, ըստ բողոքների՝ չմասնակցության դեպքում իրենք եւս կզրկվեն քվեարկելու, այսինքն՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրելու եւ ընտրվելու իրավունքից։ Սրանից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է ահազանգեր կալանավորումներից հետո ավագանիների նշված անդամների նկատմամբ ճնշումների մասին. նրանք տեղերում՝ իրենց համայնքներում, ներկայացվում են որպես հանցանք կատարած եւ արդեն իսկ դատապարտված ու համայնքի ղեկավար դառնալու հնարավորությունից առհասարակ զրկված անձինք: Այս մասին են նշել հենց բողոք ներկայացրած անձինք:

Արամ Հարությունյանի եւ Մամիկոն Ասլանյանի բողոքների, քրեակատարողական հիմնարկներում նրանց հետ առանձնազրույցների, անհրաժեշտ փաստաթղթերի համադրված ուսումնասիրությունների արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է հետեւյալը. նախ՝ ավագանիների այդ անդամների նկատմամբ գործում է անմեղության կանխավարկածի երաշխիքը՝ որպես արդար դատաքննության իրավունքի պարտադիր բաղադրիչ, հետեւաբար նրանց նկատմամբ վերաբերմունքը չի կարող խաթարել այդ սահմանադրական եւ միջազգային կոնվենցիոն պահանջը: «Ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 42.2-րդ հոդվածի 1-ին մասի ուժով՝ «Համայնքի ղեկավարի ընտրությունն անցկացվում է նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում»:

Այսինքն՝ Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը նախատեսել են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ՀՀ քաղաքացու ընտրվելու իրավունքի վերջնական իրացումը չի սահմանափակվում միայն ավագանու անդամ ընտրվելով, այլ այն վերջնական լուծվում է համայնքի ղեկավարի ընտրության փուլով նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում: Այլ կերպ ասած, համայնքի ղեկավարի ընտրության համար անցկացվող առաջին նիստը քաղաքացու՝ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրվելու իրավունքի իրացման գործընթացի անբաժան մասն է: Վարդենիս եւ Վանաձոր համայնքների դեպքում ավագանիների ընտրված եւ ներկայում կալանավորված անդամների պարագայում Սահմանադրության 48-րդ հոդվածով պահանջվող պայմաններն առկա չեն, անգամ չկա պարտադիր պայմաններից որեւէ մեկը` 1) չկա դատապարտված անձ, 2) չկա պատժի կրում: Ստեղծված իրավիճակը խնդրահարույց է նաեւ ՀՀ քաղաքացիների ընտրելու սահմանադրական իրավունքի լիարժեք իրացման տեսանկյունից:

Հարցն այն է, որ քրեական գործերով կալանավորված են ավագանու անդամ ընտրված ՀՀ այն քաղաքացիները, որոնք քաղաքական ուժերի ղեկավարներ են եւ նախընտրական քարոզարշավին մասնակցել են՝ որպես համայնքի ղեկավարի թեկնածուներ: Այսինքն՝ նրանցից յուրաքանչյուրի կողմնակից քաղաքացին նրանց ընտրել է այն ակնկալիքով, որ հենց այդ անձինք են լինելու իրենց համայնքի ղեկավարը: Այլ կերպ ասած, քաղաքացու ընտրական իրավունքի վերջնական եւ սպառիչ իրացումը ենթադրում է ավագանիների այդ անդամների կողմից համայնքի ղեկավարի ընտրության համար անցկացվող ավագանու առաջին նիստին մասնակցելու եւ քվեարկելու իրավունքի իրացում: Սա է ներկայացուցչական ժողովրդավարության էությունը: Այսկերպ է, որ ընտրական իրավունքի շնորհիվ ձեւավորվում է երկրում ժողովրդավարության համակարգը: Նույն սկզբունքը վերաբերում է նաեւ խորհրդարանական ընտրություններին եւ Կառավարության ձեւավորմանը: Ուստի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոք ներկայացրած ավագանիների անդամներ Արամ Հարությունյանի (Վարդենիս) եւ Մամիկոն Ասլանյանի (Վանաձոր) ընտրվելու սահմանադրական իրավունքը լիարժեք երաշխավորելու համար ՀՀ կառավարությունը, իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ արդարադատության նախարարությունը պետք է ապահովի համապատասխան ավագանիների առաջին նիստերին նրանց մասնակցությունը եւ քվեարկության իրավունքի իրացումը, ըստ առաջնահերթության, հետեւյալ սկզբունքով.

1) նրանց կալանքից ազատ արձակելով, ինչը հնարավորություն կտա ապահովել համապատասխան ավագանիների նիստերին նրանց լիարժեք մասնակցությունը: Հակառակ պարագայում ստեղծված իրավիճակում կալանքի տակ նրանց հետագա պահելու իրավաչափությունը քրեական հետապնդման մարմիններից ու դատարաններից պահանջում է բարձր շեմի հաղթահարում ու բարձր չափանիշներով հիմնավորում,

2) թեեւ կալանավորված վիճակում, բայց ավագանիների նիստերին ֆիզիկական մասնակցությունն ապահովելով,

3) թեեւ կալանավորված վիճակում, բայց «Զում» (Zoom), «Սկայպ» (Skype) կամ որեւէ այլ եղանակով ապահովելով ավագանիների նիստերին նրանց մասնակցությունն ու ընտրվելու իրավունքի իրացումը: Թվարկված կետերից որեւէ մեկի չկատարումը կառաջացնի մարդու ընտրվելու սահմանադրական իրավունքի խախտում, ինչպես նաեւ կլինի խնդրահարույց ընտրելու սահմանադրական իրավունքի լիարժեք իրացման տեսանկյունից: Ավելին, հարցը հրատապ է՝ հաշվի առնելով ավագանիների առաջին նիստերի անցկացման ժամկետները:

Քանի որ ավագանիների նշված անդամները գտնվում են ազատությունից զրկված (խափանման միջոց կալանք) վիճակում, այն է՝ Արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում, ապա նրանց ընտրվելու սահմանադրական իրավունքի իրացումը պետք է ապահովվի ՀՀ կառավարության, մասնավորապես՝ Արդարադատության նախարարության կողմից՝ անկախ քրեական հետապնդման մարմնի կամ կալանքի միջնորդությունը բավարարած դատարանի վերաբերմունքից:

 

 

ԳՈՒՄԱՐ

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հայցադիմում է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան՝ ընդդեմ «Նոյեմբերյանի թիվ 2 դպրոց» ՊՈԱԿ-ի՝ 71 հազար 536.9 դրամ բռնագանձելու պահանջով։ 2021 թվականի նոյեմբերի 17-ին Դիլիջան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Աշոտ Ջավախյանը որոշել է հայցադիմումն ընդունել վարույթ եւ քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով։ Սույն գործով նախնական դատական նիստ է նշանակված դեկտեմբերի 22-ին։ Դպրոցի հաշվապահը, տնօրենը եւ Տավուշի մարզպետարանը, ում ենթակայության տակ է գտնվում դպրոցը, չե՞ն կարողացել «Վեոլիա ջրի» հետ խնդիրը լուծել, որ Նոյեմբերյան քաղաքից 80 կմ ճանապարհ կտրելով, ծախսեր անելով՝ բազմիցս  հասնելու են Դիլիջան  քաղաք՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի տեղի նստավայրում կայացող նախնական դատական նիստերին մասնակցելու։

 

ԱՂԲԱՎԱՅՐ Է

Դիլիջան խոշոր  համայնքի մաս կազմող  Աղավնավանք  գյուղում՝ այդ բնակավայրով  հոսող  Գետիկ գետի մեջ, դեկտեմբերի 17-ին շինարարական եւ այլ մեծ քանակությամբ  աղբ են թափել։ Աղբը թափել են գետակի մեջտեղում եւ դրա ափին։  Թափված շինարարական   աղբի մեջ կան նաեւ երկաթի մեծ կտորներ, ներքնակներ եւ այլն։ Դրանց լուսանկարները հրապարակվել են Ֆեյսբուքի  «Դիլիջանցիք» խմբում, դիլիջանցիներն այդ առթիվ ասում են, որ Աղավնավանքում՝ գետի մեջտեղում եւ գետափին թափած աղբակույտերով տուրիզմ չեն զարգացնում։ 255 բնակիչ ունեցող, Ադրբեջանից փախստականներով բնակեցված Աղավնավանք գյուղի վարչական ղեկավար Վարդան Գեւորգյանը հայտնեց, որ  գետի մեջ եւ գետի ափին աղբ թափողը իրենց գյուղացի չէ, իրենք այժմ որոնումների մեջ են, որպեսզի պարզեն  շրջակա միջավայրն աղտոտած այդ անձի ինքնությունը։ Վ. Գեւորգյանն ասաց, որ Աղավնավանքում կանոնավոր կերպով աղբահանություն է կատարվում, գյուղում կուտակված աղբը աղբատար ավտոմեքենայով տեղափոխում եւ թափում են Դիլիջան քաղաքի աղբավայրում։

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ

Բագրատաշենի  հիմնական դպրոցի տնօրեն Լիանա Ալավերդյանը, որը դեկտեմբերի 5-ին կայացած Նոյեմբերյան խոշոր համայնքի ավագանու համամասնական կարգով ընտրություններում «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»   կուսակցության  ավագանիների թեկնածուների  ցանկի 3-րդ համարն էր, հրաժարվել է ավագանու մանդատը վերցնելուց, այդ առթիվ շնորհակալություն է հայտնել 3480 ընտրողներին, որոնք վստահել եւ իրենց քվեն տվել են իրենց թիմին, եւ հույս է հայտնել, որ ապագայում  ավելի ուժեղ, զարգացած Նոյեմբերյան համայնք են ունենալու։

Լ. Ալավերդյանը չհայտնեց, թե ինչու է  հրաժարվել Նոյեմբերյան խոշոր համայնքի ավագանու մանդատից, սակայն կարելի է ենթադրել դրա պատճառը. առաջիկա տասնօրյակում Նոյեմբերյան խոշոր համայնքի ավագանու նիստ է կայանալու, որը պետք է ընտրի  խոշոր համայնքի ղեկավար։ Լ. Ալավերդյանը, զբաղեցնելով հանրակրթական դպրոցի տնօրենի պաշտոնը, խոցելի է Տավուշի մարզպետարանից սպասվող  ճնշումների նկատմամբ։ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցները գտնվում են Տավուշի մարզպետարանի ենթակայության ներքո։

Համացանցում տեսանյութ կա այն մասին, որ Տավուշի մարզպետ, Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը դեկտեմբերի 5-ին՝ Նոյեմբերյան խոշոր համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ՝ կիրակի օրը, Իջեւան քաղաքից հասել է Նոյեմբերյանի տարածաշրջան եւ մի խումբ պաշտոնատար անձանց հետ խմբվել Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղի գյուղի միջնակարգ դպրոցի շենքի մոտ։ Ընտրական օրենսդրությամբ արգելվում են  ընտրությունների օրը ընտրական տեղամասից  մինչեւ 50 մետր հեռավորությամբ մարդկային կուտակումները, իսկ Հաղթանակի միջնակարգ դպրոցի շենքը դեկտեմբերի 5-ին  գործում էր որպես ընտրական տեղամաս։

Ավելի վաղ Նոյեմբերյան քաղաքում գործող թիվ 37 տարածքային ընտրական  տեղամաս Նոյեմբերյան համայնքի ավագանու մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել սահմանամերձ Կոթի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Մուշեղ Սիրադեղյանը, ով «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածուների  ցանկի 10-րդ տեղում էր։ «Ապրելու երկիր» եւ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները  Նոյեմբերյան համայնքի ավագանիում ստացել են 6-ական տեղ, Մուշեղ Սիրադեղյանի զբաղեցրած 10-րդ տեղն անցողիկ չէ, սակայն կարող են լինել ինքնաբացարկներ, եւ 10-րդ տեղը կարող է դառնալ անցողիկ, ուստի եւ Մ. Սիրադեղյանը  դպրոցի տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո եւ Ռուսաստանի Վորոնեժ քաղաք հիմնական բնակության տեղափոխվելուց առաջ ինքնաբացարկի դիմում է տվել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս