Ռուսական խաղաղապահ ծառայության զինծառայողները ոչնչացրել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համար նախատեսված զինամթերքը, որը հայտնաբերվել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Հաղորդվում է, որ վտանգավոր զինամթերքը հայտնաբերվել է Ասկերանի բնակչի կողմից հողային աշխատանքների իրականացման ժամանակ: Ականազերծման խմբի մասնագետները զինամթերքը բնութագրել են որպես 300 մմ ռեակտիվ արկ: Որոշում է կայացվել այն ոչնչացնել տեղում պայթեցման միջոցով:
Ասկերանի, Մարտակերտի և Մարտունիի շրջաններում՝ սահմանազատման գծի մոտակայքում ռուս խաղաղապահներն ամեն օր չպայթած զինամթերքի, արկերի և ականների որոնումներ են իրականացնում:
2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր ինժեներասակրավորական ստորաբաժանման կողմից մաքրվել է 2322.1 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1937 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26078 պայթյունավտանգ առարկա:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։