Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հունվարի 18-ին հրապարակել է «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը՝ ճանաչելով Հայաստանի իշխանությունների կողմից 2008-ի հետընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքների ազատության իրավունքի խախտումները:
Եվրոպական դատարանի վճիռն ընդունվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիման վրա Հայաստանի Հանրապետության դեմ ՀՀ քաղաքացի, այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի 2010 թ. ապրիլի 1-ի և 2010 թ. սեպտեմբերի 9-ի դատական հայցերի հիման վրա:
ՄԻԵԴ դատաբազայում հրապարակված դատավճիռը վերաբերում է 2008 թ. փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո այն ժամանակ ընդդիմադիր գործիչ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի աջակից Նիկոլ Փաշինյանի ազատազրկմանը:
Ըստ այդմ Ստրասբուրգի դատարանը Թիմ Էյքի նախագահությամբ վճռել է, որ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետը («Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք…») և նույն Կոնվենցիայի 11-րդ հոդվածը («Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների իրավունք…»): Հայցվորի մնացած հայցերը չեն բավարարվել: