ԿԱՇԱՌՔ ԵՎ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվել է ՀՀ-ում պաշտոնատար անձի կողմից աննախադեպ չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված քրեական գործի նախաքննությունը: Մասնավորապես` նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու և փողերի լվացման հանցավոր սխեմա, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի այլ չարաշահումներ, որոնցում ներգրավված են եղել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, Ա. Հարությունյանի ղեկավարած գերատեսչության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալ Սուրեն Ավագյանը, Սևանի հոգեբուժարանի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանը, ինչպես նաև Արամ Հարությունյանի մտերիմ այլ անձինք` Արաքս Դիլանյանն ու Վիկտոր Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:

 

Ըստ մեղադրանքի` Արամ Հարությունյանը, 2007թ. հունիսի 8-ից զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ հանդիսանալով ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձեւավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ, գործարար Սիլվա Համբարձումյանին հանքերեւակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու եւ հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելուն նպաստելու համար գործարարից պահանջել եւ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք: Արդյունքում` 2008թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում, Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերի տարբեր բնակավայրերում գտնվող հանքերեւակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներն անցել են Ս. Համբարձումյանին պատկանող ընկերությունների տրամադրության տակ: Նույն ժամանակահատվածում վերջինս բանկային իր հաշվեհամարներից կանխիկացրել եւ Սուրեն Ավագյանի միջոցով նրան է տվել 6 մլն ԱՄՆ դոլար՝ կաշառքի գումարը:

Պահանջված կաշառքի մյուս մասը` 8 մլն ԱՄՆ դոլարը, Արամ Հարությունյանն իր մտերիմների օժանդակությամբ ստացել է Արաբական Միացյալ Էմիրություններում բացված տարբեր հաշվեհամարներին փոխանցումներ կատարելու եղանակով: Մասնավորապես` Ա. Հարությունյանի առաջարկությամբ եւ գործարար Ս. Համբարձումյանի կազմակերպմամբ ԱՄԷ-ում գրանցված կազմակերպությունը 2008թ. փետրվարի 7-ին 8 մլն ԱՄՆ դոլարը փոխանցել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու պատրաստակամություն հայտնած, այդ նպատակով իր բանկային հաշվեհամարը տրամադրած ՀՀ քաղաքացի Արաքս Դիլանյանի` Աբու Դաբի քաղաքի Ազգային բանկում ունեցած հաշվեհամարին, որից հետո վերջինս, նշված գումարը բաժանելով 3 մասի՝ դրանք, յուրաքանչյուր անգամ 798 մլն ՀՀ դրամին համարժեք 9.5 մլն ԱՄԷ դիրհամի չափով, փոխանցել է Արամ Հարությունյանի մտերիմների` Գագիկ Կարապետյանի, Արմեն Խաչատրյանի եւ Վիկտոր Մարտիրոսյանի հաշվեհամարներին: Այնուհետեւ վերջիններս Ա. Հարությունյանի պահանջով մեկնել են ԱՄԷ, որտեղ իրենց հաշվեհամարներին փոխանցած գումարների մի մասը կանխիկացրել են, դրանք տնօրինել Ա. Հարությունյանի ցուցումով: 2010 թվականի հունվար ամսվա ընթացքում Գ. Կարապետյանը եւ Ա. Խաչատրյանն իրենց հաշվին մնացած ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլարը փոխանցել են Ա. Հարությունյանի եւ նրա կնոջ` Հասմիկ Աբգարյանի` Աբու Դաբի քաղաքի Ազգային բանկում բացված համատեղ հաշվեհամարին: Դրանից հետո Ա. Հարությունյանը մեկնել է ԱՄԷ, որտեղ 2010 թվականի փետրվարի 20-ին տարբեր գումարներ կանխիկացնելու եւ այլ հաշիվների փոխանցումներ կատարելու միջոցով կաշառք ստացած գումարի մի մասը օգտագործել է անձնական նպատակներով:

Քննությամբ պարզվել է նաեւ, որ Ա. Հարությունյանը, իր մտերիմ Ալեքսան Պետրոսյանի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ հանցավոր ճանապարհով ստացված վերոհիշյալ գումարի ծագման աղբյուրը քողարկելու նպատակով 2011թ. մարտ ամսին ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլարը փոխանցել է Ա. Պետրոսյանին պատկանող` բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊԸ-ի` Շվեյցարիայի Համադաշնության Ցյուրիխ քաղաքում գտնվող բանկի հաշվեհամարին: Նույն ժամանակահատվածում Վիկտոր Մարտիրոսյանը նույնպես իր բանկային հաշվեհամարին փոխանցված գումարի ծագման իրական աղբյուրը քողարկելու նպատակով հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլն դոլարը՝ Ա. Հարությունյանի առաջարկությամբ, փոխանցել է «Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊԸ-ի` վերը նշված նույն բանկային հաշվեհամարին:

Վերը նշված երեք մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրանց պատկանող՝ ընդհանուր 30 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցների եւ գույքի վրա արգելանք է դրվել: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ինչ վերաբերում է Արաքս Դիլանյանին, Վիկտոր Մարտիրոսյանին եւ Ալեքսան Պետրոսյանին, ապա քրեական գործից նրանց վերաբերյալ անջատված մասերով նախաքննությունն ավարտվել է դեռեւս 2019 թվականին, եւ հիշյալ գործերն այժմ դատաքննության փուլում են:

Ն. Պ.

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ

ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերում ծառայող Նորիկ Մկրտչյանի մասին 2021 թվականի մայիսի 14-ից հարազատները լուր չունեն: Փաստաբան Լուսինե Վիրաբյանի խոսքով՝ 2021 թվականի փետրվարին Նորիկը զորակոչվել է ծառայության, ծառայել է մինչև մայիս:

 

Վերջին անգամ մոր հետ հեռախոսազրույց է ունեցել մայիսի 14-ին, եւ դրանից հետո մայրը որեւիցե լուր չունի, միայն մայիսի 18-ին ծնողին հայտնել են, որ Նորիկը չկա: «Ըստ ՊՆ ներկայացուցիչների ներկայացրածի եւ ըստ վարկածի՝ Նորիկն ինքնակամ լքել է զորամասը եւ արդեն 8 ամիս է որեւէ տեղում չի հայտնաբերվել, ծնողը չունի որեւէ նորություն, չունի որեւէ մեկի աջակցությունը: 18 տարեկան զինծառայողը չի կարող 8 ամիս շարունակ առանց գումարի թաքնվել, եթե դա կոչվում է փախուստ, կամ եթե թաքնվում է: Երեւի թե, հրամանատարական կազմը որոշակի առումով կանոնակարգված հսկողություն չի իրականացրել, պարզ չէ՞ թե ինչ է կատարվել, ինչ պայմաններում է Նորիկն անհետացել»,-ասել է Լուսինե Վիրաբյանը:

Նա նշել է, որ վարկածները մի քանիսն են, եւ մի քանի կցկտուր տեղեկատվություններ ունեն, սակայն չեն կարող բարձրաձայնել՝ նախաքննության շահերից ելնելով:

«Ամեն դեպքում այն վարկածը, որ զինծառայողը թաքնվում է՝ այնքան էլ հակված չենք դրան, որովհետեւ կարող էր թաքնվել մեկ օր, մեկ շաբաթ կամ մեկ ամիս, բայց ոչ 8 ամիս շարունակ կապ չհաստատեր ընտանիքի անդամներից որեւէ մեկի հետ եւ առանց աջակցության կարողանար ամիսներ շարունակ թաքնվել: Փաստացի ունենք այս իրավիճակը՝ տղային ծնողն ուղարկել է ծառայության, ով այս պահին անհետացել է, չկա: Ուղղակի չկա ու որեւէ մեկը պատասխան չի տալիս»,-ասում է փաստաբանը: Վիրաբյանը նշել է, որ Նորիկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել դասալքության համար: Հուլիս ամսին հարուցվել է քրեական գործ: Ռազմական ոստիկանության կողմից հայտարարվել է հետախուզում: Փաստաբանի խոսքով՝ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու:

«Խոսքը վերաբերում է նրան, որ զինծառայողը եղել է նորմալ, հանգիստ պայմաններում, այդ ժամանակ պատերազմական իրավիճակ չի եղել ու առ այսօր ծնողը որեւէ տեղեկատվություն չունի իր երեխայի մասին, այսինքն՝ անհետացել է: Այն, որ հարուցված է քրեական գործ, որեւէ մեկին, որեւէ պետական մարմնի չթվա, որ քրեական գործ հարուցելով կարող են քողարկել ենթադրաբար որեւէ գործողություններ: Ծնողը դրան էլ է համաձայն, եթե երեխան ողջ-առողջ է, թող բերեն, թող պատասխանատվության ենթարկեն, եթե կատարել է որեւէ հակաօրինական արարք: 8 ամիս շարունակ ի՞նչ է անում իրավապահ մարմինը»,-ասել է նա:

Ն. Պ.

 

 

 

ՍԻԳԻ ԱՊՕՐԻՆԻ ՎԱՃԱՌՔ

2022 թվականի հունվարի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի Ավան, Կենտրոն, Նոր Նորք եւ Շենգավիթ վարչական շրջաններում հայտնաբերվել են սիգ ձկնատեսակի վաճառքի դեպքեր: ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության համապատասխան բաժինների աշխատակիցների հետ համատեղ առգրավվել է 196 կգ 416 ձուկ, որը հանձնվել է ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին։ Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։ Միաժամանակ Երեւանի Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջանների աշխատակազմերի առեւտրի, ծառայությունների եւ գովազդի բաժինների աշխատակիցներն էլ հայտնաբերել եւ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ առգրավել են 107 կգ 295 սիգ տեսակի ձուկ։ Հիշեցնենք, որ սիգ տեսակի ձկան ձվադրման շրջանում՝ դեկտեմբերի 25-ից մինչեւ հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի որսի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն:

 

 

 

ԶԱՆԳՎԱԾ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

2022 թվականի հունվարի 12-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, պահակետերից մեկի ծառայողից ահազանգ ստանալով հնարավոր ներնետման մասին՝ իրականացրել են տեղանքի զննություն: Տեղազննության արդյունքում բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 8,54 գրամ քաշով առանձնացված զանգվածներ, 2 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի մարտկոց, 2 USB եւ 2 կտրված լարեր: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

 

 

 

ՈՐՈՆՎՈՒՄ Է

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է անձ: ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ:

 

 




Լրահոս