ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու Երևան քաղաքի Շիրազի փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները, որի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ըստ նախնական տվյալների, 2022թ. փետրվարի 26-ին՝ ժամը 11:25-ի սահմաններում, 34-ամյա տղամարդն իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, հիշյալ վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին՝ անզգուշությամբ նրան պատճառելով մահ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով, 2022թ. փետրվարի 26-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, հիշյալ ավտոճանապարհի «Ազատապադյոմ» կոչվող ճանապարհահատվածում Գավառ քաղաքի բնակիչն իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է բետոնե սյուներին և շրջվել, ինչի հետևանքով մեքենայի ուղևորը տեղում մահացել է։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: