Լավրովն անդրադարձել է Մարիուպոլի ծննդատան գնդակոծությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 9-ին Մարիուպոլում ծննդատան և մանկական հիվանդանոցի շենքի գնդակոծությունը մեծ աղմուկ է առաջացրել միջազգային հանրության շրջանում և հայտնվել լրատվամիջոցների առաջին էջերում։ Ըստ ուկրաինական կողմի՝ ծննդատանը ռուսական հարվածի հետևանքով 17 մարդ է վիրավորվել։

Իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով այս հարցին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ծննդատան շենքը վաղուց գրավվել է «Ազով» գումարտակի կողմից և դարձել բազա ծայրահեղականների համար։

«Մարտի 7-ին կամ 6-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում մեր պատվիրակության կողմից ներկայացվել էին փաստեր, որ տվյալ ծննդատունը վաղուց գրավված է «Ազով» գումարտակի և այլ արմատականների կողմից, այնտեղից հանել էին բոլոր ծննդկաններին, բուժքույրերին և ամբողջ սպասարկող անձնակազմին։ Դա «Ազով» ուլտրա արմատական գումարտակի բազան էր։ Այդ տվյալները ներկայացվել են 3 օր առաջ»,- ասել է Սերգեյ Լավրովը։

Դեռ հարվածից ժամեր առաջ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ուկրաինացի ազգայնականները և զինյալները հաստատվել են ծննդատանը։ Զախարովան Դոնբասում ռուսական ուժերի դեմ ուկրաինացի ազգայնականների գործողությունները համեմատել էր չեչեն ահաբեկիչների մարտավարության հետ, որոնք 1995 թվականին Բուդենովսկի ծննդատանը պատանդ էին վերցրել 1200 մարդու։

Ըստ ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովի՝ Մարիուպոլի ծննդատան գնդակոծության կադրերը սադրանք են, որպեսզի այնուհետև Ռուսաստանին մեղադրեն պատերազմական հանցագործությունների մեջ։




Լրահոս