Օրեր առաջ Financial Times-ը գրեց, որ Միացյալ Նահանգները խոստանում են պատժել այն երկրներին, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցելու սանկցիաները։ Այդ երկրներից են Չինաստանը, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիություններն ու Հայաստանը։ Այս ամենով հանդերձ, սակայն, արձանագրենք, որ ժամանակակից փոխկապակցված աշխարհում միակողմանի սանկցիաների սահմանումը որեւէ երկրի դեմ հենց այնպես՝ անհետեւանք չի լինում եւ, որպես կանոն, ունենում է «բումերանգի էֆեկտ» ու վերադառնալու է սանկցիան սահմանող երկրին, գուցե՝ ոչ պակաս ցավոտ կերպով հարվածելով վերջինիս տնտեսությանը, քան հարվածել էր այն երկրի տնտեսությանը, որի նկատմամբ այդ սանկցիան կիրառվել էր։ Իհարկե, եթե, օրինակ, վաղն ԱՄՆ-ն որոշի սանկցիաներ սահմանել Հայաստանի դեմ, դա չի նշանակի, որ այդ սանկցիաների հետեւանքն Ամերիկայի տնտեսության համար լինելու է նույնքան ճակատագրական, որքան Հայաստանի համար, գուցեեւ ամերիկյան տնտեսությունը նույնիսկ չնկատի դրա հետեւանքները։
Խոսելով միակողմանի սանկցիոն արշավ իրականացնելու քաղաքականության «բումերանգի էֆեկտի» մասին՝ պետք է նկատի ունենալ համաշխարհային տնտեսության մեջ իր տեղն ունեցող ռուսական տնտեսությունը։ Ու այս առումով, որքան էլ, օրինակ, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կողմ լինի սանկցիաներին եւ գտնի, որ մի քանի տարում իր երկիրը կարող է հրաժարվել ռուսական էներգակիրներից, սակայն ստիպված է նաեւ խոստովանել, որ սանկցիաները բավական ցավոտ հարվածում են եվրոպական տնտեսություններին եւ հասարակ քաղաքացիների գրպանին։
Եվրոպան, առհասարակ, իր սպառած գազի 40 տոկոսը ստանում է Ռուսաստանից, իսկ Եվրոպայի տնտեսական լոկոմոտիվ Գերմանիան իրեն անհրաժեշտ գազի 55 տոկոսը, ածխի 50 տոկոսը եւ նավթի մոտ 35 տոկոսն է գնում Ռուսաստանից։ Սա՝ այն դեպքում, երբ Գերմանիան հրաժարվել է ատոմային էներգետիկայից եւ ահռելի միջոցներ է ներդրել վերականգնվող էներգետիկ ռեսուրսների ոլորտում, այդ թվում նաեւ՝ քամու եւ արեւային էներգակայաններում։ Եթե նույնիսկ ընդունենք, որ հենց այս պահին Գերմանիան Ռուսաստանից բոլոր տեսակի մատակարարումները դադարեցնում է, ապա բավականին երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի դրանք փոխարինի այլ երկրների էներգակիրներով, քանի որ նորվեգական կամ նիդերլանդական հանքավայրերն այնքան էլ լավ վիճակում չեն, իսկ Քաթարը, Ալժիրը, Նիգերիան իրենց արտադրանքն ավելի շատ վաճառում են Ասիայի շուկաներում։ Սակայն ամեն ինչ միայն էներգակիրներով չի վերջանում։
Այսպես, Այգեգործների բելդիական ֆեդերացիան, որը խնձորի եւ տանձի խոշոր արտադրող է, հայտարարել է, որ իր անդամ ֆերմերները մինչեւ հիմա չեն հաղթահարել այն բացասական ազդեցությունը, որը կրել են դեռ 2014 թվականին, երբ ռուսական կողմը, ի պատասխան արեւմտյան սանկցիաների, սանկցիաներ էր կիրառել եվրոպական գյուղմթերքի նկատմամբ։ Գյուղմթերքի ոլորտում եվրոպական շուկայի համար խնդիրները լինելու են չափազանց զգալի եւ ցավոտ, քանի որ Ռուսաստանն ու Ուկրաինան ցորենի, եգիպտացորենի, գարու, բուսայուղի համաշխարհային շուկայում առանցքային խաղացողներից մեկն են։ Վերլուծաբաններն արդեն իսկ կանխատեսում են, որ Ռուսաստանից մատակարարումների խաթարումները կարող են գյուղմթերքի հումքի շուկայում առաջացնել գլոբալ խնդիրներ, ինչպես, օրինակ, Եգիպտոսում կարող է սով առաջանալ, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներում կարող են սկսվել լուրջ պարենային խնդիրներ։ Ու այստեղ պետք է նկատի ունենալ նաեւ պարարտանյութերը, մետաղաձուլությունը, ադամանդագործությունը եւ այլ ոլորտներ, որոնցում Ռուսաստանն ունի բավականին նկատելի կշիռ համաշխարհային տնտեսության մեջ, ու հիմա այս սանկցիաները կարող են հարվածել այդ հումքով աշխատող արեւմտյան տնտեսություններին։
Ն. Պ.
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ Է
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանություններին՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով անկախ մամուլը եւ քննադատական խոսքը սահմանափակելու, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների դեմ հարձակումների ու սպառնալիքների արդյունավետ հետաքննությունը ձախողելու համար։ Կազմակերպության զեկույցը, որը կոչվում է «Աշխարհում մարդու իրավունքների վիճակը», արձանագրում է՝ Հայաստանում խոսքի ազատությունը շարունակում է անարդար կերպով սահմանափակված մնալ։ «Կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական մի քանի փոփոխություններ, որոնք սահմանափակում են անկախ մամուլն ու այլ քննադատական խոսքը։ [2021թ.] Մարտին Ազգային ժողովը բարձրացրեց վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված տուգանքի վերին շեմը՝ հասցնելով 6 միլիոն դրամի: Օգոստոսին օրենսդրական փոփոխությունների մեկ այլ փաթեթ քրեականացրեց՝ հանրային դեմքերին վիրավորանք հասցնելը՝ վիրավորանքի կրկնության դեպքում հնարավոր դարձնելով մինչեւ երեք ամիս ազատազրկումը»,-ասված է զեկույցում։
ՀԱՍՑԵԱԳՐԵԼ Է ԲԱՔՎԻՆ
ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն այն հարցին, թե արդյոք ադրբեջանական զորքերը վերադառնալու են իրենց նախկին դիրքերը, պատասխանել է՝ այդ հարցը պետք է հասցեագրել Բաքվին։ «Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարությունն է արել՝ մտահոգություն հայտնելով ղարաբաղյան գոտում լարվածության աճի կապակցությամբ»,-ասել է Ռուդենկոն: Մարտի 26-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ադրբեջանական զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի։ Կիրակի երեկոյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանը զորքերը դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրից։ Ադրբեջանի ՊՆ-ն ավելի ուշ հերքեց ՌԴ ՊՆ-ին:
ՄԱԿ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ
ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ ակնկալում է Ռուսաստանից եւ Ուկրաինայից մարդասիրական հրադադարի հաստատման պայմանավորվածության ձեռք բերում եւ կոչ է արել ներդնել բոլոր ջանքերը՝ դրան հասնելու համար։ Նա ասել է, որ մարդասիրական հրադադարը կնպաստի երկու երկրների միջեւ բանակցություններին, ինչն իր հերթին կնպաստի հակամարտության կարգավորմանը։ Գուտերեշը հավելել է, որ հանձնարարել է Մարդասիրական հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կոորդինատոր Մարտին Գրիֆֆիթսին աշխատել Մոսկվայի եւ Կիեւի հետ՝ մարդասիրական հրադադարի հաստատման ուղղությամբ հիմքեր ստեղծելու համար։
ՆԱԽԱՐԱՐԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞
ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություններ է կատարել Արտակարգ իրավիճակների նախարարությունում: Հայտնել էինք, որ ԱԻՆ մի քանի աշխատակիցների ԱԱԾ-ն իր հետ տարել է: Թե ինչ է փնտրել ԱԱԾ-ն նախարարությունում, եւ արդյոք խուզարկությունները արդյունք տվել են, թե ոչ, առայժմ պարզել չհաջողվեց: Սակայն ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ ԱԱԾ-ն ԱԻՆ մի շարք աշխատակիցների տարել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ այս պահին ընթանում է ԱԻՆ աշխատակիցների հարցաքննությունը: Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական բաժնի պետ Մարինա Օհանջանյանը մեզ հայտնեց, որ քննչական գործողություններն իրականացվում են Կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեում շարունակվում է ԱԻՆ աշխատակիցների հարցաքննությունը: Մեր տեղեկությունների համաձայն՝ քրեական գործը հարուցվել է կաշառքի եւ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով: Հակակոռուպցիոն կոմիտեն առայժմ լռում է, այլ մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում:
ArmLur.am-ին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործից ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ԱԻՆ-ի պաշտոնյաները տարբեր անձանց պաշտոնների նշանակման գործընթացում կոռուպցիոն գործարքների են գնացել, ու շղթան, ըստ լուրերի, հասնում է մինչեւ ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանին: Ավելին՝ մեզ հասած լուրերի համաձայն՝ գործով կան այս պահին ԱԻՆ ձերբակալված եւ կալանավորված աշխատակիցներ. գործով անցնող անձինք ցուցմունքներում անգամ տվել են նախարարի անունը: Ուշագրավն այն է, որ վարչապետը նախարար Փիլոյանին 14 օրով ուղարկել է արձակուրդի, եւ դատելով իրավիճակից՝ նախարարը, չի բացառում, որ է՛լ չվերադառնա, եւ նրան մեղադրանք առաջադրեն: Ինչեւէ, հետեւենք զարգացումերին:
ԼՈՂԱՓԵՐ ԿՍՏԵՂԾՎԵՆ
ArmLur.am-ը տեղեկացավ, որ կստեղծվի 4 հանրային լողափ: Բացի այս, կկահավորվեն նաեւ չգործող հանրային լողափերը: Ի դեպ, ArmLur.am-ը տեղեկացավ, որ 4 հանրային լողափերը գործելու են Լճափ, Շողակաթ, Գավառ եւ Մարտունի համայնքներին կից։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ամառային հանգստի սեզոնին տարեկան այդ լողափերում իրենց հանգիստն են անցկացնում մինչեւ 90.000 քաղաքացի։ Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության՝ Սեւանա լճի ափին հանրության բոլոր շերտերին հասանելի կլինի հանգստի հնարավորություն, անվճար ծառայություններ՝ մուտք լողափ, հանդերձարաններ, հանրային սանհանգույցներ, շվաքարաններ, բուժկետ, փրկարարական ծառայություն, երեխաների համար խաղահրապարակներ: Արդյոք կհաջողի նախարարությանը իրականացնել այս նախագիծը՝ ցույց կտա ժամանակը, բայց ArmLur.am-ի ձեռքի տակ են հայտնվել 4 հանրային լողափերի համար նախատեսված հողատարածքների գծագրերը: