ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ Է ԱՆԿԼԱՎՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանի հետ՝ հասկանալու համար, թե Քարագլխին տեղակայվելուց հետո որն է լինելու ադրբեջանցիների հաջորդ քայլը: 

 

-Արցախում, փաստորեն, թեեւ գազամատակարարումը վերականգնված է, բայց ադրբեջանցիներն առաջ եկած դիրքերից հետ չեն քաշվում, եւ ռուսական կողմի բանակցությունները տեսանելի արդյունք չեն տալիս: Այս ամենը իրականում ի՞նչ քայլ է: Ինչ-որ բա՞ն են ուզում ցուցադրել ադրբեջանցիները, թե՞, նախանշված պլանի համաձայն, գործողություններ են կատարում:

-Նախ՝ իրավիճակը մի փոքր այլ է այն իմաստով, որ ադրբեջանցիների նախնական առաջխաղացումը ենթադրում էր նաեւ հարող գյուղում տեղակայված լինել, նրանք դիրքավորվել էին նաեւ Քարագլխի հատվածում: Դա ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է՝ կոնկրետ Քարագլխին հարող բոլոր մասերով, դրա համար ադրբեջանցիների այդ քայլը հասկանալի է իրենց հետագա պլանների իրականացման տեսանկյունից: Բանակցությունների արդյունքում, որ վարվել են, ադրբեջանցիները դուրս են եկել գյուղից, բայց Քարագլխի այդ հատվածից նրանք դուրս չեն  եկել, դիրքավորվել են եւ որոշակի տեղային ինժեներական աշխատանքներ են կատարել: Նախ ֆիքսենք մի հանգամանք, որ անգամ տեսանյութերից մեկում, երբ ռուսները բանակցում էին ադրբեջանցիների հետ, նրանց սպաների հետ, սպաներից մեկը հավանաբար միամտաբար հուշեց, որ իրենց ղեկավարությունը, այսինքն՝ Ադրբեջանի ղեկավարությունն ու Հայաստանը պայմանավորվել են, որ գյուղը հանձնելու են Արդբեջանին: Հիշենք, որ դրան նախորդեցին Արցախում իշխանությունների կողմից համայնքի ղեկավաներին ուղղված հրահանգներ, որ որեւէ պարագայում չեն զինվում եւ  զինված դիմադրություն չեն ցուցաբերում: Ի՞նչ տեղի ունեցավ: Քաղաքական պայմանավորվածությունը Հայաստանի բարձրագույն ղեկավարության եւ Ադրբեջանի կողմից տեղի է ունեցել դիրքերի հետքաշման մասով: Եթե հիշում եք, հետագայում տեղի ունեցավ ռազմական բախում: Պետք է հասկանալ, որ այդպիսի դիրքային մարտերն ավելի շատ են, դրանք իմիտացիոն փաթեթավորման նշանակություն ունեն, որ այն դավադիր գործողությունները, որոնք տեղ են գտնում կոնկրետ Հայաստանի կողմից հողեր հանձնելու տեսանկյունից, լինեն լեգիտիմ, ընկալելի եւ ոչ հրապարակային, որպեսզի հետագայում հարցեր չծագեն՝ բա ինչպե՞ս էդ գյուղերը հանձնեցինք: Պետք է հասկանալ, որ ադրբեջանցիները օգտվում են ռուս-ուկրաինական պատերազմից եւ Ռուսաստանի շուրջ ստեղծված իրավիճակից եւ իիրենց համար պատուհան են տեսել ոչ միայն Արցախում դիրքավորվելու: Լիովին ստանում են իրենց քայլերի հայելային աջակցությունը հայկական իշխանությունների կողմից:

-Առաջիկայում նորից կլինե՞ն նման պայմանավորվածություններ:

-Ես կարծում եմ, որ նոր չեն այդ պայմանավորվածությունները սկսվել, այլ Ապրիլյան պատերազմից մինչեւ այս վերջին դեպքը, որը չի հանգուցալուծվել: Իհարկե, սրացումներ կլինեն, թեեւ կարծում եմ՝ սրացումներ կլինեն նաեւ Երասխի մասով: Ես նշել եմ, որ Հայաստանը վերադարձնելու է բոլոր այն անկլավները, որոնք Ադրբեջանը ցանկանում է, եւ դրանք գտնվում են Հայաստանի ռազմավարական ճանապարհների վրա:  Այսինքն՝ Ադրբեջանը կարողանալու է Հայաստանի Հանրապետություն կոչվող պետության հաղորդակցային ցանցի ռազմավարական ուղիներն իր սեփական վերահսկողության տակ պահել: Այդ հանգամանքը եւս իրողություն է դառնալու, իզուր չէ, որ Երասխի հատվածում ադրբեջանցիներն ունեն որոշակի կուտակում, որոշակի պարբերականությամբ զորքը առաջ են տանում, հետո հետ են բերում: Այսինքն՝  դա նաեւ ուժի, սպառնալիքի գցուցադրման գործիք է, որը այս պարագայում նպատակ ունի օգնել Հայաստանի Հանրապետության գործող ղեկավարին նման դատողություն անելու համար: Որպեսզի զերծ մնանք պատերազմից, բազմաթիվ զոհերից, մենք պետք է գնանք Ադրբեջանի ներկայացրած հնգակետ  պայմանագիրը ստորագրենք:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ  

 

 

 

ԶԵԼԵՆՍԿԻՆ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է անում երկրի քաղաքացիներին զգուշավոր մոտեցում որդեգրել Ստամբուլում կայացած բանակցություններից հետո Մոսկվայից հնչող դրական ազդակների հանդեպ։

 

Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է իր ամենօրյա կեսգիշերային ուղերձում։ «Այո, մենք կարող ենք ասել, որ բանակցային հարթակից հնչող ազդակները դրական են։ Դրանք, սակայն, չեն լռեցնում ռուսական արկերի պայթյունները։ Բնական է, որ մենք տեսնում ենք բոլոր ռիսկերը, բնական է, որ մենք չենք վստահում այն պետության ներկայացուցիչների խոսքերին, որը շարունակում է քանդել մեր երկիրը։ Ուկրաինացիները միամիտ մարդիկ չեն։ Ռազմական գործողությունների 34 օրերի եւ Դոնբասում ընթացող պատերազմի 8 տարիների ընթացքում մենք արդեն սովորել ենք, որ հարկավոր է վստահել միայն փաստերին», – հայտարարում էր Զելենսկին։

Ստամբուլում կայացած բանակցությունների ավարտին Ռուսաստանի իշխանությունները հայտարարել էին, որ պաշտոնական Կիեւը հնարավոր խաղաղության համաձայնագրին վերաբերող մի շարք առաջարկներ է ներկայացրել։ Դրանցով Ուկրաինան պարտավորվում է չանդամակցել ՆԱՏՕ-ին, ինչի փոխարեն մի շարք պետություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները (ներառյալ Ռուսաստանը) Ուկրաինային անվտանգության հստակ երաշխիքներ են տրամադրելու։ Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում ուկրաինական պատվիրակությունը նաեւ համաձայնել էր 15 տարով սառեցնել Ղրիմի շուրջ 2014 թվականին ձեւավորված ստատուս քվոն՝ պարտավորվելով զերծ մնալ հարցի ռազմական լուծման փորձերից։

Կիեւից հնչած այս խոստումներին ի պատասխան՝ Ռուսաստանի իշխանությունները հայտարարեցին մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Կիեւի, հարձակումը դադարեցնելու մասին՝ նշելով, որ այդ քայլին են դիմում, քանի որ «քաղաքական որոշումները կայացվում են մայրաքաղաքում»։

Ն. Պ.

 

 

150 ԱՇԽԱՏԱԿԻՑ Է ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեում ԱԻՆ պաշտոնատար անձանց կոռուպցիոն գործողությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով մոտ ԱԻՆ 150 աշխատակից է հարցաքննվել, որոնց մեծ մասին մեղադրանք է առաջադրվել, եւ մոտ 5-ից ավելի անձ էլ կալանավորվել է: ArmLur.am-ը գրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության է հրավիրել նաեւ ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանին: Ավելին, ArmLur.am-ը գրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործից ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ԱԻՆ-ի պաշտոնյաները տարբեր անձանց պաշտոնների նշանակման գործընթացում կոռուպցիոն գործարքների են գնացել, ու շղթան, ըստ լուրերի, հասնում է մինչեւ ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանին. Փիլոյանին դեռեւս մեղադրանք չի առաջադրվել, սակայն նախաքննական մարմինը բոլոր նախադրյալները տեսնում է նրան մեղադրանք առաջադրելու հարցում: Ի դեպ, գործով անցնող անձինք ցուցմունքներում անգամ տվել են նախարարի անունը: Ուշագրավն այն է, որ վարչապետը երեկ նախարար Փիլոյանին 14 օրով ուղարկել է արձակուրդի, եւ դատելով իրավիճակից՝ նախարարը, չի բացառում, որ էլ չվերադառնա, եւ նրան մեղադրանք առաջադրեն: Ինչեւէ, հետեւենք զարգացումերին:

 

 

ՀԱՅՀՈՅԵԼ Է

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արմեն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ոստիկանության աշխատակիցներին, նրանց հանրային գործունեությամբ պայմանավորված, հասցրել է ծանր վիրավորանք՝ հայհոյելով վերջիններիս: Արմեն Մարտինի Մարգարյանը, 2021 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Սեբաստիա Կուրղինյան փողոցների խաչմերուկի հատվածում վարելով «Մերսեդես» մակնիշի 10 XA 077 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, այն կայանել է հիշյալ խաչմերուկում, որի ընթացքում խաչմերուկի երթեւեկությունը կարգավորող լուսացույցի կանաչ լույսի ցուցիչի պարագայում չի շարունակել երթեւեկությունը, այլ մնալով կանգնած՝ մի քանի անգամ ձայնային ազդանշան է տվել: Արմեն Մարտինի Մարգարյանի արարքը նկատվել է տվյալ տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի կրտսեր պարեկ Արտակ Սաֆարյանի եւ նույն գումարտակի նույն վաշտի պարեկ Արծրուն Հարությունի Զաքարյանի կողմից, որոնք կանգնեցնելով Արմեն Մարգարյանի կողմից վարվող ավտոմեքենան՝ վերջինիս սթափության աստիճանը ստուգելու նպատակով առաջարկվել են անցնել ստուգում, ինչից հետո Արմեն Մարգարյանը, հրաժարվելով զննութուն անցնելուց, ներկայացել է որպես Պաշտպանության նախարարության գնդապետ եւ ծայրահեղ անպարկեշտ եղանակով ծանր վիրավորանք է հասցրել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 3-րդ գումարտակի 1-ին վաշտի կրտսեր պարեկ Արտակ Աաֆարյանին եւ նույն գումարտակի, նույն վաշտի պարեկ Արծրուն Հարությունի Զաքարյանին՝ հնչեցնելով հետեւյալ արտահայտությունները. «Ոստիկանությունում բոլորը ….. են, այդ թվում նաեւ դուք»:

 




Լրահոս