«Էյր Արմենիա» ՓԲԸ տնօրինության կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով 2016թ. դեկտեմբերի 29-ին մեղադրանք էր առաջադրվել նշված ընկերության տնօրեն Ա. Ավետիսյանին: Գլխավոր դատախազության փփոխանցմամբ՝ վերջինս մեղադրվում էր այն բանի համար, որ Կառավարության համապատասխան որոշման հիման վրա պարտավորված լինելով գանձել ՀՀ-ից մեկնող ֆիզիկական անձանց վաճառված ավիատոմսերից առաջացած պետական տուրքի գումարները եւ դրանք վճարել պետական բյուջե՝ 2014թ. իրականացրել է ուղեւորափոխադրումներ, գանձել 681.923.052 դրամի չափով պետական տուրքի գումար եւ, պետության կողմից իր ղեկավարած կազմակերպությանը փաստացի վստահված առանձնապես խոշոր չափերի այդ գումարը պետական բյուջե վճարելու փոխարեն, յուրացման եղանակով հափշտակել է` տնօրինելով սեփական հայեցողությամբ:
Ա. Ավետիսյանի, «Էյր Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող գույքերի, բանկային հաշվեհամարների վրա 683.723.073 ՀՀ դրամի չափով դրվել էր կալանք:
Դատական քննության արդյունքում, սակայն, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019թ. հուլիսի 26-ի դատավճռով Ա.Ավետիսյանը արդարացվել էր՝ հանցադեպի բացակայության հիմքով: Դատարանը գտել էր, որ ամբաստանյալն իր վստահությանը հանձնված գույքը, տվյալ դեպքում՝ վերոնշյալ դրամական միջոցները, իր կամ մեկ այլ անձի սեփականությունը չի դարձրել, այդ գույքը դուրս չի բերել սեփականատիրոջ գույքային ընդհանուր ֆոնդից եւ չի ընդգրկել իր սեփական գույքային ֆոնդի մեջ եւ չի յուրացրել: Ավելին՝ «Էյր Արմենիա» ՓԲԸ-ում ոչ մի լումա չի ելքագրվել ընկերության դրամարկղից կամ հաշվարկային հաշվից, առանց նպատակային նշանակության, եւ դեռ պետությունը չի կատարել ընկերության հանդեպ ստանձնած պարտավորությունները:
Որոշման դեմ ՀՀ դատախազության ներկայացրած բողոքը ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել էր՝ անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Վերաքննիչ դատարանն իր հերթին գտել էր, որ ֆինանսական գործառնությունները վերաբերում են քաղաքացիաիրավական բնույթի վեճի եւ ստանձնած գույքային պարտավորությունների չկատարումը չի կարող հիմք հանդիսանալ քրեադատավարական կառուցակարգի կիրառման: Եվ չնայած վերաքննիչ դատարանը անհիմն էր որակել դրամական նշված միջոցները անձին հանձնված չլինելու եւ հանցադեպի բացակայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի եզրահանգումները, սակայն գտել է, որ ամբաստանյալը պետք է արդարացվի ոչ թե հանցադեպի, այլ հանցակազմի բացակայության հիմքով։
Այս որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից բերվել է վճռաբեկ բողոք, որը վերջնարդյունքում, ՀՀ վճռաբեկ դատարանի 2022թ. ապրիլի 8-ի որոշմամբ, ամբողջությամբ բավարարվել է: Գործն ուսումնասիրելով յուրացման հանցակազմի վերաբերյալ նախկինում իր արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը համաձայնել է Դատախազության բողոքի հիմնական բոլոր հիմնավորումների հետ:
Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ-ի եւ «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի միջեւ ծագած իրավահարաբերությունը կրել է ոչ թե մասնավոր՝ քաղաքացիաիրավական բնույթ, ինչպես նշվել են ստորադաս դատարանները, այլ հանրային՝ վարչաիրավական բնույթ, քանի որ պետությունը տվյալ դեպքում հանդես է եկել ոչ թե հավասար հիմունքներով, այլ որպես իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ, որը մյուս կողմի հետ իր հարաբերության բովանդակությունը որոշել է միակողմանի կամահայտնությամբ: Ըստ այդմ՝ պետության կողմից իր բացառիկ՝ պետական տուրքի գանձման լիազորության պատվիրակման արդյունքում, «հիմնական» գույքային ֆոնդից բացի, ձեւավորվել է նաեւ վերջինիս մասը կազմող, սակայն առանձնացված «միջանկյալ» գույքային ֆոնդ, որի նպատակը պետության գույքը, տվյալ դեպքում՝ պետական տուրքը պետության «հիմնական» գույքային ֆոնդ ուղղելն է։ Մինչդեռ, Ա.Ավետիսյանը, պարտավորված լինելով պետական տուրքը սահմանված ժամկետում փոխանցել պետության «հիմնական» գույքային ֆոնդ, չի կատարել դա՝ այն միացնելով կազմակերպության գույքային ֆոնդին՝ վերջինիս հետ միասին այն ուղղելով «Էյր Արմենիա» ՓԲԸ ընթացիկ ծախսերը հոգալուն: Ընդ որում, այն հանգամանքը, որ այս գործողությունները կատարվել են կազմակերպությունը պահպանելու եւ նախկինում ներդրած մեծ գումարները չկորցնելու նպատակով, վկայում է շահադիտական դրդումներ ունենալու մասին: Վճռաբեկ դատարանը համարել է, որ ընկերության՝ ֆինանսական բարդ իրադրության մեջ հայտնվելու, ընկերության հանդեպ պետության ստանձնած պարտավորությունները չկատարելու իրողությունները, ինչպես գտել է դատախազությունը, չէին կարող ամբաստանյալի արարքում յուրացման հանցակազմի հատկանիշների առկայությունը բացառելու հիմք լինել:
Այս հիմնավորումներով ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել բեկանել Ա. Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021թ. փետրվարի 25-ի որոշումը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Ն. Պ.
ԽԻՍՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կառավարության ղեկավարի երեկվա հայտարարությունները խիստ վտանգավոր են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար: Հայաստանի անվտանգության համակարգն ուղղակի ավերվում է նման հայտարարություններով, որոնք պայմանավորված են քաղաքական նեղ շահերով եւ չունեն մասնագիտական հիմքեր:
Այս կերպ են պատերազմի ավարտից սկսած միջազգային հանրությունից թաքցվել ադրբեջանական հանցավոր արարքների մանրամասները: Այդ փաստերը թաքցվել են նաեւ ներքին հանրությունից ու Սփյուռքից: Լուրջ ճնշումների են ենթարկվել ու շարունակում են ենթարկվել այդ փաստերը բարձրաձայնողները: Տեղի է ունենում պարզապես ինֆորմացիոն բլոկադա: Սեփական սխալները կոծկելու եւ դժգոհություններ առաջ չբերելու համար ՀՀ բարձրաստիճան տարբեր ղեկավար պաշտոնյաների կողմից արդարացվել ու օրինականացվել են մեր գյուղերի հարեւանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները, սեփական քաղաքական շահերի համար արվել են Հայաստանի տարածքային իրավազորությունը Ադրբեջանին զիջող պաշտոնական հայտարարություններ՝ անտեսելով Հայաստանի ու Արցախի բնակչության անվտանգությունը, կյանքի եւ մյուս իրավունքները:
Այս պաշտոնյաները նաեւ հետեւողականորեն զրոյացրել են պատմական նշանակության մեր հիմնարար թեզերը՝ սկսած նրանից, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որեւէ կապ չունի Արցախի հետ եւ չի էլ ունեցել, անտեսվել է, որ ադրբեջանական պետական դոկտրինայում Հայաստանի զգալի մասը համարվում է «ադրբեջանական պատմական տարածք», եւ որ մեր նկատմամբ տարվում է ֆաշիզմի հասնող ատելության ու թշնամանքի քաղաքականություն եւ այլն: Այս ամենը միջազգային ասպարեզում ազատել է Ադրբեջանի ձեռքերը եւ հնարավորություն տվել աշխարհը կեղծիքներով լցնելու հաշվին զբաղեցնելու իր շահերի համար նպաստավոր դիրքեր, իսկ մեզ դրել աշխարհաքաղաքական շահերի հորձանուտի մեջ: Դատապարտելի կերպով առաջ քաշվեց եւ սկսվեց աշխարհին գովազդվել, այսպես կոչված, «խաղաղության» օրակարգը այն դեպքում, երբ Ադրբեջանը մեզ հետ խաղաղության մասին շարունակում է խոսել միայն ավերելու ու ոչնչացնելու սպառնալիքներով եւ շարունակում իր հանցավոր արարքները: Զուգահեռ Հայաստանում սկսվեցին մարդկանց զգոնությունը թմրեցնող հայտարարություններ՝ առանց մեկ գրամ անգամ տեսնելու այդ օրակարգի արդյունքները:
Արդյունքում՝ «խաղաղությունը» մնաց միայն մեզ վրա եւ ստացվեց այնպես, որ դա պետք է իրականացվի մեր իրավունքների ու արժանապատվության, հայրենիքի հաշվին՝ ինչ է թե Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք իրենց քաղաքական շահերն ու պաշտոնների պահպանումը երկրի անվտանգությունից ավելի են գերադասում:
Ուստի ՀՀ կառավարության ղեկավարի ու, առհասարակ, որեւէ այլ պաշտոնյայի կամ պետական մարմնի նման որեւէ հայտարարություն չունի լեգիտիմություն եւ չի կարող դրվել մեր ժողովրդի շահերի պաշտպանության հիմքում:
ԿՆՈՋ ԴԻ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզում՝ Կումայրիում, հայտնաբերվել է մի կնոջ դի: Ըստ նախնական վարկածի՝ վերջինս ինքնասպան է եղել: Մեր տեղեկությունների համաձայն՝ կինը Հայաստան է եկել Ֆիլիպիններից եւ արդեն շուրջ մեկ տարի է, ինչ ապրում է Հայաստանում:
ՔԱՆԻ ՀՈԳԻ
Armlur.am-ը ներկայացնում է տվյալներ, թե 2021 թվականին քանի անձ է ազատազրկման դատապարտվել, ինչպես նաեւ նրանց տարիքային խումբը, եւ, ի վերջո, քանիսն են նրանցից պաշտոնատար անձինք: Եվ այսպես, 2021 թվականին ազատարզկման է դատապարտվել 2171 մարդ, որոմցից 30-ը պաշտոնատար անձինք են, 216-ը՝ զինվորական ծառայողներ, չաշխատող եւ չսովորող աշխատունակներ՝ 1 443-ը: 442 անձանց վերաբերյալ գործերը կարճվել են, 67 անձ արդարացվել է, 30 անմեղսունակների նկատմամբ կիրառվել են բժշկական բնույթի հարկադրական միջոցներ: Դատապարտվածների ընդհանուր թվաքանակից 637-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել (18-ը՝ անչափահաս), 58-ի նկատմամբ կիրառվել է համաներման ակտ: Նկատենք, որ 2171 դատապարտված անձանցից 1012-ը 30-ից 49 տարեկան անձինք են:
ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Պետական եկամուտների կոմիտեն ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբի հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում 2022թ. 1-ին եռամսյակի ընթացքում բացահայտել է գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման մի շարք դեպքեր: Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում 54 տնտեսվարող սուբյեկտի մոտ արձանագրվել են գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման դեպքեր: Դեպքերի վերաբերյալ կազմված արձանագրությունների հիման վրա ՊԵԿ իրավաբանական վարչությունում հարուցված վարչական վարույթների շրջանակում կայացվել է 54 որոշում՝ ընդհանուր շուրջ 20.1 մլն դրամ հարկային պարտավորություններ առաջադրելու վերաբերյալ, այդ թվում՝ թվով 6 վարչական ակտերով նշանակվել է «նախազգուշացում» հարկային պատասխանատվության տեսակը: ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2022թ. 1-ին եռամսյակի ընթացքում ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 9 տնտեսվարող սուբյեկտներ ՊԵԿ նախագահի համապատասխան որոշումներով 12 այլ հարկ վճարողների հետ ճանաչվել են ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված: Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկային եւ մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ եւ օպերատիվ իրականացման ապահովումը կառավարվում է Ռիսկերի խորհրդի կողմից: