ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԿՓՈԽՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը հավանություն է տվել ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունումը պայմանավորված է Վճռաբեկ դատարանի եւ Սահմանադրական դատարանի դատավորներին տրվող վարձատրության համակարգի վերանայման անհրաժեշտությամբ: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է Սահմանադրական դատարանի դատավորի, փոխնախագահի եւ նախագահի հավելավճարը սահմանել 80 տոկոսի չափով, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորների (այդ թվում՝ նախագահի եւ պալատի նախագահի) համար սահմանել պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում՝ որպես Սահմանադրության 164 հոդվածի 10-րդ մասով նախատեսված նրանց բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխան վարձատրություն։ Բացի այդ, եթե դատավորի համար օրենքով սահմանված հավելավճարի չափը գերազանցում է պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը, ապա նրա կենսաթոշակի հաշվարկի մեջ ընդգրկվում է հավելավճարի գումարի 30 տոկոսը:

 

Ինչպես նշել է հարցը զեկուցող արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը, փոփոխությունները բխում են ՀՀ դատական եւ իրավական ռազմավարությունից, որով նախատեսվել են դատավորի աշխատավարձի եւ դրա նկատմամբ սահմանված հավելավճարների օրենդրական փոփոխություններ:

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հաճախ նման նախագծերը քննադատության առարկա են դառնում: «Գիտեմ, որ շատ մարդիկ ասելու են՝ այս սոցիալական ծանր իրավիճակում դատավորների եւ Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձն են բարձրացնում: Ես ինչպես նախկինում ասել եմ, մենք այս որոշումները կայացնում ենք առաջին հերթին ոչ թե հանուն դատավորների, այլ հանուն այն քաղաքացիների, որոնք առնչվում են այդ դատարանների հետ: Արդարությունը եւ պատշաճ արդարադատությունն ամենակարեւոր հնարավորությունն է, որ մենք երկրում պետք է ունենանք: Սա ունի եւ՛ սոցիալական, եւ՛ քաղաքական, եւ՛ իրավական նշանակություն: Մենք հետեւողականորեն պետք է գնանք այս ճանապարհով, որովհետեւ ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում լինի այնպիսի դատական համակարգ, որը, պայմանականորեն ասած, նայում է մարդկանց աչքերին եւ ոչ թե մարդկանց ձեռքերին: Սա շատ կարեւոր արձանագրում է: Սրանից շղթայական շատ մեծ գործընթացներ են տեղի ունենում, որոնք ազդում են մարդկանց սոցիալական, բարոյական վիճակի, ընդհանուր ինքնազգացողության վրա», -ասել է վարչապետը:

Այդ համատեքստում կառավարության ղեկավարն ընգծել է այդ ճանապարհով հետեւողականորեն առաջ գնալու կարեւորությունը. «Մենք այս որոշումները կայացնում ենք նաեւ այն պատճառով, որ երբ ասում ենք, հայտարարում ենք, որ ուզում ենք՝ երկրում լինի իսկապես անկախ դատական համակարգ, դա ձեւ չէ, քաղաքական կարգախոս չէ. դա համոզմունք է, ցանկություն է, նպատակ է, որին մենք հետեւողականորեն պետք է հասնենք: Եվ մենք, իհարկե, գիտենք, որ կան բազմաթիվ դատավորներ, որոնք առաջնորդվում են իրենց խղճով եւ օրենքներով, ուստի մենք նաեւ այս մարդկանց պետք է աջակցենք եւ քաջալերենք որպես հանրություն, որպես կառավարություն, որպես երկիր: Այստեղ միայն ֆինանսական հարց չէ, սա նաեւ որոշակի հանրային քաղաքական աջակցության ձեւ է բոլոր այն դատավորներին, որոնք ծառայում են իրենց խղճին, իրենց համոզմունքին, Սահմանադրությանը, օրենքին եւ այսպիսով՝ ժողովրդին: Շատ կարեւոր է, որ ունենանք վճռականություն այս միջոցներն իրականացնելու, ինչքան էլ հասկանում ենք, որ դրանք ոչ, ինչպես ասում են, պոպուլյար որոշումներ են, բայց դրանք շատ կարեւոր որոշումներ են»:

Գործադիրը հավանություն է տվել նաեւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծի նպատակը առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող շահութահարկ վճարողների մոտ խոտան ապրանքի տեսքով ձեւավորված որակական կորուստները համախառն եկամտից նվազեցնելու հնարավորությունների ընձեռումն է: Ըստ հիմնավորման՝ օրենսգրքով գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված որակական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա համախառն եկամտի մեկ տոկոսը չգերազանցող չափով տվյալ հարկային տարվա ընթացքում: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ որակական կորուստ է համարվում նաեւ առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության նպատակով ձեռք բերված խոտան ապրանքը, եթե, օրենսգրքի 122-րդ հոդվածի 6-7-րդ մասերին համապատասխան, որպես այլ կորուստ չի նվազեցվում համախառն եկամտից:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելու, հիշյալ կարգավիճակն ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, խմբավորմանը մասնակցելու, ներգրավելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի 42-ամյա դատապարտյալը, հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ եւ միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ, համարվելով «քրեական հեղինակություն», գտնվելով արգելանքի տակ, ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում:

Մասնավորապես՝ պարզվել է, որ վերջինս իր հետ նույն քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց նկատմամբ իրականացրել է վերահսկողություն. նրանց շարքերում, այսպես կոչված, «կարգուկանոն» հաստատելու եւ պահելու նպատակով տարբեր անձանց եւ մասնավոր հարցերին առնչվող վեճերն իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով լուծելու համար տվել է կոնկրետ հրահանգներ եւ հանձնարարականներ, կազմակերպել եւ վերահսկել է խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը, տնօրինել է տարբեր կալանավորների ու դատապարտյալների անվամբ ընդունված հանձնուքները, կազմակերպել արգելված տեխնիկական միջոցների՝ քրեակատարողական հիմնարկ ապօրինի ներկրումը, դրանց բաշխումը եւ շահագործումը, խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը կազմող գումարների հավաքագրումը, ինչպես նաեւ խմբավորման կողմից սահմանված վարքագծի կանոնները խախտած անձանց վերաբերյալ քրեակատարողական հիմնարկում համապատասխան վերաբերմունքի արժանացնելու նպատակով տեղեկություններ պարզելու, դատապարտյալներին եւ կալանավորներին քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ չհամագործակցելու, տեղեկություն չփոխանցելու վերաբերյալ տվել է հանձնարարություններ՝ հակառակ դեպքում սպառնալով «պատժել», ինչպես նաեւ հրահանգել է կազմակերպել կալանավորներին եւ դատապարտյալներին քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված վարքագծի կանոնների բացատրելու գործընթացը:

Քրեակատարողական հիմնարկում պահվող անձինք, իրենց հերթին ներգրավված լինելով եւ մասնակցելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ստացել եւ կատարել են իրենց տրված հրահանգներն ու հանձնարարությունները, եղել խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացնողը: 42-ամյա դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 5-րդ կետերով: Նախաքննությունը շարունակվում է:

 

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է  Նորատուս համայնքում երկու եղբայրների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021 թվականի հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ին, 40-ամյա տղամարդն իրեն պատկանող ավտոմեքենայով հիշյալ երկու եղբայրների հետ որս կատարելու նպատակով գնացել է Կայի Դիք կոչվող տարածք: Ժամեր անց՝ վերջիններիս միջեւ ծագած վիճաբանության ընթացքում, եղբայրները ծեծի են ենթարկել 40-ամյա տղամարդուն:

Վերջինս էլ, ավտոմեքենայից վերցնելով նախապես իր հետ տարած որսորդական ողորկափող հրացանը, եղբայրներին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ երկու անգամ կրակել է նրանց ուղղությամբ՝ եղբայրներից մեկին պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, իսկ մյուսին՝ թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով, որից հետո դիմել է փախուստի, սակայն 40-ամյա տղամարդն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ եղբայրները տեղափոխվել են բժշկական կենտրոն եւ ստացել անհրաժեշտ բուժօգնություն: 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

 

 

ԱՉՔԸ ՎԻՐԱՀԱՏԵԼ ԵՆ

Նախօրեին ընդդիմության անհնազանդության ակցիայի ժամանակ մի քաղաքացի աչքի վնասվածք էր ստացել: Նրա մոտ աչքի եղջերաթաղանթի էրոզիա էր ախտորոշվել։ ArmLur.am-ը կապ է հաստատել Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, որտեղից հայտնեցին, որ նա վիրահատվել է, այս պահին վտանգ չկա, ամեն ինչ կարգին է: Նշենք, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ քաղաքացիներից մեկն ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների հետեւանքով աչքի վնասվածք է ստացել։

 

 




Լրահոս