«Լեքսուս» մակնիշի մեքենաներից կողային հայելիների գողության վերաբերյալ ահազանգերը սկսվեցին մայիսի 30-ի առավոտից: Մինչև ժամը 12.45-ը ստացվեց չորս ահազանգ, որոնք փոխանցվեցին ոստիկանության Կենտրոնական բաժին: Քաղաքացիները հայտնում էին, որ գիշերվա ընթացքում հանել-տարել էին իրենց մեքենաների կողային հայելիները:
Կենտրոնականի ոստիկաններն արձագանքեցին բոլոր ահազանգերին, բոլոր դեպքերով ընդունեցին հաղորդումներ, և բացահայտման ուղղությամբ կշարունակեին ձեռնարկել տարաբնույթ գործողություններ, եթե մինչ այդ տեղեկություններ չստանային գործընկերներից:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որն իրացրին՝ համագործակցելով այլ ծառայությունների աշխատակիցների հետ: Առավոտյան ժամը վեցին մոտ Գրիգոր Լուսավորչի փողոցում նրանք կանգնեցրին «Մազդա» մակնիշի մի մեքենա և, մեքենայով հանդերձ, Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին Արարատի մարզի երեք բնակչի՝ 42, 34 և 35 տարեկան:
35-ամյա տղամարդը, որը մեքենան վարողն էր, «Մազդայի» սրահից ներկայացրեց «Լեքսուսի» չորս զույգ կողային հայելի: Հայտնաբերվեցին նաև գործիքներ, որոնք, ըստ նախնական վարկածի, օգտագործվել էին հայելիները պոկել-հանելիս:
Տղամարդիկ ներկայացվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:
Բոլոր հանգամանքները պարզելու և դեպքերին բերման ենթարկվածներից յուրաքանչյուրի դերակատարումը ճշտելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են: