Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում հունիսի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ նախագահության ընդլայնված նիստ, որի ժամանակ ամերիկահայ ականավոր գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանին հանձնվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամի դիպլոմ:
ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը ակադեմիայի անունից շնորհավորեց գիտնականին մեծ նվաճման կապակցությամբ եւ ընդգծեց, որ սա նաեւ մեր հայ ազգի նվաճումներից մեկն է: «Մենք պայմանավորվել ենք պարոն Փաթափությանի հետ. իր հաջորդ այցը Հայաստան կլինի ակադեմիայի հրավերով: Կլինեն հանդիպումներ, զեկույցներ»,- ասաց նա:
Արտեմ Փաթափությանն էլ հավելեց, որ այն ընդունելությունը, որին արժանացել է Հայաստանում, խոսում է այն մասին, որ Հայաստանում գնահատվում են գիտությունը, գիտական նվաճումները: «Ես սկսել եմ իմ աշխատանքը մի լաբորատորիայում, բայց երբեք չէի պատկերացնի, որ գիտությունը կարող է մասնագիտություն լինել: Բայց հետո սիրահարվեցի այդ աշխատանքին: Զարմանալի է, որ հենց Նոբելյան մրցանակը դարձավ շարժառիթ, որ ես հպարտանամ իմ ինքնակենսագրականով եւ հաստատություններով, որտեղ ուսանել եմ: Գիտությամբ զբաղվել եմ հաճույքով եւ նվիրումով»,- ասաց նա:
Նշենք, որ Արտեմ Փաթափությանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովի հունիսի 9-ի որոշմամբ: