ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ ՄԱՐԶՊԵՏԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը ներկայացնում է Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչի մրցույթ-քննության մասնակից Աննա Թորոսյանի հետ հոկտեմբերի 6-ին կայացած զրույցի ձայնագրության սղագրությունը, որտեղ Աննան ասում է, թե ինչպես է Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը կաշառք վերցրել իր վարորդի միջոցով:
Նշենք, որ զրույցի մի մասին ներկա են եղել նաեւ Թթուջուրի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Լիդա Դանիելյանը եւ ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Սարիբեկյանը:
«Ժողովուրդ». Որպես պատմության ուսուցչի թեկնածու, որը պիտի մասնակցի այդ քննությանը, ի՞նչ հույսեր ունեք:
Աննա Թորոսյան. Ոչ մի հույս, արդեն որոշված ա:
Լիդա Դանիելյան. Բայց ինչի՞ ես տենց ասում:
Աննա Թորոսյան. Ինձ կնշանակեին, եթե որոշված չէր, ժամանակավոր…
Լիդա Դանիելյան. Ժամանակավոր պտի մեկին նշանակեին:
«Ժողովուրդ». Դուք որտեղի՞ց եք եզրակացրել, որ արդեն որոշված է:
Աննա Թորոսյան. Այո՛, կոնկրետ իրանք արդեն գումարը տվել են:
«Ժողովուրդ». Հակառակ կո՞ղմը, տղայի կո՞ղմը:
Աննա Թորոսյան. Ըհը:
Լիդա Դանիելյան. Ի՞նչ գիտես, Աննա՛ ջան:
Աննա Թորոսյան. Մարզպետի վարորդը մեր գյուղացին ա, իրա վարորդի միջոցով են արել, իրա վարորդը լրիվ ասել ա:
Լիդա Դանիելյան. Գումարը տվել են մարզպետի՞ն:
Աննա Թորոսյան. Այո՛:
«Ժողովուրդ». Մարզպետի՞ն:
Աննա Թորոսյան. Վարորդի միջոցով, այո՛:
«Ժողովուրդ». Ի՞նչ չափի գումար:
Աննա Թորոսյան. 3000 դոլար:
Լիդա Դանիելյան. Հնարավոր չէ նման բան, հնարավոր չի տենց բան:
Աննա Թորոսյան. Ամուսինս ա խոսել մարզպետի վարորդի հետ, ո՞նց հնարավոր չէ, ինքն իմ գյուղացի ա: Նշել ա, թե իմանար, որ ես եմ մրցակիցը, ինքն էդ գործը չէր անի:
Լիդա Դանիելյան. Այսինքն` ձեզանի՞ց փող կվերցնեին:
Աննա Թորոսյան. Ո՛չ, ոչ մի կոպեկ:
«Ժողովուրդ». Դուք ոչ մի հույս չունե՞ք, որ վաղը կընտրվեք:
Աննա Թորոսյան. Ո՛չ, ոչ մի հույս:
«Ժողովուրդ». Ամեն դեպքում, Դուք պնդո՞ւմ եք, որ մարզպետին վարորդի միջոցով 3000 դոլար է տրվել:
Լիդա Դանիելյան. Աննա՛ ջան, անպատասխանատու բաներ ես ասում:
Աննա Թորոսյան. Անպատասխանատու չէ:
Լիդա Դանիելյան. Դե կարող ա վարորդը տենց ա ասում, ոնց ա լինում, որ 3000 դոլար… ո՞նց կարա նա ուսուցչի ընտրության համար 3000 դոլար… հնարավոր չէ… ես չեմ կարծում, որ կարող ա նման բան լինի:
«Ժողովուրդ». Բայց այդ հայտարարությունն Աննան է անում:
Լիդա Դանիելյան. Ես բան չունեմ ասելու, ուղղակի ես չեմ կարծում, որ նման բան լինի, դրա համար եմ ասում…
«Ժողովուրդ». Վաղը երեւի ամեն ինչ պարզ կլինի:
Աննա Թորոսյան. Ես հույս չունեմ, ոչ մի տոկոս:
Լիդա Դանիելյան. Դե եթե հույս չունես, ինչի՞ ես գալիս:
«Ժողովուրդ». Ձեւակա՞ն:
Աննա Թորոսյան. Ըհը:
Աննա Թորոսյանը «Ժողովուրդ»-ի հետ նաեւ առանձին զրուցեց:
Աննա Թորոսյան. Օրենքով տենց բան չկա:
«Ժողովուրդ». Ի՞նչը, որ քննության բանավոր թեստերը չտա՞ն:
Աննա Թորոսյան. Ըհը:
«Ժողովուրդ». Բայց նախկին տնօրենը մեզ ասաց, որ բանավորն էլ է տվել, գրավորն էլ:
Աննա Թորոսյան. Բանավորը չէ, գրավորը մենակ տվել ա (լացակումած է խոսում), 50 հարց:
«Ժողովուրդ». Իսկ հակառակորդին տվե՞լ է, տղային:
Աննա Թորոսյան. Էն տղուն արդեն տվել ա, ծնողներն իրանից բողոքում են, բայց նամակ չեն գրել, ուղղակի իրանք ուզում են նախարարություն դիմեն, որովհետեւ ամբողջ դասին հեռախոսով խաղում ա ինքը:
«Ժողովուրդ». Մրցակից տղա՞ն:
Աննա Թորոսյան. Ըհը, աշակերտուհին իրան ասում ա` դու ինչ լակոտ ես, որ ինձ 2 դնես, իրանց թաղից, ինքն ամբողջ դասին դաս չի պատմում, ես կոնկրետ էրեխեքի ասելով եմ ասում, ես չեմ կարա մեղադրեմ, բայց տենց են ասում… Մարզպետի վարորդը հենց իմ գյուղացին ա, ես Վահանից եմ ըստեղ հարս եկել: Ես չեմ էլ վախում, 3000 դոլար իրանք տվել են:
«Ժողովուրդ». Բայց մենք նախկին տնօրենին հարց տվեցինք, որ կաշառք են տվել ու քննությունն արդեն որոշված է, նա հերքեց:
Աննա Թորոսյան. Սուտ ա ասում, ինքն էլ ինձ ասաց, որ իմ համար շատ ցավալի ա, որ դու նորից հիասթափություն կապրես:
«Ժողովուրդ». Լիդա Դանիելյա՞նը:
Աննա Թորոսյան. Ըհը, իմ համար շատ ցավալի է, որ դու հիասթափություն ապրես, որովհետեւ ինքն էլ էր ուզում, որ ես լինեմ:
«Ժողովուրդ». Տնօրենն ասաց, որ հանձնաժողով է լինելու, ուրիշ մարդիկ են ներկա գտնվելու:
Աննա Թորոսյան. Դե ներկա են լինելու, բոլորն էլ իրան կընտրեն (լացակումած է խոսում):
Աննա Թորոսյանի այս հայտարարությունից հետո, ինչպես հայտնի է, Գեղարքունիքի ԲՀԿ-ական մարզպետ Նվեր Պողոսյանը դատի է տվել «Ժողովուրդ» օրաթերթին եւ պահանջում է վճարել 2 միլիոն 200 հազար դրամ:
Հոկտեմբերի 11-ին մարզպետին կաշառակերության մեջ մեղադրող Աննա Թորոսյանը խմբագրություն է ուղարկել «լացակումած» մի նամակ, որտեղ այս անգամ գրել է. «Ներողություն եմ հայցում Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանից` իր անունն անհիմն շահարկելու համար»:
Այս անգամ զերծ մնալով ավելորդ մեկնաբանություններից` միայն փաստենք, որ այս նամակն Աննան «Ժողովուրդ»-ին ուղարկեց ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնում բացատրություն տալուց հետո: Նա արդեն մի քանի օր է` զանգահարում է «Ժողովուրդ»-ի թղթակցին` խնդրելով տպագրել իր նամակը` հակառակ դեպքում սպառնալով, որ ինքնասպան կլինի կամ կկորցնի ընտանիքը, քանի որ իր ամուսինը ստիպում է ներողություն խնդրել: Կարծում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունն այստեղ անելիք ունի, քանի որ, ըստ էության, մարդուն ստիպում են իր խոսքերից հրաժարվել, նրա վրա ճնշում են գործադրում, որն օրենքով պատժելի արարք է:

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»




Լրահոս