ԳՈՐԾԸ 6-ՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 7-ին «Ժողովուրդ» օրաթերթում լույս տեսած «Մարզպետը կաշառք է վերցրել» վերնագրով հոդվածում մատնանշված հանգամանքների քննությունը Ճամբարակի ոստիկանությունը հանձնել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչությանը:  
ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանից «Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացավ. «Մամուլի մոնիթորինգի արդյունքում գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչությունը «Ժողովուրդ» օրաթերթի 07.10.11թ. համարում տպագրված նշված հոդվածի լուսապատճենն ուղարկել է ՀՀ ոստիկանության կազմակերպված   հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ մատնանշված հանգամանքները ստուգելու եւ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար: Ավելի ուշ Գեղարքունիքի մարզի դատախազը զեկուցել է, որ նույն հոդվածի հիման վրա նյութեր են նախապատրաստվում նաեւ Գեղարքունիքի մարզի ոստիկանության բաժնում: Նկատի ունենալով, որ նույն հաղորդման վերաբերյալ ոստիկանության երկու տարբեր բաժիններում նյութեր են նախապատրաստվում, ինչն անթույլատրելի է, ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչությունը հանձնարարել է  ոստիկանության Գեղարքունիքի բաժնի նյութերն ուղարկել ոստիկանության 6-րդ վարչություն, այնտեղ համատեղ ընթացք տալու համար»:
Նշենք, որ թեեւ գործին իրավապահներն արագ ընթացք են տվել, բայց մինչ օրս մարզպետը չի հրավիրվել բացատրություն տալու:




Լրահոս