2022 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով «ԳեոՊրոՄայնինգ» միջազգային ընկերությունների խմբի մաս կազմող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հարկային մուտքերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կազմել է 104,7 մլրդ դրամ։ ԶՊՄԿ-ն գլխավորում է հանրապետության խոշորագույն հարկատուների ցանկը։
2021 թվականի նույն ժամանակահատվածում ընկերության հարկային մուտքերը կազմել են 26,8 մլրդ դրամ։ Այսպիսով, պետբյուջե կատարվող հարկային վճարումները տարեկան կտրվածքով աճել են 3,9 անգամ։ Ընթացիկ տարում կառավարող ընկերությունը մտադիր է ավելի քան 65 մլն ԱՄՆ դոլար ներդնել ԶՊՄԿ արտադրության արդիականացման համար։ Նախատեսվում է պղնձամոլիբդենային հանքաքարի վերամշակումը 2021 թվականի 17,6 միլիոն տոննայից 2022 թվականին հասցնել 22 միլիոն տոննայի, ինչը 25 տոկոսով կգերազանցի նախորդ տարվա փաստացի ցուցանիշները։
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբում ընդգրկված մեկ այլ ակտիվ՝ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, 7,7 մլրդ դրամ վճարած հարկերով Հայաստանի խոշորագույն հարկատուների տասնյակում է։ 2021 թվականի առաջին կիսամյակում կոմբինատի հարկային վճարումները կազմել են 1,85 մլրդ դրամ։
Այսինքն՝ 2022 թվականին վճարումները ավելացել են ավելի քան 4 անգամ։ ԱՊՄԿ-ի 2022 թվականի համար նախատեսված ընդհանուր կապիտալ ծախսերը կազմում են 6,1 մլն դոլար։ Ներդրումներն ուղղված են ֆլոտացիոն մեքենաների պարկի թարմացմանը, ինչպես նաև այլ հիմնական միջոցների թարմացմանը, ինչը կհանգեցնի մետաղի կորզման աճին։
Հիշեցնենք, որ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ներդրողներից մեկը, երկրում գործում է արդեն 15 տարի։ 2021 թվականի սեպտեմբերին խումբը ձեռք բերեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի վերահսկիչ բաժնետոմսեր փաթեթը։
Խմբի հայկական ակտիվների թվում են նաև Սոթի ոսկու հանքավայրը, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։ 15 տարվա աշխատանքի ընթացքում խումբը շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար է ներդրել իր հայկական ձեռնարկությունների արդիականացման համար։ Խմբի սոցիալական ներդրումների ծավալը այն մարզերի զարգացման համար, որտեղ գործում է, գերազանցում է 15 մլն ԱՄՆ դոլարը։