Վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը (այժմ չի տպագրվում) 2006 թվականի նոյեմբերի 18-ի համարում «Ավանդույթի համաձայն. Հրազդանի ՋԷԿ-ն էլ տվեցին» վերտառությամբ հրապարակման մեջ գրում էր ՋԷԿ-ի վաճառքի գումարով գազի սակագինը սուբսիդավորելու մասին։ Կրկին նույն համարում ու կրկին պետական գույքի առուվաճառքի թեմային վերաբերող մեկ այլ՝ «Կրիմինալ գործարք. կթու կովը՝ կաթի գնով» վերնագրով հրապարակումը թերթը եզրափակում է հետեւյալ նախադասությամբ. «Սա ո՛չ տնտեսական եւ ո՛չ էլ քաղաքական գործարք է: Սա կրիմինալ գործարք է, որի մեղավորներին ապագայում դատելն իրավական տեսանկյունից ոչ մի դժվարություն չի ներկայացնելու: Դատվելու են»:
Դատվողներ, իհարկե, անգամ 2018-ի իշխանափոխության ու հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո չեղան: Ավելին՝ Փաշինյանի կառավարությունը նույնպես, ըստ երեւույթին, չդիմանալով պետգույքը յուղոտ գներով մասնավորին վաճառելու գայթակղությանը, շարունակեց «նախկինների» բռնած գործը։ Օրինակ՝ այս տարվա կառավարության հունիսի 9-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ահռելի քանակությամբ պետական գույք կա, որը ոչ մի եկամուտ ու արդյունք չի բերում երկրին։ Նույն օրը կառավարությունը որոշման նախագիծ հաստատեց, որով վաճառքի հանվեց «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքը՝ հարակից տարածքով:
Օրինակներն, իհարկե, միայն «ֆեյքերի» ՊՈԱԿ-ի շենքի մասով չեն ավարտվում: Ու փաստ է, որ ընդդիմադիր Փաշինյանի՝ պետական գույքը մասնավոր ընկերություններին «մի քանի գրոշով» վաճառելու «արատավոր պրակտիկան» արմատախիլ անելու մասին հայտարարությունները լոկ հաճելի ստեր են եղել:
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած աղետի ֆոնին իշխանական շատ գործիչներ, կարծես թե, անձնական փիար են կառուցում. մեկը մաքրամաքուր կոշիկներով լուսանկար է հրապարակում, թե անդադար աշխատում են, մյուսը, ձեռքերը երկարացրած, ցուցումներ է տալիս ու ծխահարվում եւ այլն: Բայց ամեատպավորիչը Երեւանի ինքնահռչակ քաղաքապետի, ավելի ճիշտ՝ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հայտնությունն էր դեպքի վայրում: Երեկ նա առիթը բաց չթողեց գովազդ անելու եւ հայտարարեց, թե «Սուրմալու»-ի տարածքում է որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու։ Այս իրողությունն ու հայտարարությունն արդեն խնդրահարույց են: Ինչու՞. բացատրենք: Նախ՝ դեռ պաշտոնապես ոչ ոք չի հայտնել Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների մասին, իսկ հերթական ընտրություններն էլ հաջորդ տարի են լինելու: Թեկնածու լինելու համար դեռ շատ ժամանակ կա: Մյուս հանգամանքը՝ Ավինյանն իրեն չի կարող հռչակել ամբողջ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու, քանի որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՔՊ կուսակցության վարչության անդամներից նրան ընտրել է միայն կեսը եւ գումարած մեկ ձայն: Բայց տարօրինակն այդ իրավիճակում այն էր, որ Ավինյանին ինչ-որ բաներ էին զեկուցում ԱԻՆ պաշտոնյաները, իսկ դեպքի վայրում նրա հետ միասին գնացել էին Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը եւ երկու վարչական շրջանների աշխատակազմերի մի քանի ներկայացուցիչներ։ Ինչու էին նրանք Ավինյանի հետ այցելել «Սուրմալու»՝ առնվազն տարակուսելի է։ Իսկ ամենահետաքրքիրն այն էր, որ Ավինյանի հետ այնտեղ էր նաեւ Վարագ Սիսեռյանը, որը երկար ժամանակ աշխատել է վերջինիս հետ, սակայն 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 16-ին, հայտարարեց ՔՊ-ից դուրս գալու մասին, ապա նաեւ քննադատում էր իշխանությունների վարած քաղաքականությունը։ Այնուհետեւ տեղափոխվեց մասնավոր ոլորտ, որը, սակայն, շարունակում էր ստանալ պետության աջակցությունը, իսկ հիմա կրկին Ավինյանի կողքին է՝ փորձելով անձնական վարկանիշը բարձրացնել աղետի ֆոնին:
Արդեն երկու օր է անցել, սակայն ՀՀ քաղաքացիները չեն հետեւում Քննչական կոմիտեի հորդորին։ Մասնավորապես, երեկ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել՝ հորդորելով բոլոր քաղաքացիներին, որոնք «Սուրմալու» առեւտրի կենտրոնից ձեռք են բերել, սակայն դեռեւս չեն օգտագործել հրավառության համար նախատեսված նյութեր եւ պարագաներ, չօգտագործել եւ իրերը ներկայացնել ՀՀ ոստիկանության՝ իրենց բնակության վայրի բաժիններ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչեւ այժմ ոչ ոք չի ներկայացրել որեւէ պայթուցիկ: Սա կարող է երկու պատճառ ունենալ. կա՛մ չեն գնել, կա՛մ պետական քննչական կառույցին չեն վստահում։ Երկու դեպքում էլ իրավիճակը հետաքրքիր է, մինչդեռ քննչականից վստահեցնում են ոչ պաշտոնական խողովակով, որ այս հորդորը նպատակ է հետապնդում հասկանալ` գնված հրավառ նյութը իսկական է արդյոք, կեղծված կամ ինչ վտանգավոր այլ նյութեր է պարունակում է, որը կարող էր ուժգին պայթյունի առարկա դառնալ:
Պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնված հիմնադրամների ղեկավարներն այսուհետ եւս պետք է ներկայացնեն գույքի եւ ունեցվածքի մասին հայտարարագիր։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նման փոփոխությամբ է հանդես եկել ՀՀ արդարադատության նախարարությունը, եւ այդ նախագիծը երեկ ընդունվել է կառավարության նիստում՝ չզեկուցվող նախագծերի թվում։ Ունեցվածքի եւ շահերի հայտարարագիր պետք է ներկայացնեն նաեւ նրանց ընտանիքի անդամները։ Հիմնավորման մեջ նշվում է, թե նրանք հաճախ մասնակցում են տարբեր մրցույթների, եւ կարող է լինել շահերի բախում։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ ընդլայնել փոխկապակցված անձանց շրջանակը։ Առաջարկվող կարգավորման շրջանակում այն ներառում է ոչ միայն ազգակցական կապերով կապված մարդկանց, այլեւ ոչ ազգակցական սերտ անձնական հարաբերությունների մեջ գտնվող անձանց, առեւտրային իրավաբանական անձանց եւ այլն։ Նշվում է, թե նախագծերը համապատասխանեցվել են միջազգային կարգավորումների հետ։ Այս նախագիծը դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովի նոր նստաշրջանում։