Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի 38-ամյա մի բնակիչ զբաղվում է ապօրինի թմրավաճառությամբ։ Ձեռնարկվեցին մի շարք ծավալուն միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և հանցափաստի մեջ մերկացնելու ուղղությամբ։
Քրեական ոստիկանության ծառայողների միջոցառումներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները։
Օգոստոսի 16-ի կեսօրին մայրաքաղաքի Շահամիրյանների փողոցում ձերբակալվեց և, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերվեց երեք տղամարդ՝ երեքն էլ 39 տարեկան: Նրանցից երկուսի մոտ հայտնաբերվեցին ներարկիչներ` սուբուտեքսի հեղուկի նմանվող զանգվածով: Ըստ նրանց` հայտնաբերվածը թմրամիջոց էր: «Օպելը» տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում էլ ոստիկանները շարունակեցին գործողությունները: Մոտ երկու ժամ անց Բագրատունյաց պողոտայում նրանք ձերբակալեցին և նախաքննական մարմին ներկայացրին 59-ամյա ևս մեկ տղամարդու, որի աձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ` մեկի մեջ սուբուտեքս, մյուսի մեջ` մեթամֆետամին:
Միջոցառումները շարունակվեցին և մեկ ժամից Արցախի փողոցում ձերբակալվեցին և իրենց վարած «Օպելով» հանդերձ քննչական բաժին ներկայացվեցին 40-ամյա և 54-ամյա 2 տղամարդ: 40-ամյա տղամարդու մոտ կար երկու ներարկիչ՝ մեկը թափանցիկ հեղուկով: Հայտնաբերվեց նաև գաղտնի փականով դանակ: Ըստ տղամարդու`հայտնաբերվածը սուբուտեքս էր` իր օգտագործման համար: Բացի այդ, նա հայտնեց, որ մեքենայում նույնպես կա սուբուտեքս տեսակի թմրամիջոց։ Մեքենան օգոստոսի 20-ին, դատարանի որոշմամբ, խուզարկվեց և հայտնաբերվեց թմրամիջոցը։
Տղամարդկանց ձերբակալելուց հետո ոստիկանները Չեխովի փողոցում ձերբակալեցին և, իր վարած «Նիսանով» հանդերձ, քննչական բաժին ներկայացրեցին ևս մեկ գնորդի, որի մոտ հայտնաբերվեցին սրվակներ, ներարկիչներ ու սուբուտեքսի կես դեղահաբ: Ժամը 16.10-ին Բագրատունյաց պողոտայի 3-րդ նրբանցքում ձերբակալվեց և, իր վարած «Օպելով» հանդերձ, քննչական բաժին ներկայացվեց 38-ամյա մի տղամարդ: Ըստ նախնական տվյալների` հենց նա էր թմրամիջոցներ իրացնողը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց սուբուտեքսի կես դեղահաբ: Նա ձերբակալվեց, ապա կալանավորվեց և տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: